- Գլխավոր
- Նորություններ
- Բացահայտելով լիտվերենն ու լիտվական մշակույթը․ ամփոփվեցին ԵՊՀ-ում անցկացված լիտվերենի դասընթացի արդյունքները
Մայիս 30, 2025 | 14:15
Կրթություն
Բացահայտելով լիտվերենն ու լիտվական մշակույթը․ ամփոփվեցին ԵՊՀ-ում անցկացված լիտվերենի դասընթացի արդյունքները
ԵՊՀ-ում տեղի ունեցավ լիտվերենի դասընթացի մասնակիցների վկայագրերի հանձնման արարողությունը։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մեկնարկած դասընթացը կազմակերպել էր ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունը։

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, շնորհակալություն հայտնելով դասընթացի մասնակիցներին ցուցաբերած աշխատասիրության և պատասխանատվության համար, առանձնահատուկ շեշտեց դասընթացավարի՝ Օլգա Արզումանյանի նախաձեռնողականության ու նվիրումի մասին, ինչի շնորհիվ մասնակիցները ձեռք են բերել լիտվերենի իմացություն և Լիտվայի վերաբերյալ արժեքավոր գիտելիքներ։

Օլգա Արզումանյանը նշեց, որ դասերն անցկացվել են ինչպես լսարանային պայմաններում, այնպես էլ արտալսարանային՝ սոցիալ-մշակութային շեշտադրումով․ «Շատ ուրախ եմ, որ այստեղ հավաքվել են այնպիսի ուսանողներ, որոնք կա՛մ արդեն առնչություններ ունեն Լիտվայի և լիտվական մշակույթի հետ, կա՛մ դա ապագայում են նախատեսում»։
Օլգա Արզումանյանը հույս հայտնեց, որ դասընթացի մասնակիցներից ոմանք կզբաղվեն լիտվերեն տեքստերի թե՛ իրավաբանական և թե՛ գրական թարգմանություններով՝ լրացնելով դաշտում առկա բացը։
«Կցանկանայի ընդգծել, որ լիտվերենի իմացությունը լայն հնարավորություն է տալիս նաև մեկնելու Լիտվա, մասնակցելու դասընթացների և այնտեղ կրթաթոշակ ստանալու, որն ամբողջությամբ փոխհատուցում է թռիչքի, կեցության և սննդի ծախսերը։ Դա նաև հնարավորություն է է՛լ ավելի խորքային մակարդակով ուսումնասիրելու լեզուն, մշակույթը, երկիրը»,- հավելեց դասընթացավարը։
Դասընթացի մասնակից Հայարփի Խաչատրյանը պատմեց, որ լիտվերենի և լիտվական մշակույթի հանդեպ մեծ սեր վաղուց է տածել՝ որպես օրինակ աչքի առջև ունենալով անվանի մասնագետ Ֆելիքս Բախչինյանին։ ԵՊՀ-ում կազմակերպված դասընթացը նրան հնարավորություն ընձեռեց շարունակելու արդեն իսկ ձևավորված ավանդույթները։
«Այստեղ պատահական մարդիկ չկան, բոլորս այս կամ այն կերպ առիթ ենք ունեցել շփվելու լիտվական մշակույթի հետ և շատ ուրախ ենք, որ լիտվերենը կամրջել է մեզ»,- նշեց Հայարփին։
Դասընթացի մասնակից, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, մանկավարժական գիտությունների դոկտոր Ժաննա Պայլոզյանը շեշտեց, որ միշտ առանձնահատուկ հետաքրքրություն է ունեցել Լիտվայի նկատմամբ, և ԵՊՀ-ում կազմակերպված դասընթացը հիանալի առիթ էր այդ հետաքրքրությունը ևս մեկ անգամ բավարարելու համար։
«Պետք է ասել, որ դասընթացի շրջանակում առիթ ենք ունեցել շփվելու նաև լիտվական համայնքի հետ։ Այստեղ մեծ են եղել Օլգա Արզումանյանի ջանքերը, որն իր լավատեսությամբ և աշխատասիրությամբ բոլորիս համախմբել է։ Դասընթացից մեծագույն հաճույք եմ ստացել և հույս ունեմ, որ նմանօրինակ դասընթացները շարունակական կլինեն»,- շեշտեց նա։