- Գլխավոր
- Նորություններ
- 16 բուհ՝ մեկ հարթակում․ Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիան՝ COP17-ում
Հոկտեմբեր 21, 2026 | 17:06
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
16 բուհ՝ մեկ հարթակում․ Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիան՝ COP17-ում
ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կանաչ գոտում ներկայացված է Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի տաղավարը, որտեղ անցկացվում են գիտական ցուցադրություններ և ինտերակտիվ միջոցառումներ։ ԵՊՀ նախաձեռնությամբ ձևավորված կոալիցիան միավորում է 16 համալսարանների գիտական և կրթական ներուժը։ Համատեղ տաղավարում ներկայացվում են Հայաստանի կենսաբազմազանության ուսումնասիրությունները, բնապահպանական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված նորարարական մոտեցումները։
Միջոցառման շրջանակում տաղավար այցելեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը։ Նրանք ծանոթացան ներկայացված հետազոտություններին և երիտասարդական նախաձեռնություններին։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով Հայաստանի 16 բուհերի համախմբումը մեկ նախաձեռնության շուրջ, ընդգծեց, որ համալսարանների համագործակցությունը կարող է էական դեր ունենալ երկրի առջև ծառացած բնապահպանական մարտահրավերներին գիտահենք լուծումներ առաջարկելու գործում։
«Համալսարանների ուժը միայն նրանցից յուրաքանչյուրի գիտական ներուժով չի որոշվում, այլև այդ ներուժը միավորելու և համատեղ արդյունքի վերածելու կարողությամբ։ Մեզ համար սկզբունքային է, որ ԵՊՀ-ն ոչ միայն զարգացնի սեփական հետազոտական հնարավորությունները, այլև ստեղծի համագործակցության հարթակներ, որտեղ տարբեր բուհերի գիտնականներն ու ուսանողները կարող են աշխատել ընդհանուր խնդիրների շուրջ։ Կենսաբազմազանության պահպանումը հենց այն ոլորտներից է, որտեղ գիտությունը պետք է անմիջական կապ ունենա հանրային քաղաքականության, տնտեսության և հասարակության հետ։ Այս կոալիցիայի ստեղծմամբ մենք ցանկանում ենք ձևավորել համագործակցության այնպիսի մշակույթ, որի արդյունքները տեսանելի կլինեն նաև COP17-ից հետո»,- նշեց ռեկտորը։
Կոալիցիայի նշանակությանն ու հեռանկարներին անդրադառնալով՝ Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ սա առաջին նախաձեռնությունն է, որի շրջանակում Հայաստանի բուհերը համախմբվել են կենսաբազմազանության շուրջ։
«Այս միջոցառումը մեկնարկային հարթակ է, և կոալիցիան շարունակելու է գործել առնվազն առաջիկա երկու տարիներին։ Մեր նպատակն է համախմբել ակադեմիական ռեսուրսները և զարգացնել միջբուհական համագործակցությունը»,- նշեց նա։
Պրոռեկտորի խոսքով՝ կենսաբազմազանության ուսումնասիրությունը ներառում է ոչ միայն կենսաբանական և բնապահպանական, այլև տնտեսական, քաղաքական ու սոցիալական հարցեր։ Տարբեր մասնագիտական ուղղությունների համադրումը հնարավորություն է տալիս միավորելու բուհերի գիտական ներուժը, զարգացնելու միջբուհական համագործակցությունն ու ավելի շոշափելի արդյունքներ գրանցելու։ Նա նաև տեղեկացրեց, որ կոալիցիան արդեն ձևավորել է քարտուղարություն, որը համակարգելու է հետագա ծրագրերը, փորձագիտական աջակցություն է տրամադրելու պետական մարմիններին և նախաձեռնելու է համատեղ նախագծեր։
ԵՊՀ ներկայացուցիչ և կոալիցիայի աշխատանքները համակարգող Սիրանուշ Բաղումյանը ներկայացրեց նախաձեռնության ստեղծման և կազմակերպման ընթացքը։ Նրա խոսքով՝ «Օդ, հող, ջուր» հայեցակարգով ձևավորված միասնական տաղավարն ու միջոցառումների գոտում անցկացվող քննարկումները նպատակ ունեն վեր հանելու կենսաբազմազանության ոլորտի խնդիրները և համատեղ լուծումներ գտնելու։
«Մեր նպատակն է ոչ միայն միասնական ներկայանալ ակադեմիական հարթակում, այլև ներկայացնել ոլորտի խնդիրներն ու գտնել դրանց համատեղ լուծումները»,- նշեց նա։
Սիրանուշ Բաղումյանի խոսքով՝ նախաձեռնության կազմակերպական աշխատանքներում ներգրավված է շուրջ 235 կամավոր ԵՊՀ-ից և կոալիցիայի մյուս բուհերից։
«Օդ, հող, ջուր». համատեղ ցուցադրություն և յուրօրինակ հետազոտություններ
Կոալիցիայի տաղավարը ներկայացված է «Օդ, հող, ջուր» միասնական հայեցակարգով։ Առանձին բուհական տաղավարների փոխարեն մասնակից համալսարանները ներկայացել են բովանդակային ընդհանուր բաժանմամբ՝ ցուցադրելով իրենց հետազոտություններն ու նորարարական լուծումները։
Օդ
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի նյութագիտության և նանոտեխնոլոգիաների կենտրոնը ներկայացրել է օդի որակի ուսումնասիրության համար նախատեսված դրոններ՝ գազերի կոնցենտրացիաները չափող սենսորներով։
«Դրոնին ամրացնում ենք սենսորները, բարձրացնում օդ և չափում գազերի կոնցենտրացիաները»,- բացատրում է նախագծում ներգրավված ԵՊՀ ուսանողը՝ այցելուներին ներկայացնելով չափիչ սարքերը։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողները ներկայացրել են տարբեր ամբիոնների հավաքածուները՝ էնդեմիկ թռչունների, ցերեկային ու գիշերային թիթեռների և աղոթարարների նմուշներ։ Նրանք այցելուներին ծանոթացրել են նաև Հայաստանի քարանձավների միկրոօրգանիզմների բազմազանությանն առնչվող հետազոտություններին։
Հող
ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնը ներկայացրել է Հայաստանի հողերի նմուշներ, ցորենի տեղական սորտեր և խաղողի վերամշակման թափոններից ստացված կենսաքայքայվող թաղանթներ։
«Սա շրջանաձև տնտեսության լավ օրինակ է․ թափոնն օգտագործում ենք նոր նյութ ստանալու համար»,- ասում է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կիրառական էկոլոգիայի և շրջակա միջավայրի հետազոտությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Նարե Դարբինյանը։
Բուսաբանության և սնկաբանության ամբիոնի ուսանողները ներկայացնում էին Հայաստանի դեղաբույսերի և սնկերի բազմազանությունը՝ նշելով, որ երկրում հանդիպում է շուրջ 3800 տեսակ բարձրակարգ բույս և 4200–4500 տեսակ պարկավոր սունկ։ Նրանք նաև անդրադարձան երիցուկի և սպիտակածաղկի տարբերություններին՝ ներկայացնելով այդ բույսերի առանձնահատկությունները։
Ջուր
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի երկրաբանության ամբիոնը ներկայացրել է հնէաբանական նմուշների հավաքածու։ Այցելուները հնարավորություն ունեն տեսնելու Հայաստանի տարածքում միլիոնավոր տարիներ առաջ գոյություն ունեցած ծովային էկոհամակարգերի օրգանիզմների բրածո մնացորդներ։ Դրանք վկայում են տարածաշրջանի երկրաբանական անցյալի մասին։ Ցուցանմուշների շարքում առանձնանում է Դեբեդի ավազանից հայտնաբերված մամոնտի ծնկոսկրը։ Հավաքածուի ամենահին նմուշը թվագրվում է շուրջ 370 միլիոն տարվա վաղեմությամբ։ Այցելուները կարող են նաև օգտվել վիրտուալ իրականության (VR) ակնոցներից՝ պատկերացում կազմելով տարբեր երկրաբանական ժամանակաշրջանների լանդշաֆտների, օվկիանոսների և նախապատմական կենդանիների մասին։
Մասնագիտական քննարկումներ և երիտասարդական նախաձեռնություններ
Տաղավարին կից միջոցառումների գոտում հոկտեմբերի 19-30-ը նախատեսված է շուրջ 30 միջոցառում՝ պանելային քննարկումներ, մասնագիտական դասախոսություններ, աշխատաժողովներ և կրթական խաղեր։
Միջոցառումների գոտում տեղացի և օտարերկրյա մասնակիցները հնարավորություն ունեն քննարկելու բնապահպանական խնդիրները և ներկայացնելու կենսաբազմազանության պահպանմանն ուղղված առաջարկներ։
ԵՊՀ այլ նախաձեռնություններ COP17-ի շրջանակում
COP17-ի շրջանակում ԵՊՀ-ն իրականացնում է նաև այլ նախաձեռնություններ։ Հոկտեմբերի 17-ին և 18-ին համալսարանում անցկացվել է Կենսաբազմազանության երիտասարդական համաշխարհային գագաթնաժողովը, որին մասնակցել են հարյուրավոր երիտասարդներ Հայաստանից և այլ երկրներից։ Համաժողովի շրջանակում նախատեսված են նաև միջազգային գիտական համաժողովներ և քննարկումներ։




















