- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում նշվեց Գրադարանավարի օրը
Հոկտեմբեր 07, 2025 | 16:17
Գիտություն
Գրադարան
Կրթություն
ԵՊՀ-ում նշվեց Գրադարանավարի օրը
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում տեղի ունեցավ Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառում, որի նպատակն էր միավորել բուհերի ակադեմիական գրադարանների գրադարանավարներին՝ ծանոթության և համագործակցության նոր հարթակ ձևավորելու, ինչպես նաև ոլորտի խնդիրներն ու դրանց նորարարական լուծումները քննարկելու համար։ Միջոցառմանը մասնակցում էին տարբեր բուհերի գրադարանների տնօրեններ և գրադարանավարներ, որոնք անդրադարձան ոլորտում առկա մարտահրավերներին և կիրառվող ժամանակակից լուծումներին։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով գրադարանների դերն ու գրադարանավարի մասնագիտության արժևորման անհրաժեշտությունը, ասաց․ «2004 թվականից ի վեր՝ հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր՝ մասնագիտությունն արժևորելու և գրադարանների նշանակությունն ընդգծելու նպատակով։ Այսօր գրադարաններն ունեն մի շարք խնդիրներ, որոնցից զերծ չէ նաև ԵՊՀ-ն, սակայն մենք հետևողականորեն աշխատում ենք այդ խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ։ Եթե իմ ուսանողական տարիներին որևէ հոդված կամ գիրք գտնելը բավականին դժվար էր և մեծ ջանք էր պահանջում, ապա այժմ այդպես չէ․ արդեն հասանելի են միջազգային տվյալների մի շարք բազաներ ինչպես մեր աշխատակազմին, այնպես էլ ուսանողներին»։

Խոսելով ԵՊՀ գրադարանում նախատեսվող կառուցվածքային նորարարությունների մասին՝ ԵՊՀ ռեկտորը նշեց․ «Համալսարանի գրադարանը երկար տարիներ գործում է Իզմիրլյանների ընտանիքի հովանու ներքո։ Նրանց անգնահատելի աջակցությամբ էլ այս տարի գրադարանի առաջին հարկում կառուցվում է ազատ տարածք, որը կդառնա ուսանողների և պրոֆեսորադասախոսական համակազմի համար աշխատանքային սիրելի միջավայր»։

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Ավետիք Մեջլումյանը, շնորհավորելով գրադարանավարներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ընդգծեց․ «Օրն առավել առանձնահատուկ է, քանի որ այստեղ համախմբվել են Հայաստանի տարբեր բուհերի գրադարանավարներ։ Այսպիսի հանդիպումները կարևոր են ոչ միայն ճանաչողական, այլև գործակցային առումով։ Գրադարանը երբեք չի եղել պարզապես գրքերի պահպանման վայր․ այն կենդանի միջավայր է, որտեղ գիտելիքը շարունակաբար վերածնվում է։ Մեր գերագույն նպատակն է, որ ԵՊՀ գրադարանը շարունակի զարգանալ՝ քայլելով ժամանակակից տեխնոլոգիական զարգացմանը համահունչ, և դառնա ոչ միայն ուսումնագիտական, այլև մշակութային ու ստեղծագործական հարթակ»։
Ավետիք Մեջլումյանը փաստեց՝ գրադարանավարի աշխատանքը գիտելիքի տարածման և մշակույթի պահպանման առաջնագծում է։
«Այսօր այստեղ գտնվելը հարգանքի տուրք է բոլոր նրանց, ովքեր տարիներ շարունակ իրենց անտեսանելի, բայց չափազանց կարևոր աշխատանքով պահպանում են «գիտելիքի տունը»՝ գրադարանը»,- մատնանշեց նա։

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի երկրորդ կարգի գրադարանավար, միջոցառման կազմակերպիչ Աննա Խալաթյանն ընդգծեց, որ այս միջոցառումը նաև հիանալի հնարավորություն էր փոխադարձ կապեր հաստատելու և համագործակցության եզրեր գտնելու տեսանկյունից։
«Միջոցառման շնորհիվ մեր նորանշանակ տնօրենը հնարավորություն ունեցավ ծանոթանալու այլ բուհերի գրադարանավարների հետ։ Սա ոչ միայն փորձի փոխանակման, այլև գրադարանային համայնքի հետ համատեղ ծրագրեր մշակելու կարևոր քայլ էր։ Այսօր հյուրընկալեցինք 19-ից ավելի բուհերի գրադարանների ներկայացուցիչների»,- ասաց նա։

Նշենք, որ Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրեց Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի երկարամյա աշխատակից, համակարգչային ծառայությունների և ավտոմատացման բաժնի վարիչ Աիդա Սարգսյանին՝ նվիրված և երկարամյա աշխատանքի համար։
Միջոցառման ընթացքում հյուրերը շրջայց կատարեցին ԵՊՀ գրադարանում, ծանոթացան թեմատիկ ցուցադրության շրջանակում ներկայացված գեղարվեստական աշխատանքներին, որոնց հեղինակները շնորհալի գրադարանավարներն են։
Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով, որի շրջանակում համերգային գեղեցիկ ծրագրով հանդես եկան ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի սաները։
Հավելենք, որ ԵՊՀ գրադարանի տնօրենը շնորհակալագրեր հանձնեց ԵՊՀ մարքեթինգի բաժնի ղեկավար Քնար Միսակյանին, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Սարգիս Հովսեփյանին, Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի գլխավոր գրադարանավար, ցուցահանդեսի կազմակերպիչ Սիմա Ղազախեցյանին՝ նվիրված աշխատանքի և միջոցառման կազմակերպմանն աջակցելու համար։