Ընդհանուր տվյալներ
Ծանր մետաղներով (ԾՄ) աղտոտումը համաշխարհային խնդիր է, որը լուրջ սպառնալիք է ներկայացնում ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ հանրային առողջության համար։ Շատ միկրոօրգանիզմներ մշակել են մետաղների թունավորությանը դիմակայելու մեխանիզմներ։ Բակտերիաների մոտ դիմադրության ռազմավարությունները ներառում են մետաղների ակտիվ արտահոսք տրանսպորտային համակարգերի միջոցով, ներբջջային և արտաբջջային սեկվեստրացիա, նստվածքագոյացում և մետաղների ֆերմենտատիվ վերափոխում ավելի քիչ թունավոր ձևերի։ Ծանր մետաղների նկատմամբ կայունությունը հաճախ կապված է վարակներ առաջացնող մանրէների հակաբիոտիկների նկատմամբ կայունության հետ, ինչը նրանց օգնում է գոյատևել անբարենպաստ պայմաններում։ Այս մեխանիզմների ուսումնասիրությունը պայմանական ախտածիններ բակտերիաներում հնարավորություն է տալիս պատկերացում կազմելու դրանց գոյատևման հնարավորությունների մասին թունավոր նյութերի առկայության պայմաններոում, ինչպես նաև կարող է նպաստել նոր, թերապևտիկ մոտեցումների մշակմանը։ Ավելին, այս գիտելիքները նպաստում են աղտոտված միջավայրերի համար արդյունավետ կենսավերականգնման ռազմավարությունների մշակմանը։
Առաջարկվող հետազոտության նպատակն է ուսումնասիրել Հայաստանի Ախթալայի հանքի պոչամբարի նմուշներից մեկուսացված, մետաղակայուն Pseudomonas aeruginosa A1W3 շտամի ծանր մետաղների նկատմամբ կայունության գենետիկական հիմքը։