- Գլխավոր
- Նորություններ
- Աննա Վարդապետյանը ԵՊՀ-ում վարպետաց դաս է անցկացրել ուսանողական դատախաղի մասնակիցների համար
Հոկտեմբեր 26, 2026 | 09:45
Կրթություն
Մրցույթներ
Ուսանողական
Աննա Վարդապետյանը ԵՊՀ-ում վարպետաց դաս է անցկացրել ուսանողական դատախաղի մասնակիցների համար
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Երևանի պետական համալսարանում վարպետաց դաս է անցկացրել «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթի մասնակիցների համար։ Մրցույթն անցկացվում է ԵՊՀ-ի, ՀՀ դատախազության և Ռաուլ Վալլենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ։
Դատախաղ-մրցույթը նվիրված է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին։ Ս․թ․ հուլիսի 1-ին՝ Դատախազության աշխատողի օրվան և Դատախազության հիմնադրման 108-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, Աննա Վարդապետյանն ընդգծել էր երիտասարդ իրավաբաններին դատախազության զարգացման գործում նշանակալի ավանդ ունեցած գործիչների գործունեությանը ծանոթացնելու կարևորությունը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը միջոցառման ողջույնի խոսքում ընդգծել է դատախազության և համալսարանի համագործակցության կարևորությունը՝ անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի գործունեությանը։
«Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թիմ, որոնց կազմում ընդգրկված է եղել 55 ուսանող։
Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշել է. «Ուրախ եմ, որ թիմերը ներկայացնում են Հայաստանում գործող՝ իրավագիտության ֆակուլտետներ ունեցող գրեթե բոլոր բուհերը՝ ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից։ Շնորհակալ եմ բոլորիդ այսչափ կարևոր թեմային նվիրված դատախաղ-մրցույթի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրության և ակտիվության համար»։
Աննա Վարդապետյանն անդրադարձել է նաև երիտասարդ իրավաբաններին պետական ծառայության մեջ ներգրավելու կարևորությանը։
«Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելուց հետո նպատակ դրեցի, որ մեր աշխատանքով պետք է ձգտենք լավագույն իրավաբաններին հրավիրելու դատախազություն՝ ծառայելու պետական շահին, քանի որ դատախազությունում ծառայությունը, մասնագիտական կարողություններից զատ, պատվաբեր աշխատանք է»,- մատնանշել է ՀՀ գլխավոր դատախազը։
Նա նաև հույս է հայտնել, որ նախաձեռնությունը կնպաստի երիտասարդ իրավաբանների շրջանում բարեվարքության, մասնագիտական էթիկայի, պատասխանատվության և արդար մրցակցության մշակույթի ամրապնդմանը։
Վարպետաց դասի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ Ֆիլիանա Բելլույանը, նույն վարչության դատախազ Նորայր Նազարյանը, ինչպես նաև գլխավոր դատախազի խորհրդականներ Մանե Մարկոսյանն ու Էլեն Մարգարյանը ներկայացրել են պետական շահերի պաշտպանության ոլորտի մի շարք հարցեր և դատախաղ-մրցույթի կանոնները, ապա պատասխանել ուսանողների հարցերին։
Դատախաղ-մրցույթի բանավոր փուլը կանցկացվի հոկտեմբերի 30-31-ը, իսկ կիսաեզրափակիչն ու եզրափակիչը՝ նոյեմբերի 1-ին։



























