- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում էր Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը
Մայիս 19, 2025 | 17:21
Հասարակություն
Միջոցառումներ
Քաղաքականություն
ԵՊՀ-ում էր Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը
ԵՊՀ-ում հյուրընկալվեց Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուի գլխավորած պատվիրակությունը: Ներկայացուցիչների պալատի նախագահը նախ հանդիպում ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ ծանոթանալով համալսարանի կրթագիտական հնարավորություններին, այնուհետև հանդիպեց ուսանողների հետ:

Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Աննիտա Դեմետրիուն, կարևորելով ուսանողների դերակատարումը որոշումների կայացման գործընթացում, ընդգծեց. «Դո՛ւք եք ապագան, դո՛ւք պետք է կարևոր մաս կազմեք և առաջնորդեք որոշումների կայացման գործընթացում։ Իսկ մենք պարտավոր ենք ձեզ հնարավորություններ ընձեռել՝ ավելի ապահով և լավ ապագայի կառուցման համար։ Դուք ունեք այդ ներուժը, և սա հենց ձե՛ր դարաշրջանն է։ Այսօր ողջ աշխարհի օրակարգում պատերազմներ և վեճեր են, իսկ սոցիալական մեդիայում նկատվում է «թունավոր» մթնոլորտ, ինչը ոչ ոքի օգուտ չի տալիս։ Եվ այս ամենին զուգահեռ՝ հարց է առաջանում, թե որտեղ կարելի է ներդրում կատարել։ Պատասխանը մեկն է՝ կրթության ոլորտում․ դա աշխարհը դեպի լավը փոխելու ամենահզոր զենքն է»,- ասաց նա ու հավելեց, որ իր գլխավորած պատվիրակությունը ԵՊՀ-ում է հենց այդ նպատակով։

Նա ընդգծեց, որ ներդրում կարելի է կատարել նաև գաղափարակից երկրների հետ լավ հարաբերություններ կառուցելու գործում։
«Մենք չենք առաջնորդվում մեծ ու փոքր երկրներ հասկացություններով։ Մենք հավատում ենք իրավունքին, արդարադատությանը և օրինականությանը»,- մատնանշեց նա։
Աննիտա Դեմետրիուն ելույթից հետո պատասխանեց ուսանողներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին թե՛ քաղաքական, թե՛ կրթագիտական թեմաների։ Այնուհետև նա հարց ուղղեց ուսանողներին․ «Ի՞նչ օրենք կընդունեիք, եթե ձեզ հնարավորություն տրվեր մեկ օրով լինելու երկրի նախագահ»։ Հարցին ի պատասխան՝ հնչեցին նաև կրթության ոլորտն է՛լ ավելի բարելավելու և զարգացած հասարակություն ունենալու մասին առաջարկներ:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով ակադեմիական փոխանակման ծրագրերը, նշեց, որ և՛ ուսանողների, և՛ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար համալսարանը կազմակերպում է այցեր արտերկրի բուհեր ինչպես կրթությունը շարունակելու, այնպես էլ գիտաժողովների մասնակցելու, դասախոսություններով հանդես գալու նպատակով:
Ռեկտորն այս համատեքստում անդրադարձավ Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզայի ազատականացման գործընթացին՝ կարևորելով Կիպրոսի հետ առանց վիզայի ռեժիմի հարաբերություններ հաստատելու հարցը:
Աննիտա Դեմետրիուն, շեշտադրելով երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների շարունակական զարգացումը, ընդգծեց, որ Կիպրոսը ներգրավված է վիզաների ազատականացման գործընթացում, և շնորհիվ Հայաստանում Կիպրոսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի ներկայության՝ նշյալ հարցն ավելի արագ լուծում կստանա: