- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ թիմերը մրցանակային տեղեր են զբաղեցրել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հայաստանյան փուլում
Նոյեմբեր 17, 2026 | 12:54
Մրցույթներ
ԵՊՀ թիմերը մրցանակային տեղեր են զբաղեցրել «ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի հայաստանյան փուլում
Երևանի պետական համալսարանը հյուրընկալել է «ICPC» ծրագրավորման միջազգային ուսանողական օլիմպիադայի Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանի հայաստանյան ընտրական մրցույթը, որին մասնակցել են 8 բուհերի 25 թիմեր։ ԵՊՀ թիմերը լավագույն արդյունքներից են գրանցել՝ համալսարանական թիմերի շարքում զբաղեցնելով երկրորդ և երրորդ հորիզոնականները։
ԵՊՀ-ում անցկացված մրցույթը Ծրագրավորման միջազգային ուսանողական օլիմպիադայի («International Collegiate Programming Contest» - «ICPC») 2026-2027 մրցաշրջանի տարածաշրջանային փուլերից էր։ Այն համախմբել էր Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներին՝ հնարավորություն տալով մրցակցելու ալգորիթմական մտածողության, ծրագրավորման և խնդիրների լուծման հմտություններով։
Մրցույթին մասնակցել են Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ), Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ), Հայաստանի եվրոպական համալսարանի (ՀԵՀ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ), Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) թիմերը։
Բուհական 25 թիմերից բացի՝ արտամրցութային կարգով մասնակցել են նաև դպրոցականների չորս թիմեր։
Մրցույթի հայաստանյան փուլի ընդունող համալսարանը ԵՊՀ-ն էր։ Մրցույթի տնօրենը Վահրամ Դումանյանն էր, գլխավոր մրցավարը՝ Արմեն Անդրեասյանը, իսկ տեխնիկական հանձնաժողովի ղեկավարը՝ Պարույր Վարդերեսյանը։
Համալսարանական թիմերի պայքարում ԵՊՀ ներկայացուցիչները գրանցել են բարձր արդյունքներ։ Մրցույթի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմը՝ լուծելով 7 խնդիր։ Նույնքան խնդիր է լուծել ԵՊՀ «GravITy» թիմը, որն առաջադրանքների կատարման ժամանակային ցուցանիշներով զբաղեցրել է երկրորդ տեղը։
Երրորդ հորիզոնականում ԵՊՀ «malfoids» թիմն է՝ 6 լուծված խնդրով։ ԵՊՀ «Improvis» թիմը նույնպես լուծել է 6 խնդիր՝ համալսարանական թիմերի շարքում զբաղեցնելով չորրորդ տեղը։
Արտամրցութային կարգով մասնակցած դպրոցական թիմերից լավագույն արդյունքը գրանցել է «Quantum Collage» թիմը՝ լուծելով 8 խնդիր և գլխավորելով մրցույթի ընդհանուր արդյունքների աղյուսակը։
«ICPC»-ն ծրագրավորման միջազգային հեղինակավոր թիմային մրցույթ է, որի ընթացքում երեք ուսանողից բաղկացած թիմերը սահմանափակ ժամանակում լուծում են ալգորիթմական խնդիրներ՝ օգտագործելով մեկ համակարգիչ։ Մրցույթը գնահատում է ոչ միայն մասնակիցների ծրագրավորման գիտելիքները, այլև տրամաբանական մտածողությունը, խնդիրների վերլուծության, արդյունավետ լուծումներ մշակելու և թիմային աշխատանքի կարողությունները։
Հայաստանյան փուլը տևել է 5 ժամ։ Մասնակիցներին առաջարկվել է 14 խնդիր, որոնց լուծումները գնահատվել են ավտոմատ ստուգման համակարգի միջոցով։
Մրցույթի հովանավոր «JetBrains» ընկերությունը պարգևատրել է առաջին հինգ հորիզոնականները զբաղեցրած թիմերին։
Հայաստանյան մրցույթի լավագույն համալսարանական թիմերը հնարավորություն կունենան շարունակելու պայքարը Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլում, որը նախատեսված է դեկտեմբերի 11-13-ը։ Հայաստանի ներկայացուցիչները եզրափակիչ փուլին կմասնակցեն Վրաստանում։
Հյուսիսային Եվրասիայի եզրափակիչ փուլը կարևոր փուլ է «ICPC»-ի մրցաշարային համակարգում, որի լավագույն թիմերը հնարավորություն են ստանում մասնակցելու աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։
Մրցույթի ամբողջական արդյունքները հասանելի են պաշտոնական հարթակում։