- Գլխավոր
- Նորություններ
- Տարբեր երկրների թվային կարողությունների շրջանակների լավագույն փորձը և հիմնական խնդիրները՝ առցանց համաժողովի քննարկման տիրույթում
Սեպտեմբեր 02, 2025 | 11:07
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
Տարբեր երկրների թվային կարողությունների շրջանակների լավագույն փորձը և հիմնական խնդիրները՝ առցանց համաժողովի քննարկման տիրույթում
Կայացավ Երևանի պետական համալսարանի համակարգմամբ իրականացվող «Erasmus+ eCAMPUS» «Սոցիալական հեռավորություն պահպանող և ներառական կամպուսային կրթության խթանումը Հայաստանի բուհերում. ԷլԿԱՄՊՈՒՍ» նախագծի առցանց համաժողովը, որը նվիրված էր Հայաստանի բուհերում դասավանդողների թվային կարիքների գնահատման արդյունքների ամփոփմանը և դասավանդման, ուսումնառության ու գնահատման համար թվային կարողությունների շրջանակի մշակմանը։

Ս․թ․ օգոստոսի 27-ին անցկացված «Հայաստանի բուհերում թվային կարողությունների շրջանակի ստեղծում և դրա իրագործման քաղաքականության մշակման փաստաթուղթ» խորագրով առցանց համաժողովին գրանցվել և մասնակցում էին հայաստանյան և եվրոպական բուհերի և կրթական հաստատությունների շուրջ 90 ներկայացուցիչներ։
ԵՊՀ որակի ապահովման կենտրոնի տնօրեն, նախագծի համակարգող Արմեն Բուդաղյանը հանդես եկավ ողջույնի խոսքով, ապա մեկ անգամ ևս ներկայացրեց «eCAMPUS» նախագծի հիմնական նպատակները և առաջիկայում նախատեսվող գործողությունները։ Նա հատկապես կարևորեց ՀՀ բուհերի համար թվային կարողությունների շրջանակի ստեղծման աշխատանքները։ Այնուհետև Հյուսիսային համալսարանի պրոռեկտոր Լուսինե Ֆլջյանը ներկայացրեց տարբեր երկրների թվային կարողությունների շրջանակների լավագույն փորձը և հիմնական խնդիրները։

Համաժողովի առաջին հատվածում ելույթներով հանդես եկան և իրենց փորձը ներկայացրին նախագծի եվրոպական գործընկեր բուհերի ներկայացուցիչները՝ Ջիովանի Ադորնին (Ջենովայի համալսարան), Ռուի Մենդեսը (Լիսաբոնի համալսարան), Խուակին Լաբրան (Մադրիդի համալսարան) և Վիկտոր Կորդասը (Ստոկհոլմի թագավորական ինստիտուտ)։ Նրանք ներկայացրին իրենց երկրներում թվային կարողությունների շրջանակները, դրանց մշակման և գործարկման առանձնահատկությունները։
Համաժողովի երկրորդ հատվածում ելույթ ունեցան նախագծի հայաստանյան բուհերի ներկայացուցիչները՝ Արամ Հայրապետյանը (ԵՊԲՀ), Արթուր Ավագյանը (ԵՊՀ), Մարիաննա Հարությունյանը (ԵՊՄՀ), Լուսինե Ֆլջյանը (ՀՀ), որոնք ներկայացրին իրենց բուհերում ուսանողների և դասախոսների թվային կարիքների գնահատման հարցումների արդյունքները։ Այնուհետև, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանն ամփոփեց ՀՀ ութ բուհերում անցկացված հարցումների արդյունքները՝ շեշտադրելով հիմնական խնդիրները և կարիքները։

Համաժողովի քննարկման հիմնական թեման հայաստանյան բուհերի համար թվային կարողությունների շրջանակի ներդրման և իրագործման քաղաքականության փաստաթուղթն էր, որը մանրամասն ներկայացրեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի որակի գնահատման և ապահովման կենտրոնի տնօրեն Արամ Հայրապետյանը։ Ջենովայի համալսարանի պրոֆեսոր Ջիովանի Ադորնին ներկայացրեց թվային հմտությունների ներդրման գործնական քայլերը դասավանդման, ուսումնառության և գնահատման գործընթացներում։
Համաժողովի ավարտին մասնակիցները կարևորեցին հայաստանյան բուհերի դասավանդողների թվային կարողությունների զարգացումը և համապատասխան շրջանակի ներդրումը։
Համաժողովը ամփոփեց նախագծի համակարգող Արմեն Բուդաղյանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին և կարևորելով գործընկերների ու բոլոր շահակիցների հետ հանդիպումներն ու քննարկումները։