- Գլխավոր
- Նորություններ
- Խրախուսելով ուսանողների կրթական և մասնագիտական զարգացումը. հանդիպում Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակին արժանացած ԵՊՀ ուսանողների հետ
Նոյեմբեր 17, 2026 | 15:30
Գործընկերներ
Կարիերա
Մրցույթներ
Խրախուսելով ուսանողների կրթական և մասնագիտական զարգացումը. հանդիպում Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակին արժանացած ԵՊՀ ուսանողների հետ
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվեց հանդիպում ԵՊՀ այն ուսանողների հետ, որոնք նախորդ և ընթացիկ ուստարիներին արժանացել են Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակին։ Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը և բանկի վարչության անդամ, ռիսկերի կառավարման վարչության ղեկավար Վիկտորյա Քոչարյանը։
Երևանի պետական համալսարանի և Բիբլոս Բանկ Արմենիայի միջև կրթաթոշակային ծրագիրը մեկնարկել է 2023 թվականին։ Ծրագրի շրջանակում մինչ օրս անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում է տրամադրվել ԵՊՀ 30 ուսանողի։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բարձր գնահատեց Բիբլոս Բանկ Արմենիայի հետ ձևավորված շարունակական գործընկերությունը՝ ընդգծելով, որ համալսարանի և գործարար հատվածի արդյունավետ համագործակցությունը չի սահմանափակվում ֆինանսական աջակցությամբ։
«Մեզ համար կարևոր է, որ ուսանողները ոչ միայն ստանան որակյալ կրթություն, այլև դեռ ուսումնառության ընթացքում հնարավորություն ունենան հաղորդակցվելու ոլորտի մասնագետների հետ, ճանաչելու մասնագիտական միջավայրն ու հստակեցնելու իրենց կարիերայի նպատակները։ Բիբլոս Բանկ Արմենիայի հետ համագործակցությունը հենց այդպիսի օրինակ է․ այն համադրում է ուսանողների առաջադիմության խրախուսումը և նրանց մասնագիտական զարգացման նոր հնարավորությունների ստեղծումը»,- նշեց ռեկտորը։
Բանկի ռիսկերի կառավարման վարչության ղեկավար Վիկտորյա Քոչարյանը նշեց, որ ուսանողների մոտ տարեցտարի նկատելի է հետաքրքիր փոփոխություն․ նրանք ավելի հստակ են պատկերացնում իրենց նպատակներն ու մասնագիտական ապագան։
«Ուրախալի է տեսնել, թե ինչպես են ուսանողները նպատակային հարցեր բարձրացնում և ակտիվորեն հետաքրքրվում ոլորտի զարգացումներով։ Մեզ համար կարևոր է ներկայացնել մեր փորձը, բանկային ոլորտի իրական հնարավորությունները և օգնել երիտասարդներին՝ ավելի վստահ կողմնորոշվելու մասնագիտական ճանապարհի ընտրության հարցում։ Վստահ եմ, որ նման հանդիպումները կարևոր կամուրջ են կրթության և աշխատաշուկայի միջև»,- նշեց բանկի ռիսկերի կառավարման վարչության ղեկավարը՝ հավաստիացնելով, որ բանկը շարունակելու է աջակցել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ խրախուսելով նրանց կրթական և մասնագիտական զարգացումը։ Կրթությունը Բիբլոս Բանկ Արմենիայի առանցքային ուղղություններից է։ Բանկը ոչ միայն տրամադրում է կրթաթոշակներ, այլև ֆինանսավորում է տարբեր կրթական նախագծեր և հովանավորում կարևոր գրքերի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը։
Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու բանկային ոլորտում ռիսկերի կառավարման առանձնահատկություններին, ոլորտում կարիերայի հնարավորություններին ու մասնագիտական զարգացման հեռանկարներին, ինչպես նաև հետաքրքրող հարցերն ուղղելու բանկի ներկայացուցչին։



