- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում էր Բելգիայի թագուհին՝ ուսանողների հետ քննարկելու կայուն զարգացմանն առնչվող հարցերը
Հոկտեմբեր 14, 2025 | 16:24
Կրթություն
Հասարակություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում էր Բելգիայի թագուհին՝ ուսանողների հետ քննարկելու կայուն զարգացմանն առնչվող հարցերը
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության թագուհի Մաթիլդան այցելեց Երևանի պետական համալսարան՝ հանդիպելու ԵՊՀ ուսանողների հետ։ Այցի շրջանակում կարևորվեց կրթության, ինչպես նաև երիտասարդության դերակատարումը կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում։

Բելգիայի թագուհի Մաթիլդան աշխատանքային այցով Հայաստանում է՝ որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան։ Նրա այցը Հայաստան նպատակ ունի խթանելու կայուն զարգացման միջազգային օրակարգը՝ ուշադրություն դարձնելով կրթությանը, սոցիալական ներառմանը, շրջակա միջավայրի պահպանությանը և առողջապահությանը։ Այցի շրջանակում նա հանդիպումներ է ունենում երիտասարդության և կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ։ Թագուհու օրակարգում էր նաև այցը Երևանի պետական համալսարան, որտեղ քննարկումներ անցկացվեցին Սոցիոլոգիայի, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության, Տնտեսագիտության և կառավարման, ինչպես նաև Կենսաբանության ֆակուլտետների ուսանողների հետ։ Քննարկմանը նրանք ներկայացրին իրենց գաղափարներն ու մոտեցումները՝ կապված կայուն զարգացման նպատակների իրականացման հնարավորությունների հետ։

Հանդիպման շրջանակում Բելգիայի թագուհին առանձնահատուկ ուշադրություն դարձրեց կրթության կարևորությանը և ընդգծեց․ «Մենք գտնվում ենք Հայաստանի ամենավաղ հիմնադրված համալսարանում՝ իդեալական վայր վերահաստատելու կրթության կարևորությունը և հիշեցնելու, որ կրթությունը յուրաքանչյուր երեխայի հիմնարար իրավունքն է։ Սակայն այսօր աշխարհում այս իրավունքը դեռևս լիարժեքորեն ապահովված չէ։ Կրթությունը ոչ միայն նոր բացահայտումների ուրախություն է բերում և նպաստում անհատական զարգացմանը, այլև ամենակարճ ճանապարհն է մասնագիտական և լուսավոր ապագայի։ Կրթությունն ամենաարդյունավետ գործիքներից մեկն է աղքատության և մարգինալացման դեմ պայքարում։ Ահա թե ինչու է ՄԱԿ-ը կրթությունը ներառել կայուն զարգացման իր առաջնահերթ նպատակների շարքում, որոնք պետք է իրականացվեն մինչև 2030 թվականը»։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արժևորելով Բելգիայի թագուհու այցը ԵՊՀ, նշեց, որ նա՝ որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, կարևոր դերակատարում ունի համաշխարհային օրակարգում՝ խթանելով կրթության, սոցիալական համերաշխության և կայուն զարգացման արժեքները:

«Այս արժեքները լիովին համապատասխանում են Հայաստանի ազգային առաջնահերթություններին, մասնավորապես կրթության և երիտասարդության հզորացման ոլորտներում: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը խստորեն հանձնառու է կայուն զարգացման նպատակների իրականացմանը, որոնք արտացոլվում են ռազմավարական քաղաքականության փաստաթղթերում և ոլորտային ծրագրերում: Մեր ջանքերը հատկապես կենտրոնացած են ներառական և արդար, որակյալ կրթության ապահովման, նորարարության և հետազոտությունների, մշակութային բազմազանության խթանման և երիտասարդության մասնակցության խրախուսման վրա, որոնք բոլորն էլ կայուն զարգացման կարևոր բաղադրիչներ են»,- մատնանշեց նախարարը՝ շեշտելով, որ թագուհու այցը կամրապնդի համագործակցությունը և կընձեռի նոր հնարավորություններ կայուն զարգացման նպատակների իրականացման համար։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի մայր բուհ և խոշոր բարձրագույն ուսումնական հաստատություն, իր առաքելության շրջանակում լուծում է մի շարք կարևոր հիմնախնդիրներ։ Դրանց շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում որակյալ կրթության ապահովումը, գիտահետազոտական և նորարարական գործունեության խթանումը, ինչպես նաև հասարակությանը ծառայությունների մատուցումը։

«ԵՊՀ հետազոտական օրակարգը լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին հարող ոլորտներին։ Համալսարանը մշտապես ակտիվ դերակատարում է ունեցել և նախաձեռնողականություն է ցուցաբերել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման գործում։ Որպես Հայաստանի խոշորագույն ակադեմիական և հետազոտական կենտրոն՝ ԵՊՀ-ն ամբողջապես գիտակցում է իր պատասխանատվությունն ու հանձնառությունը՝ խթանելու կայուն զարգացման սկզբունքներն ու գաղափարները, մասնավորապես կրթության և գիտահետազոտական գործունեության միջոցով։ Պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն ու համալսարանի հետազոտական կենտրոնները ակտիվորեն ներգրավված են ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում իրականացվող բազմաթիվ ծրագրերում։ Նրանց ուսումնասիրությունները կենտրոնացած են վերականգնվող էներգիայի, կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության պահպանության, «կանաչ» տնտեսության, սոցիալական արդարության և արդիական այլ հիմնախնդիրների վրա»,- ասաց նա և հավելեց, որ ԵՊՀ-ն Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կազմում գործող Կայուն զարգացման կենտրոնի միջոցով նպաստում է կայուն զարգացման նպատակների իրականացմանը։
Ռեկտորի խոսքով՝ վերոհիշյալ կենտրոնում կատարվում են հետազոտություններ՝ Հայաստանում շրջակա միջավայրի մշտադիտարկման, կայուն հողօգտագործման և աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ։ Բացի դրանից՝ կենտրոնը նպատակ ունի աջակցելու ՀՀ Կառավարությանը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների՝ ազգային և միջազգային մակարդակներում իրագործման ուղղությամբ` ապահովելով նաև հանրային մասնակցությունը։

Երևանի պետական համալսարանում կայացած հանդիպման ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը համալսարանի ուսանողների, դասախոսների, ինչպես նաև աշխատակիցների անունից Բելգիայի թագուհուն հանձնեց ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի հուշադրամ։
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպումից հետո Երևանի պետական համալսարանի ռեկտորի աշխատասենյակում անցկացվեց քննարկում, որի ժամանակ Բելգիայի թագուհին ավելի անմիջական քննարկումներ ունեցավ մի քանի ուսանողների հետ։ Այս հանդիպումը հնարավորություն տվեց ծանոթանալու ուսանողների գաղափարներին և կարծիքներին, ինչպես նաև խոսելու կայուն զարգացման նպատակներին ուղղված նախաձեռնությունների մասին։