- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում անցկացվեց էկոկրթական միջոցառում՝ նվիրված Երկրի օրվան
Ապրիլ 22, 2025 | 16:12
Գիտություն
Կրթություն
Միջոցառումներ
ԵՊՀ-ում անցկացվեց էկոկրթական միջոցառում՝ նվիրված Երկրի օրվան
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համատեղ նախաձեռնությամբ համալսարանում անցկացվեց էկոլոգիական ու կրթական բնույթի միջոցառում, որի նպատակն էր բարձրացնել իրազեկվածության մակարդակը շրջակա միջավայրի պահպանության մասին և ներգրավել երիտասարդներին բնապահպանական նախաձեռնություններում։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը, կարևորելով միջոցառման անցկացումը, ասաց․ «Երկրի օրը ոչ միայն խորհրդանշական է, այլև հիշեցում, որ մեր արարքներն իրենց դրական կամ բացասական ազդեցությունն ունեն մեր մոլորակի վրա։ Այսօր մի փոքր քայլ անելով՝ մենք կարող ենք ապագայում ավելի մեծ փոփոխությունների հիմք դնել»։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանն իր հերթին ընդգծեց այսօրինակ միջոցառումների կարևորությունը հատկապես կրթական միջավայրում․ «Այսօր համաշխարհային մակարդակով ուշադրությունը սևեռված է Երկրի խնդիրների վրա, և մենք՝ որպես հասարակության անդամներ, պարտավոր ենք ոչ միայն խոսել խնդիրների մասին, այլև գործել՝ թեկուզ փոքր նախաձեռնություններով»։
Միջոցառման ընթացքում ուսանողները դիտեցին բնապահպանությանը վերաբերող ֆիլմ, լսեցին զեկույցներ անտառների պահպանման, կլիմայական փոփոխությունների և Հայաստանի էկոհամակարգերի առջև ծառացած խնդիրների վերաբերյալ։ Դրանք ներկայացվեցին պարզ, մատչելի լեզվով, և քննարկումներն ստացան ակտիվ ընթացք։
Այնուհետև անցկացվեց վիկտորինա, որը համադրում էր կրթական և խաղային տարրեր։ Հարցերը վերաբերում էին բնապահպանության պատմությանը, տեղական բուսաշխարհին և համաշխարհային էկոլոգիական խնդիրներին։ Վիկտորինայի ակտիվ մասնակիցները պարգևատրվեցին անվանական տնկիներով, իսկ բոլոր մասնակիցները ստացան շնորհակալագրեր։
Օրվա ամփոփումը եղավ ծառատունկը ԵՊՀ նորաբաց պուրակում, որտեղ ուսանողները, դասախոսները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները միասին ծառեր տնկեցին։ Ծառատունկը հստակ ուղերձ էր՝ պահպանելու և վերականգնելու մեր շրջակա միջավայրը՝ սկսելով հենց համալսարանից։ Այն ընդգծեց մարդու կապը բնության հետ ու փոքրիկ ներդրումը կենսաբազմազանության վերականգնման գործում։