- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական ամենամյա գիտաժողովը՝ ուսանողների, երիտասարդ գիտնականների և հետազոտողների համախմբման հարթակ
Հոկտեմբեր 06, 2025 | 16:07
Գիտություն
Կոնֆերանսներ
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական ամենամյա գիտաժողովը՝ ուսանողների, երիտասարդ գիտնականների և հետազոտողների համախմբման հարթակ
Մեկնարկեց ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Գիտաժողովի առանցքային նպատակներից է երիտասարդ հետազոտողների և ուսանողների համար ստեղծել հարթակ՝ ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունների արդյունքները, կատարելագործելու գիտական աշխատանք կատարելու հմտությունները, ինչպես նաև գործընկերային կապեր հաստատելու Հայաստանի և արտերկրի երիտասարդ հետազոտողների հետ՝ նախանշելով համատեղ հետազոտություն կատարելու հնարավորությունները։

Ամեն տարի ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովի մեկնարկն ազդարարվում է մայր բուհում, սակայն այս տարի բացման արարողությունն անցկացվեց Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը՝ խորհրդանշական նոր իմաստ հաղորդելով գիտաժողովին, որն այս տարի նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Գիտաժողովին մասնակցության համար այս տարի ներկայացվել է 344 դիմում-հայտ, որոնցից 49՝ արտերկրից։ Մասնագիտական գրախոսության փուլը հաղթահարել են 218 մասնակիցներ, որոնցից 30-ը՝ արտերկրից։ Ամենամեծ թվով օտարերկրյա մասնակիցներ են գրանցվել Ռուսաստանից և Վրաստանից, մասնակիցներ կան նաև Իրանից, Իրաքից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Եգիպտոսից, Ֆրանսիայից, անգամ՝ Մարոկկոյից։

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, կարևորելով գիտաժողովում տարբեր երկրներից բազմաթիվ մասնակիցների ներգրավման փաստը, ասաց․ «Այս միջոցառումն ինքնին շատ հետաքրքիր և կարևոր է։ ՈՒԳԸ-ն բազում հնարավորություններ է ընձեռում լսարանից, կրթական ծրագրերից դուրս հետազոտական նոր աշխատանքներ կատարելու, նոր բան սովորելու, տարբեր ոլորտների մասնագետների հետ շփվելու տեսանկյունից։ Ուսանողական այս կառույցը, թերևս, ամենահետաքրքիր ձևաչափերից մեկն է ուսանողների ինքնակազմակերպման համար։ Ամենամյա այս գիտաժողովը, լինելով կարևոր իր բովանդակությամբ, ծավալով և ներգրավման մասշտաբներով, կարևոր է նաև որպես մի յուրատիպ «կանգառ», որի միջոցով հնարավորություն ես ստանում թե՛ դեպի հետ, թե՛ դեպի առաջ հայացք նետելու և տեսնելու, թե ինչ նոր բան հնարավոր է անել գիտության ոլորտում։ Այս տարվա գիտաժողովի խորհուրդը ևս չափազանց կարևոր է։ Կարծում եմ, որ վերլուծական մտքով և գիտական մեթոդներով պատմական կարևոր և շատ դրամատիկ իրադարձություններին անդրադառնալը մեզ օգնում է շատ ավելի լավ հասկանալու, թե ով ենք մենք, ինչ պետք է անենք և դեպի ուր ենք գնում։ Ըստ իս՝ մեր ինքնության իմաստավորման առումով ԵՊՀ-ն ՀՀ առանցքային դերակատարներից է և ինքնության ամենակարևոր պաշտպանը»։

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Բաղումյանը, անդրադառնալով ավանդույթ դարձած գիտաժողովի անցկացմանը, նշեց. «Հայ իրականության մեջ հայտնի ամենահին կառույցի՝ Ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումները միավորել են տարբեր երկրների երիտասարդ հետազոտողների՝ տրամադրելով մի հարթակ, որտեղ նրանք հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց գիտական ձեռքբերումները, գիտելիքները և փորձը։ Սա կարևոր հնարավորություն է գիտական մտածողությունը խթանելու, գործակցային կապեր ձևավորելու և գիտության հանդեպ սեր ու պատասխանատվություն սերմանելու առումով։ ԵՊՀ ՈՒԳԸ-ն մշտապես եղել է երիտասարդների գիտական ներուժը բացահայտելու և այն զարգացնելու գլխավոր հենասյուներից մեկը։ Մենք համոզված ենք, որ երիտասարդ գիտնականն է այն ուժը, որը ձևավորում է երկրի ապագան»։
Միջոցառման ժամանակ ԵՊՀ ՈՒԳԸ զարգացման գործում ունեցած ավանդի, կառույցի հեղինակությունը բարձր պահելու համար «ՈՒԳԸ պատվավոր անդամ» կոչմանն արժանացավ 2008-2011 թթ․ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ, այժմ՝ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը։

«Այս կոչմանն արժանանալը, ըստ իս, ԵՊՀ ՈՒԳԸ տարբեր սերունդների միջև շարունակական կապի ապահովման խորհրդանիշ է։ Մեզ բոլորիս միավորում է մի գաղափար՝ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր ուսանող կարող է իր առաջին քայլերն անել գիտության ոլորտում, սովորել թիմում աշխատել, հանդես գալ սեփական նախաձեռնություններով և կյանքի կոչել դրանք։ Անշուշտ, այս նախաձեռնությունները ինձ համար ժամանակին մեծ փորձառություն էին ոչ միայն գիտության, այլև կազմակերպական, առաջնորդական հմտությունների զարգացման իմաստով։ Լիահույս եմ, որ այստեղ ներկա ուսանողներից յուրաքանչյուրի համար ՈՒԳԸ-ն դառնալու է մասնագիտական աճի յուրօրինակ հարթակ»,- մատնանշեց Կառլեն Խաչատրյանը։
Նա ընդգծեց նաև, որ ԵՊՀ ՈՒԳԸ կազմում են եղել ուսանողներ, որոնք հետագայում դարձել են հաջողակ գիտնականներ, դասախոսներ, պետական ու քաղաքական գործիչներ, իրենց ոլորտում հայտնի մասնագետներ։ Նրա խոսքով՝ սա լավագույն ապացույցն է այն բանի, որ ԵՊՀ ՈՒԳԸ-ն, Հայաստանի ամենահին ուսանողական կառույցը լինելուց զատ, նաև գաղափարների, գիտական որոնումների, անձնական աճի յուրօրինակ հարթակ է։

Հոկտեմբերի 6-10 անցկացվող գիտաժողովի շրջանակում մասնակիցները հանդես կգան զեկուցումներով, կանցկացվեն գիտաճանաչողական այցեր Հայաստանի վանքեր և վանական համալիրներ, մշակութային հանդիպումներ և այլն: Գիտաժողովի շրջանակում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում այսօր մեկնարկել է նաև ցուցադրություն, որը ևս նվիրված է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Նշենք, որ գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության մշակութային հատվածը ապահովեց Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Քրիստինա Ոսկանյան)։