Ընդհանուր տվյալներ
Հետազոտությունը միտված է ուսումնասիրելու հին և միջնադարյան Հայաստանում (ինչպես նաև համեմատական համատեքստում հարակից երկրների՝ Վրաստան, Աղվանք, Իրան) պետականության պատմությունը, մասնավորապես՝ «կոմպոզիտային պետության» հայեցակարգի կիրառմամբ, ինչն առաջին անգամ է իրականացվում ՀՀ միջավայրում ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային պատմագրության մեջ։ Այդ հայեցակարգը, որ մինչ այժմ կիրառվել է բացառապես եվրոպական երկրների պատմության նկատմամբ, հնարավորություն է տալիս վեր հանելու հայկական պետականության բազմաշերտ արտահայտումներն ու կառուցվածքը, ինստիտուցիոնալ բազմազանությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում լեզվի, գրի, դավանանքի և տոհմային ավանդույթների՝ որպես ինքնության և պետականաշինության մարկերների դերին, ինչպես նաև երկլեզվության և բազմալեզվության խնդրին։ Աղբյուրագիտական հիմք են ծառայում բազմալեզու՝ արաբերեն, վրացերեն, օսմաներեն, եվրոպական և այլ լեզուներով պատմական սկզբնաղբյուրները, միջնադարյան և վաղ, նոր շրջանի օտարալեզու բառարաններն ու ժողովածուները։ Հատկանվանաբանական քննությամբ, «կոնցեպտների պատմության» ուսումնասիրությամբ, «թափառող տոպոսների» քննությամբ և համանման մեթոդաբանության շրջանակում փորձ է արվելու հստակեցնել պետական կազմավորումների վարչական սահմանները, էթնիկ կազմի վերաբերող հարցերն ու վերնախավային կառուցվածքը։ Հետազոտությունը հայկական պետականության պատմությունը տեղադրում է ժամանակակից եվրոպական պատմագիտության տեսական դիսկուրսի համատեքստում՝ առաջարկելով նոր շեշտադրումներ հին ու միջնադարյան հայկական պետության և պետականության ընկալումների հարցում։