- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում հյուրընկալվեց Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղարը
Մայիս 27, 2025 | 16:23
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Քաղաքականություն
ԵՊՀ-ում հյուրընկալվեց Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղարը
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղար Օսվալդո Զավալա Գիլերին՝ անդրադառնալով Միջազգային քրեական դատարանի կարևոր դերակատարմանը օրենքով սահմանված կարգերի պահպանման գործում:

Օսվալդո Զավալա Գիլերին ընդգծեց, որ Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) և այդօրինակ կառույցներն ապահովում են օրենքների հիման վրա հաստատված կարգերի պահպանումը՝ պաշտպանելու անհատներին ու հասարակություններին միջազգային մասշտաբով կատարվող հանցագործություններից։
«Հայաստանի համար Միջազգային քրեական դատարանի անդամ դառնալը հստակ ուղերձ է առ այն, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ստանձնում են պարտավորություն՝ պահպանելու օրենքի գերակայությունը, բազմակողմ համագործակցությունը և միջազգային պատասխանատվությունը»,- ընդգծեց նա:
Այս համատեքստում նա շեշտեց, որ դատարանը շարունակում է հավատարիմ մնալ նույն արժեքներով և սկզբունքներով առաջնորդվող միջազգային հանրության և դրա մաս կազմող հասարակությունների քաղաքական կամքին։
«Հռոմի ստատուտը ստեղծեց առաջին մշտական միջազգային քրեական դատարանը, որի իրավասությունների շրջանակում են միջազգային հանրության համար առավել լուրջ հանցագործությունները։ Կարծում եմ՝ Միջազգային քրեական դատարանը տալիս է այնպիսի երաշխիքներ և լուծումներ, որոնք չեն լինի դրա բացակայության դեպքում»,- ասաց Օսվալդո Զավալա Գիլերին՝ նշելով, որ եթե ՄՔԴ-ի կողմից տրված ձերբակալման հրամանները ազդեցություն չունենային, ապա ՄՔԴ-ի դատավորներին չէին հետապնդի որոշ երկրներում:
«Ինչպե՞ս կարող ենք խոսել մարդու իրավունքների մասին, եթե նրանք, ովքեր ոչնչացնում են համայնքներ, տեղահանում միլիոնավոր մարդկանց և սկսում ագրեսիվ պատերազմներ, կարողանում են դա անել առանց պատժվելու վախի։ Ինչպե՞ս կարող ենք պաշտպանել մարդու իրավունքները, եթե թույլ տանք որոշել, թե ով պետք է պատասխանատվություն կրի, ով՝ ոչ՝ ելնելով քաղաքական դաշտի «հարմարավետությունից»»,- ասաց նա։

Օսվալդո Զավալա Գիլերին հավելեց, որ Միջազգային քրեական դատարանի ընդհանուր արժեքներն ու սկզբունքները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է գիտակցում, որ հանցագործությունները սպառնալիք են խաղաղությանը և անվտանգությանը, ինչպես նաև մարդկության բարօրությանը, հանձնառություն` վերջ տալու անմեղսունակությանը և բարձրացնելու դատարանի դերի ճանաչումը հանցագործությունների կանխարգելման գործում: Այս համատեքստում նա շեշտեց, որ եթե չսահմանվեն պատասխանատվության մեխանիզմներ, ապա խախտումները կմնան անպատիժ։
Դասախոսության շրջանակում նա ներկայացրեց նաև իր՝ Միջազգային քրեական դատարանի գլխավոր քարտուղարի գործառույթները։
Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան բանախոսին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։