- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում մեկնարկեց «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով աշխատաժողովը
Մայիս 30, 2025 | 16:56
ԵՊՀ-ում մեկնարկեց «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով աշխատաժողովը
ԵՊՀ պատմության ֆակուլտետում մեկնարկեց «Պատմության ուսուցիչները և պատմագիտության ապագան» խորագրով երկօրյա ուսուցչական աշխատաժողովը՝ միտված վերարժևորելու հանրակրթական և բուհական պատմագիտության կապերը, անդրադառնալու պատմության դասավանդման արդի մարտահրավերներին, ինչպես նաև խթանելու գիտակրթական երկխոսությունը բուհի և դպրոցների միջև:

Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանն իր ելույթում նշեց, որ ֆակուլտետը, լինելով ակադեմիական, գիտահետազոտական միջավայրի համար կադրեր մատակարարող և հանրակրթության պահանջմունքները բավարարող մասնագիտական կառույց, 106 տարի շարունակ Հայաստանի կրթական համակարգում առանցքային դեր է ունեցել. «Պատմության ֆակուլտետի տարբեր տարիների հազարավոր շրջանավարտներ ցայսօր դասավանդում են դպրոցներում: Սակայն վերջին տարիների որոշակի փոփոխությունների հետևանքով Պատմության ֆակուլտետի ուսանողներն այժմ չեն ստանում մանկավարժի որակավորում, եթե լրացուցիչ կրթության արդյունքում 30 կրեդիտ չեն վաստակում»,- ասաց դեկանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պատմության ֆակուլտետի և հանրակրթական հաստատությունների կապը սահմանափակվեց դիպվածային հանդիպումներով:

«Հանրակրթական դպրոցների պահանջարկին առավել մանրամասն տեղեկանալու նպատակով մենք առաջին անգամ նախաձեռնել ենք երկօրյա այս աշխատաժողովը, որի ընթացքում կներկայացվեն Պատմության ֆակուլտետի կրթական ծրագրերն ու մոտեցումները՝ միաժամանակ քննարկելով ոլորտում առկա խնդիրները: Կրթական ծրագրերի որակի բարելավումն ավելի արագ և արդյունավետ է ընթանում այն դեպքում, երբ ունենք շահագրգիռ բոլոր կողմերի առաջարկները»,- նշեց Մխիթար Գաբրիելյանը՝ հավելելով, որ աշխատաժողովին հնչած առաջարկները կհավաքագրվեն՝ դառնալով հետագա համագործակցության հիմք:
Աշխատաժողովին զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչներ և ոլորտի հրավիրյալ մասնագետներ: Աշխատաժողովին մասնակցում են Երևանի և ՀՀ մարզերի դպրոցների շուրջ 50 ուսուցիչներ:
Պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը խոսեց պատմագիտական կրթության վիճակից և հրամայականներից, Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի դոցենտ Հայկ Մխոյանը ներկայացրեց Պատմության ֆակուլտետում կրթական ծրագրերի փոփոխությունները, իսկ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Մհեր Հովհաննիսյանը՝ «Հայոց պատմության արդի վիճակը՝ գիտական հետազոտություններից մինչև հանրակրթական ծրագրերի բարեփոխումներ» թեմայով զեկուցումը:

ԵՊՀ և ոլորտի մյուս մասնագետները ներկայացրին այլ զեկուցումներ ևս՝ անդրադառնալով դպրոցներում Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության դասավանդման խնդիրներին, Վրաստանի, Ադրբեջանի պատմության դասավանդման հիմնախնդիրներին և այլ թեմաների:
Զեկուցումներին հաջորդող հարցուպատասխանի միջոցով մասնակիցներն իրենց հուզող հարցերն ուղղեցին զեկուցողներին՝ ստանալով հանգամանալից պատասխաններ:
Երկօրյա աշխատաժողովի շրջանակում մասնակիցների համար կկազմակերպվեն նաև խմբային աշխատանքներ՝ քննարկելու զեկուցումներում ներկայացված մտքերը, պատմության դասավանդման արդի մարտահրավերները, ինչպես նաև բարձրաձայնելու ոլորտին առնչվող խնդիրներն ու ուսուցիչների մտահոգությունները:
Երկօրյա աշխատաժողովի ավարտին մասնակիցներին կշնորհվեն վկայականներ: