- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը պարգևատրվել է արծաթե մեդալով
Հոկտեմբեր 28, 2026 | 15:01
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
ԵՊՀ դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը պարգևատրվել է արծաթե մեդալով
Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Մարգարիտ Պետրոսյանը պարգևատրվել է ԵՊՀ արծաթե մեդալով՝ համալսարանում ծավալած երկարամյա գիտամանկավարժական բեղուն գործունեության համար և հոբելյանական տարեդարձի կապակցությամբ:
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը շնորհավորական ելույթում ընդգծեց, որ Մարգարիտ Պետրոսյանի մասնագիտական գործունեությունն ավելի քան 50 տարի կապված է գիտության, կրթության և համալսարանական կյանքի հետ։ Կենսաբանության ֆակուլտետում երկար տարիներ համադրելով գիտամանկավարժական գործունեությունն ու մեթոդիստի աշխատանքը՝ Մ. Պետրոսյանն իր մասնագիտական փորձն ու գիտելիքներն է ներդրել ֆակուլտետի և՛ կրթական, և՛ կազմակերպական աշխատանքներում։
Մեծ է գիտնականի ավանդը հատկապես բույսերի կենսագործունեությանն առնչվող գործընթացների, ֆունկցիաների և դրանց կարգավորման մեխանիզմների ուսումնասիրման ոլորտում: Համալսարանում նրա կիրառած գիտակրթական նորարարությունները նշանակալիորեն նպաստել են ՀՀ-ում կենսաբանության ոլորտի զարգացմանը:
Գիտնական և մանկավարժ Մ. Պետրոսյանը իր հետևողական ու համբերատար աշխատանքով տվել է նաև նոր սերնդի երիտասարդ կադրեր, որոնք պատրաստ են և՛ գիտական արդյունավետ գործունեություն ծավալելու, և՛ արագ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմագրավելու:
Մարգարիտ Պետրոսյանի ավելի քան կեսդարյա աշխատանքային ուղու արժևորման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Կենսաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:





