- Գլխավոր
- Նորություններ
- Հայ գիտնականները՝ միջազգային գիտական հարթակում․ ԵՊՀ կենսաբանները՝ «FEMS-2025»-ի մասնակից
Հուլիս 31, 2025 | 12:48
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Հայ գիտնականները՝ միջազգային գիտական հարթակում․ ԵՊՀ կենսաբանները՝ «FEMS-2025»-ի մասնակից
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի պատվիրակությունը մասնակցել է Միլանում (Իտալիա) տեղի ունեցած «FEMS-2025» («Federation of European Microbiological Societies») միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով Հայաստանի գիտական ներուժը։ Համալսարանի պատվիրակության՝ 30-ից ավելի մասնակիցների շարքում էին դոկտորանտներ, մագիստրանտներ, երիտասարդ հետազոտողներ։

ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Հայաստանը նախկինում ևս մասնակցել է «FEMS» գիտաժողովին, սակայն այս տարի հայաստանյան մասնակիցների թիվն աննախադեպ էր։
«Նույնիսկ այլ երկրների մասնակիցներն էին զարմանում և հիանում՝ ասելով. «Ուր գնում ենք՝ հայեր են»։ Սա հիանալի ցուցանիշ է, որը վկայում է մեր գիտական համայնքի ակտիվացման մասին»,- ասաց նա։
Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել ինչպես բանավոր զեկուցումներով, այնպես էլ պոստերային ներկայացումներով, որոնք առանձնացել են իրենց որակով։ Զեկուցումների թեմաները բազմազան էին՝ մանրէներ, խմորասնկեր, նյութափոխանակության գործընթացներ, թափոններից էներգիայի ստացման մեխանիզմներ և արդիական այլ ուղղություններ։

«Մեր մասնակիցները ներկայացրել են պոստերային երկու զեկուցում, որոնք երկուսն էլ շատ լավ են ընդունվել։ Դա նույնպես խոսում է մեր գիտական հանրության մակարդակի բարձրացման մասին»,- մատնանշեց Կարեն Թռչունյանը։
Բացի գիտական բովանդակությունից՝ գիտաժողովը կարևոր հնարավորություն էր գիտական նոր կապերի հաստատման առումով։ Անդրադառնալով այս թեմային՝ մեր զրուցակիցն ասաց․ «Տարբեր երկրների ներկայացուցիչների հետ քննարկել ենք համատեղ գիտափորձերի անցկացմանը, ուսանողների փոխանակման ծրագրերին առնչվող հարցեր։ Մտածում ենք մոտ ապագայում նմանատիպ համաժողով անցկացնել հենց Հայաստանում, ինչը բավականին լուրջ կազմակերպական և դիվանագիտական աշխատանք է պահանջում»։
«FEMS-2025»-ը համախմբել էր շուրջ 2000 մասնակիցների․ հաջորդ գիտաժողովը տեղի կունենա 2027-ին՝ Լյուբլյանայում (Սլովենիա)։ Կարեն Թռչունյանի խոսքով՝ ակնկալվում է ավելի մեծ մասնակցություն Հայաստանից։
«Այսօրինակ գիտաժողովները ոչ միայն մասնագիտական աճի, այլև ոգեշնչման աղբյուր են երիտասարդների համար։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որ նրանց մասնակցությունն այս հարթակներում դառնա շարունակական»,- շեշտեց նա։
Նշենք, որ պատվիրակության ներկայացուցիչների մեծ մասի մասնակցության ծախսերը հատուցվել են ԵՊՀ ճանապարհորդական դրամաշնորհների շրջանակում, ինչն ակնհայտորեն նպաստել է մասնակիցների ներգրավվածության ավելացմանը։