- Գլխավոր
- Նորություններ
- Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում՝ նվիրված Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին
Սեպտեմբեր 24, 2025 | 16:07
Գիտություն
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
Միջոցառումներ
Միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում՝ նվիրված Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին
ԵՊՀ-ում մեկնարկեց «Կենսաբանական գիտություններ և բնապահպանական լուծումներ՝ հանուն կայուն զարգացման նպատակների» առաջին գիտաժողովը, որը միջազգային հարթակ է՝ ուղղված բնապահպանական հրատապ խնդիրներին և զարգացման մարտահրավերների կայուն լուծումներին: Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակին, ինչպես նաև Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակին նվիրված գիտաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև պարգևատրման արարողություն:

Կենսաբանության ֆակուլտետը հիմնադրվել է 1935 թվականին, սակայն նրա պատմությունն սկսվում է համալսարանի հիմնադրման առաջին իսկ օրից: Այն, լինելով ՀՀ գիտակրթական առաջատար կենտրոններից մեկը, պատրաստում է կենսաբանության տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Ֆակուլտետի շրջանավարտներն աշխատում են աշխարհի առաջատար կրթական և հետազոտական հաստատություններում: Կենսաբանական և բնապահպանական գիտությունները կարևոր դեր են խաղում այնպիսի հրատապ խնդիրների լուծման գործում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, պարենային անվտանգությունը, ջրի սակավությունը և հանրային առողջապահական ճգնաժամերը, որոնք առանցքային նշանակություն ունեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների համար:
Գիտաժողովը նպատակ ունի համախմբելու առաջատար գիտնականների, մանկավարժների, քաղաքական գործիչների և տարբեր ոլորտների մասնագետների, որոնք ուսումնասիրում են կենսաբանական գործընթացների, շրջակա միջավայրի կառավարման և տեխնոլոգիական նորարարությունների փոխադարձ կապը:
Գիտաժողովի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում կայուն զարգացման միջառարկայական մոտեցումներին՝ խթանելով համընդհանուր համագործակցությունը և կապելով հետազոտությունն ու պրակտիկան:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շնորհավորելով ֆակուլտետի և գիտահետազոտական ինստիտուտի հոբելյանների առթիվ, կարևորեց գիտաժողովի նշանակությունը․ «Այն համախմբել է տարբեր երկրների գիտնականների, ինչը վկայում է բնապահպանական խնդիրների և տարբեր մարտահրավերների լուծման ուղղությամբ համագործակցային հարթակի ստեղծման մասին։ Ուշագրավ է, որ գիտաժողովը անցկացվում է Կենսաբանության ֆակուլտետի 90-ամյակի և Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի 10-ամյակի առթիվ։ Ֆակուլտետը մեր երկրի առաջատար գիտակրթական կենտրոններից է, որտեղ պատրաստվում են կենսաբանության տարբեր ոլորտների բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Շրջանավարտները այսօր աշխատում են աշխարհի առաջատար համալսարաններում և գիտահետազոտական հաստատություններում։ Ինստիտուտը վերջին տարիներին արձանագրել է նշանակալի առաջընթաց միջազգային ճանաչում ունեցող գիտական ամսագրերում հրապարակումների թվով և որակով։
Հայաստանում սպասվող «COP17»-ին ընդառաջ կազմակերպվող այս գիտաժողովը կարևոր քայլ է նաև նախապատրաստական առումով»։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր շնորհավորական խոսքում շեշտեց միջոցառման կարևորությունն ու նշանակությունը՝ ընդգծելով. «Այս գիտաժողովը բոլորիս համախմբել է մեկ հարթակում, որտեղ պատրաստվում ենք քննարկելու մեր ժամանակի կարևորագույն խնդիրները և դրանց լուծմանը միտված քայլերը։ Սա լավագույն վկայությունն է այն ձեռքբերումների, որոնք արձանագրում է ֆակուլտետն իր գործունեության ընթացքում։ Թերևս չափազանցություն չի լինի ասել, որ կենսաբանական գիտությունների կրթական և հետազոտական ծրագրերը մեր ամենաակտիվ ուղղություններից են։ Դրանք տեսանելի են ինչպես գիտական հրապարակումներում և լաբորատոր աշխատանքներում, այնպես էլ կրթական գործընթացի ցուցանիշներում, որոնք վկայում են այս ոլորտների նկատմամբ տարեցտարի աճող հետաքրքրության մասին։ Այս ամենը առավել ընդգծվում է միջազգային համագործակցությամբ. այսօր ֆակուլտետը հյուրընկալում է արտերկրի բազմաթիվ ուսանողների և հետազոտողների, որոնք ակտիվորեն ներգրավված են թե՛ կրթական, թե՛ գիտական գործընթացում։ Սա է ժամանակակից բարձրագույն կրթության և հետազոտության պատկերը։ Երբ խոսում ենք այդ գործունեության մասին, առաջին հերթին նկատի ունենք միջազգային մրցունակությունը, որը մեր աշխատանքը դարձնում է տեսանելի ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Կենսաբանության ֆակուլտետի օրինակը, կարծում եմ, այս առումով ուղենիշային է։ Ուրախ եմ, որ այս խոսակցությունը տեղի է ունենում նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի համատեքստում։ Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ այդ օրենքը բացում է նոր հնարավորություններ միջազգայնացման, որակական նոր չափանիշների հաստատման և այլ ուղղություններով։ Վստահ եմ, որ բուհերը կկարողանան լիարժեք օգտվել այդ հնարավորություններից»։

Նախարարը նշեց նաև Կենսաբանության ֆակուլտետում ձևավորված ենթակառուցվածքների կարևորությունը. «Այսօր ֆակուլտետում ունենք միջավայր, որը միջազգային մակարդակով մրցունակ է թե՛ առկա սարքավորումներով, թե՛ հետազոտական ներուժով։ Վստահ եմ, որ այն կծառայի նաև մեր երկրի զարգացմանը։ Մեր կարևոր որոշումների մեծ մասը կախված է հետազոտողների, գիտնականների և դասախոսների քննարկումներից։ Հուսով եմ, որ համաժողովի արդյունքներով կունենանք առաջարկությունների մի շարք, որոնք մեր համապատասխան մարմինները կքննարկեն հետագա քաղաքականությունների մշակման ընթացքում»։
Գիտաժողովի ընթացքում արդյունավետ գիտական գործունեության, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում և ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում կատարված մեծածավալ աշխատանքների, ինչպես նաև ֆակուլտետի 90-ամյակի և ինստիտուտի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալով պարգևատրվեցին Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Արմենի Թռչունյանը և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Արամայիսի Ղազարյանը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչը, փոխանցելով նախարար Համբարձում Մաթևոսյանի շնորհավորական ուղերձը, շեշտեց. «Գիտաժողովը բացառիկ հնարավորություն է համախմբելու գիտական շրջանակներին, պետական կառույցներին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին՝ միասին մշակելու այնպիսի լուծումներ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պաշտպանությանը և կծառայեն կայուն զարգացման նպատակների իրականացմանը»։

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը, անդրադառնալով ֆակուլտետում իր ավելի քան 20-ամյա գործունեությանը, փաստեց. «Ֆակուլտետը իր պատմության ընթացքում անցել է զարգացման տարբեր փուլերով։ Եթե սկզբնական շրջանում կենսաբանությունը՝ որպես գիտություն, առավելապես նկարագրողական բնույթ ուներ, ապա տարիների ընթացքում գրանցվել են լուրջ առաջընթացներ։ Առաջիկայում նախատեսվում է ստեղծել և իրականացնել նոր մագիստրոսական ծրագրեր։ Բացի դրանից՝ մեր հրավիրյալ գործընկերների ներգրավմամբ կփորձենք լրացնել գիտակրթական այն բացերը, որոնք դեռ առկա են։
90 տարին մեծ ճանապարհ է։ Ֆակուլտետն ունի հարուստ ավանդույթներ, և վստահ եմ, որ դրանք շարունակվելու են։ Ուսանողների, դասախոսների և գիտնականների համագործակցությունը, ստեղծված միասնությունը ապագայում ևս կզարգանան՝ բերելով նոր հաջողություններ։ Մեր ֆակուլտետը լավագույն օրինակներից է, երբ կրթությունը զուտ կրթություն չէ, այլ գիտահենք կրթություն։ Այդ պատճառով էլ մեր շրջանավարտները միշտ գտնում են իրենց տեղը աշխատաշուկայում և լինում են պահանջված»։

ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը, անդրադառնալով ինստիտուտի 10-ամյակին և գիտաժողովի կարևորությանը, իր շնորհավորական ելույթում մասնավորապես ասաց. «Թեև այս գիտաժողովը իր տեսակով առաջինն է ԵՊՀ-ում, բայց, վստահաբար, ո՛չ վերջինը։ Սրանով մենք բացում ենք նոր հնարավորությունների դռներ թե՛ Հայաստանի և թե՛, ինչպես միշտ սիրում եմ ասել, լավագույն համալսարանի՝ ԵՊՀ-ի, լավագույն ֆակուլտետի և լավագույն ինստիտուտի համար։ Մենք տարեցտարի արձանագրում ենք առաջընթաց տարբեր ոլորտներում, հյուրընկալում ենք լավագույն մասնագետների աշխարհի առաջատար համալսարաններից և միշտ բաց ենք նրանց ընդունելու, համագործակցությունը շարունակելու համար»։
Կենսաբանության ֆակուլտետի հիմնադրման 90-ամյակի առթիվ գիտակրթական ոլորտում ունեցած ավանդի և ծավալած բեղուն գործունեության համար ԵՊՀ ռեկտորը պատվոգրերով, շնորհակալագրերով, ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով պարգևատրեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների։