- Գլխավոր
- Նորություններ
- MIT-ից ԵՊՀ․ օտարերկրյա ուսանող Նիկոլաս Մաննոյի գիտական ուղին և հայաստանյան փորձառությունը
Օգոստոս 20, 2025 | 12:00
Կրթություն
Հետազոտություն
Ուսանողական
MIT-ից ԵՊՀ․ օտարերկրյա ուսանող Նիկոլաս Մաննոյի գիտական ուղին և հայաստանյան փորձառությունը
Արգենտինացի Նիկոլաս Ադրիել Մաննոն այս շաբաթ ավարտում է իր գիտակրթական ուղու կարևոր փուլերից մեկը՝ ամփոփելով եռամսյա հետազոտական այցը Երևանի պետական համալսարան։ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) շրջանավարտը բարձր է գնահատում ԵՊՀ գիտական միջավայրն ու այստեղ ձեռք բերած փորձը՝ առանձնապես կարևորելով համալսարանի կրթական և հետազոտական ներուժը։

Ուսումնասիրելով քիմիա և մաթեմատիկա՝ Նիկոլասը անցյալ տարի ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT)։ Այս ուսումնական տարում նա իր ակադեմիական ուղին շարունակելու է Քեմբրիջի համալսարանում՝ սկսելով դոկտորական կրթությունը։
Հայաստան, մասնավորապես Երևանի պետական համալսարան գալու միտքը հղացել է MIT-ում ձևավորված միջմշակութային կապերի շնորհիվ։
«MIT-ում ուսումնառելիս հայ և վրացի մի քանի ընկերներիս շնորհիվ իմացա Կովկասի մասին և սկսեցի հետաքրքրվել տարածաշրջանով։ Հետաքրքրասիրությունս ինձ դրդեց ներգրավվելու «MISTI-Eurasia» (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի միջազգային գիտության և տեխնոլոգիական նախաձեռնություններ-Եվրասիա) ծրագրում, որի շրջանակում ընտրեցի ԵՊՀ հաշվարկային նյութագիտության լաբորատորիայի հետ համագործակցությունը՝ լաբորատորիայի վարիչ Հայկ Զաքարյանի գլխավորությամբ․ նրա ղեկավարած նախագծի շնորհիվ կկարողանայի ընդլայնել գիտելիքներս քիմիայի ոլորտում»,- պատմում է Նիկոլասը։
Օտարերկրյա ուսանողն ընդգրկվեց հաշվարկային ֆիզիկայի և քիմիայի նախագծում, որը, նրա խոսքով, նոր և հարուստ փորձ է իր համար։

«ԵՊՀ-ում հիմնականում զբաղվում եմ հետազոտական աշխատանքով․ ամեն օր տարբեր տեսակի քվանտամեխանիկական հաշվարկներ եմ կատարում պինդ նյութերի կառուցվածքների կանխատեսման համար։ Անկեղծ պիտի ասեմ, որ ԵՊՀ-ում գտնվելու ընթացքում ձեռք բերեցի նոր հմտություններ։ Օրինակ՝ պինդ նյութերի և մոլեկուլների բարդ հաշվարկների կատարում՝ ոլորտ, որի մասին մինչ այստեղ գալս շատ քիչ բան գիտեի»,- շեշտում է երիտասարդ հետազոտողը։
Անդրադառնալով երկու ուսումնական կառույցներում կիրառվող հետազոտական մոտեցումների տարբերություններին՝ Նիկոլաս Մաննոն ընդգծում է, որ էական տարբերություններ չի նկատել։
«Դասընթացներին ներկա չեմ եղել, քանի որ ԵՊՀ էի եկել հենց հետազոտական ծրագրով։ Իհարկե, հասկանում եմ, որ MIT-ում իմ կատարած հետազոտական աշխատանքն ու այստեղի նախագիծը տարբեր ոլորտների են առնչվում, սակայն մոտեցումների առումով էական տարբերություն չեմ զգացել»,- հավելում է նա։
Հարցին, թե ինչ խորհուրդ կտա այն ուսանողներին, որոնք մտածում են նմանատիպ փորձի մասին, Նիկոլասի պատասխանը հակիրճ է․ «Պարզապես օգտվե՛ք բոլոր հնարավորություններից՝ առանց վարանելու»։
Նիկոլասը մեծ տպավորություններ է ստացել նաև Հայաստանից։ Նա տպավորված է թե՛ բնության գեղեցկությամբ, թե՛ մարդկանցով, նրանց ջերմությամբ։ Կարծում է, որ այն, ինչ սիրել է Երևանում, ոչ թե որևէ կոնկրետ վայր է, այլ մթնոլորտն է, էներգիան։

«Սիրում եմ քայլել քաղաքում, հատկապես՝ գիշերը։ Կարծում եմ՝ Երևանը շատ ակտիվ քաղաք է։ Շատ եմ սիրում զբոսնել երևանյան այգիներում և վայելել հաճախակի հանդիպող շատրվանների գեղեցկությունը»,- ժպիտով ասում է Նիկոլասը։
Նրա խոսքով՝ իր այցը Երևանի պետական համալսարան նպաստեց գիտական համագործակցության ամրապնդմանը և ապացուցեց, որ գիտությունը չունի սահմաններ։ Թեև նա արդեն պատրաստվում է մեկնելու, սակայն հույս ունի ապագայում պահպանելու կապը հայաստանյան գործընկերների հետ։
«Չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ ձևով, բայց լիահույս եմ, որ կապը կպահպանվի»,- մատնանշում է նա։