- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ից դեպի միջազգային գիտակրթական հարթակ․ ԵՊՀ ուսանող Անի Ամիրխանյանի կրթական ուղին
Մայիս 29, 2025 | 11:12
Կրթություն
Ուսանողական
ԵՊՀ-ից դեպի միջազգային գիտակրթական հարթակ․ ԵՊՀ ուսանող Անի Ամիրխանյանի կրթական ուղին
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող Անի Ամիրխանյանն ընտրել է իր ուղին՝ զուգակցելով կրթությունն ու միջազգային փորձառությունը, տեսական գիտելիքն ու պրակտիկան։ Նրա համար տնտեսագետ լինելը պարզապես մասնագիտություն չէ. դա պատասխանատվություն է հասարակության առջև, ինչպես նաև անընդհատ զարգանալու մարտահրավեր։ Անիի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, ուսանողական կյանքի, ձեռքբերումների և ապագայի ծրագրերի մասին։

Համալսարանական տարիներին Անին ձեռք է բերել ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև արժեքներ, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել նրա մտածողության ու աշխարհայացքի ձևավորման վրա։ Համակարգային մտածողություն, քննադատական վերլուծություն, թիմային համագործակցություն ու նախաձեռնողականություն․ սրանք այն հմտություններն են, որոնք Անին ձեռք է բերել համալսարանում, և որոնց հիման վրա նա ձևավորում է իր մասնագիտական ուղին։
- Անի՛, տնտեսագիտությունը բավական լայն և բազմաշերտ ոլորտ է։ Ինչպե՞ս գտաք Ձեր տեղն այդ աշխարհում։
- Ինձ միշտ հետաքրքրել է տնտեսագիտությունը՝ որպես ոլորտ, որն առնչվում է գրեթե բոլորի առօրյային՝ պետական քաղաքականությունից մինչև անձնական որոշումներ։ Ինձ համար այս մասնագիտությունը միավորում է վերլուծական մտածողությունը, իրականության ճիշտ ընկալումը և տարբեր ոլորտների հետ փոխկապակցվածությունը։ Ես շատ գոհ եմ իմ ընտրությունից։ Մասնագիտությունս ինձ ոչ միայն տեսական գիտելիք է տվել, այլև կարողություն՝ ավելի խորությամբ հասկանալու աշխարհում ու հասարակության շրջանում ընթացող գործընթացները։ Այս մասնագիտության շնորհիվ ես տեսնում եմ ինձ մի ուղու վրա, որը ոչ միայն ինքնակատարելագործման, այլև հանրությանը օգտակար լինելու հնարավորություններ է ընձեռում։
– Մասնագիտության ընտրությունը հաճախ պայմանավորված է ներշնչանքով կամ օրինակելի մարդկանց կերպարներով։ Ձեր դեպքում ո՞րն է եղել ներշնչանքի աղբյուրը։
- Իմ մասնագիտական ընտրության վրա ազդեցություն են ունեցել թե՛ կոնկրետ մարդիկ, թե՛ այն մտածողությունը, որ ձևավորում է այս ոլորտը։ Նախևառաջ՝ ընտանիքս միշտ խրախուսել է հետաքրքրվել հասարակական ու տնտեսական գործընթացներով և իր աջակցությունն է ցուցաբերել իմ մասնագիտական ընտրությանը։ Իմ ներշնչման աղբյուրն են նաև այն տնտեսագետները, որոնք իրենց վերլուծություններով, գաղափարներով և քաղաքականության վրա ունեցած ազդեցությամբ փոխել են մարդկանց կյանքը։ Նրանց գործունեությունը ցույց է տալիս, որ տնտեսագետը կարող է լինել կապող օղակ տեսության և իրականության միջև՝ ձևավորելով իրական արդյունքներ։ Այդ պատկերացումը դարձել է իմ ընտրության հիմքը՝ ձևավորելով ոչ միայն մասնագիտական ուղի, այլև արժեհամակարգ։
- Ի՞նչով է առանձնանում ուսանողական կյանքը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում։ Կրթական և ինքնազարգացման ի՞նչ հնարավորություններ է այն ընձեռել Ձեզ։

- ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում իմ ուսանողական կյանքը մասնագիտական զարգացման, ինքնագործունեության և անձնական աճի գործընթացի միաձուլում է։ Ֆակուլտետը տվել է ոչ միայն հիմնավոր տեսական գիտելիքներ, այլև միջավայր՝ ազատ արտահայտվելու, կարծիքներ հայտնելու և նախաձեռնություններ կյանքի կոչելու համար։ Ես ակտիվորեն ներգրավվել եմ գիտական տարբեր միջոցառումներում և ուսանողական նախաձեռնություններում, ինչը օգնել է ինձ ձեռք բերել ոչ միայն մասնագիտական, այլև կազմակերպական, հաղորդակցական և թիմային հմտություններ։ Այստեղ ես հանդիպել եմ մարդկանց, որոնք ունեն նույն արժեքներն ու հետաքրքրությունները, և այդ ամենը ուսանողական տարիներս դարձրել է հիշարժան, դինամիկ և շարունակական զարգացման ուղի։
- Ինչո՞վ եք զբաղվում այժմ՝ բացի ուսումից։ Աշխատո՞ւմ եք, մասնագիտական գիտելիքները կիրառելու հնարավորություն ունեցե՞լ եք։ Առհասարակ ինչպե՞ս եք համադրում ուսումը այլ նախաձեռնությունների կամ հետաքրքրությունների հետ։
- Այս պահին իմ հիմնական զբաղմունքը ուսումն է։ Միաժամանակ ակտիվորեն մասնակցում եմ տարբեր նախաձեռնությունների և ծրագրերի, որոնք կապված են տնտեսագիտության և ֆինանսական ոլորտի հետ։ Դրանց միջոցով հնարավորություն ունեմ կիրառելու ակադեմիական գիտելիքերս և ձեռք բերելու գործնական փորձ։
Լինելով ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամ՝ կազմակերպում եմ քննարկումներ, մասնակցում ներհամալսարանական և արտահամալսարանական մրցույթների, ինչն օգնում է ինձ զարգացնել հաղորդակցման, կազմակերպական և թիմային հմտություններ։
Կարևորում եմ ուսման ու այլ գործունեությունների միջև հավասարակշռությունը, քանի որ դրանք լրացնում են միմյանց։ Ուսումը ապահովում է տեսական հիմքը, իսկ ակտիվ մասնակցությունը տարբեր նախագծերին՝ գործնական հմտությունները և թիմային աշխատանքի փորձը։ Այս համադրությունը ինձ ավելի պատրաստ է դարձնում ապագա մասնագիտական կյանքի մարտահրավերներին։
- Ի՞նչն է Ձեզ մոտիվացնում շարունակ սովորելու, մասնակցելու միջազգային ծրագրերի և ինքնակրթվելու։
- Ինձ մոտիվացնում է այն գիտակցումը, որ ուսումը և զարգացման գործընթացը երբեք չեն ավարտվում։ Յուրաքանչյուր նոր գիտելիք, յուրաքանչյուր միջազգային փորձ ինձ տալիս է նոր հնարավորություններ և բացում է դռներ՝ դեպի ավելի լայն աշխարհ։ Այս ընթացքում հասել եմ մի շարք կարևոր հաջողությունների, որոնք ինձ ոգևորում և մոտիվացնում են առաջ շարժվելու։ Մասնավորապես, բարձր առաջադիմության շնորհիվ «Դայմենշն» ներդրումային ընկերության կողմից ստացել եմ նվեր՝ պարտատոմս, ինչը իմ գիտելիքների ու ջանքերի գնահատականն է։
Մոսկվայում անցկացվող «Study Tour Experience» ծրագրին մասնակցությունը ևս մեծապես նպաստեց իմ հմտությունների զարգացմանը և միջազգային փորձ ստանալուն։ Այս ձեռքբերումները ինձ համար հիմք են, որ շարունակեմ սովորել և զարգանալ՝ հավատարիմ մնալով իմ նպատակներին։
Ցանկություն ունեմ շարունակելու զարգանալ, լինելու ժամանակակից, ակտիվ և օգտակար ոչ միայն ինձ, այլև իմ ընտանիքի, ընկերների և ընդհանրապես հասարակության համար։

- Ինչպե՞ս իմացաք «Study Tour Experience» միջազգային ծրագրի մասին և ինչո՞ւ որոշեցիք մասնակցել։ Ի՞նչ տվեց այն Ձեզ։
- Միջազգային ծրագրի մասին տեղեկացել եմ ԵՊՀ միջազգային կապերի բաժնից համալսարանական էլհասցեին ուղարկված հաղորդագրության միջոցով։ Ծրագիրը ինձ հետաքրքրեց, քանի որ այն հնարավորություն էր տալիս ոչ միայն խորացնելու գիտելիքերը, այլև ծանոթանալու միջազգային կրթական միջավայրին և կապեր ստեղծելու այլ երկրների ուսանողների հետ։ Այսպիսի փորձ ձեռք բերելը միշտ էլ եղել է իմ նպատակներից մեկը։ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում (Մոսկվա) անցկացրած երկու շաբաթներն ինձ համար արժեքավոր ու թանկ էին։ Այնտեղ ես ձեռք բերեցի նոր գիտելիքներ, ծանոթացա տարբեր երկրների ուսանողների հետ, սովորեցի տիրապետել տնտեսագիտության և ֆինանսական ոլորտի նոր մեթոդների ու գործիքների, մասնակցեցի հետաքրքիր դասախոսությունների և աշխատանքային սեմինարների։
- Ապագայի համար ի՞նչ ծրագրեր կամ երազանքներ ունեք՝ կապված թե՛ կրթության, թե՛ կարիերայի հետ։
- Ապագայում ուզում եմ լինել այնպիսի մասնագետ, որը երբեք չի դադարի զարգանալուց և իր մտահորիզոնն ընդլայնելուց։ Նախատեսում եմ խորացնել մասնագիտական գիտելիքներս տարբեր ոլորտներում, որ կարողանամ արդյունավետորեն մասնակցել տնտեսության զարգացման ծրագրերին։
Նպատակ ունեմ աշխատելու այնպիսի միջավայրում, որտեղ իմ գիտելիքներն ու հմտությունները կկարողանամ արդյունավետորեն կիրառել՝ նպաստելով ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային մակարդակով տնտեսական գործընթացների բարելավմանը։