- Գլխավոր
- Նորություններ
- Իտալերենի շաբաթն այս տարի կանցնի «Իտալախոս աշխարհ. լեզու առանց սահմանների» խորագրի ներքո
Հոկտեմբեր 15, 2025 | 13:03
Միջազգային համագործակցություն
Միջոցառումներ
Մշակույթ
Իտալերենի շաբաթն այս տարի կանցնի «Իտալախոս աշխարհ. լեզու առանց սահմանների» խորագրի ներքո
ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Իտալախոս աշխարհ. լեզու առանց սահմանների» խորագրով «Իտալերենի շաբաթ» միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը: Ամեն տարի ամբողջ աշխարհում հոկտեմբերի երրորդ շաբաթը նվիրվում է իտալերենին՝ խթանելու լեզվի և իտալական մշակույթի զարգացումը:
Իտալերենի շաբաթը յուրաքանչյուր տարի անցկացվում է որևէ խորագրի ներքո: Այս տարվա «Իտալախոս աշխարհ. լեզու առանց սահմանների» խորագիրը հնարավորություն է ընձեռում շեշտադրելու իտալերենի լեզվական, մշակութային, պատմական ասպեկտները, ինչպես նաև իտալերենի ստեղծագործական ուժն իր բազմազան դրսևորումներով:
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանն ընդգծեց, որ թեպետ Իտալիան շատ մեծ երկիր չէ, այնուամենայնիվ վայելում է այնպիսի հեղինակություն, որ անհնարին է դարձնում այդ լեզուն չնկատելը. «Իտալիան ոճ թելադրող երկիր է թե՛ նորաձևության ու արվեստի բնագավառում, թե՛ սպորտում: Կարծում եմ՝ կհամաձայնեք ինձ հետ, որ այն ամենը, ինչ նորաձև է, գեղեցիկ, հետաքրքիր ու ինքնատիպ, իտալական է համարվում: Շատ ուրախ եմ, որ հայ-իտալական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, և դա ամենևին էլ զարմանալի չէ, քանի որ մենք՝ հայերս, նման ենք իտալացիներին շատ առումներով»:
ԵԼՀ ֆակուլտետի դեկանն ընդգծեց նաև, որ ֆակուլտետում ուսանողներն իտալերեն սովորում են մեծ ոգևորությամբ, իսկ դասավանդումը նրանց համար ապահովում է լեզվի իմացության բարձր մակարդակ: Նա իտալերենի դասավանդման, մշակույթի տարածման տեսանկյունից կարևորեց նաև մշտական սերտ համագործակցությունը Հայաստանում Իտալիայի Հանրապետության դեսպանատան հետ:
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին նշեց, որ անչափ ոգևորված է միջոցառմանը բազմաթիվ ուսանողների ներկայությունից։
«Սա վկայում է Հայաստանում իտալերենի հանդեպ օրեցօր աճող հետաքրքրության մասին։ Իտալերենն ամփոփում է հումանիզմի արժեքներ՝ լինելով միաժամանակ պարզ և հարուստ լեզու, արտահայտելով համամարդկային գաղափարների ամբողջություն։ Իտալերենը ստեղծարարության, արվեստի, մշակույթի, երաժշտության, գրականության շարժիչ ուժն է եղել բոլոր ժամանակներում և մինչ օրս շարունակում է լինել այդպիսին»,- ասաց դեսպանն ու ընդգծեց, որ իտալերենը հին, բայց միաժամանակ դինամիկ, փոփոխվող լեզու է։
Դեսպանը հիշատակեց նաև, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից հետո Իտալիան տնտեսական և արդյունաբերական մեծ զարգացում ապրեց՝ խթանելով նաև լեզվի զարգացումը. «Իտալերենով խոսում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Չմոռանանք, որ վերջին երկու դարաշրջանում բազմաթիվ իտալացիներ արտագաղթեցին, բայց, այնուամենայնիվ, պահպանեցին իրենց ինքնությունը հենց լեզվի և մշակույթի միջոցով»։
Նա շեշտեց, որ Իտալիան հայտնի է ամբողջ աշխարհում իր հազարամյա պատմությամբ, մշակութային ժառանգությամբ և ավանդույթներով․ ուսանողները, յուրացնելով իտալերենը, հնարավորություն կունենան ընդլայնելու ոչ միայն իրենց մտահորիզոնը, այլ նաև հնարավորությունները ժամանակակից աշխարհի աշխատաշուկայում։
Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը նշեց, որ իտալերենն իր ուրույն տեղն ունի ԵՊՀ-ում դասավանդվող լեզուների շարքում. «ԵՊՀ-ում իտալերենի դասավանդումը մեկնարկել է դեռևս անցյալ դարի 60-ական թվականներից, և այս տարիների ընթացքում ձևավորվել են դասավանդման հարուստ ավանդույթներ: Նկատի ունենալով մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ ուզում եմ առանձնահատուկ նշել, որ այս լեզուն մեզ համար ունի պատմամշակութային արժեք: Մշտապես մեր ուշադրության կենտրոնում է իտալերենի կրթական ծրագրերի կատարելագործումը՝ հաշվի առնելով նաև մեր իրականության մեջ տեղի ունեցող դինամիկ փոփոխությունները»:
Հասմիկ Բաղդասարյանը հավելեց նաև, որ ԵՊՀ-ում իրագործվում է «Անգլերեն, իտալերեն և հաղորդակցություն» բակալավրի կրթական ծրագիրը, որը, լինելով արդիական, միջգիտակարգային և մրցունակ, ամբողջովին համահունչ է աշխատաշուկայի պահանջներին:
Միջոցառման շրջանակում ուսանողները խոսեցին ԵՊՀ-ում իտալերենի դասավանդման պատմության և հեռանկարների մասին, բեմադրեցին թատերական փոքրիկ ներկայացում, ինչպես նաև ներկայացրին իտալացի բանաստեղծների ստեղծագործություններ, հանդես եկան երաժշտական կատարումներով:
Նշենք, որ «Իտալերենի շաբաթ» միջոցառման շրջանակում իտալերեն ուսումնասիրող ուսանողների համար դասախոսություն կկարդա Պերուջայի՝ օտարերկրացիների համար համալսարանի դասախոս, դոկտոր Բորբալա Սամուն՝ «Իտալական ուսումնասիրություններ պատմության, լեզուների և ժամանակակից երաժշտական մշակույթի սահմաններից այն կողմ» թեմայով: Կկազմակերպվի նաև դասախոսների վերապատրաստման դասընթաց, որը կանցկացնեն Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի դասախոսներ, դոկտոր Գրացիանո Սեռաջոտոն և դոկտոր Կամիլիա Սպալիվիերոն:
Հարկ է ընդգծել, որ վերջերս Իտալիայի ԱԳՆ-ն և ՀՀ-ում Իտալիայի դեսպանատունը ԵՊՀ ռոմանական բանասիրության ամբիոնին են նվիրել իտալերենի դասավանդմանն առնչվող շուրջ 40 մասնագիտական գիրք:
«Իտալերենի շաբաթ» միջոցառման կազմակերպման մեջ մեծ ներդրում ունի նաև Իտալիայի ԱԳՆ-ից գործուղված դասախոս Օռնելա Չիրիլոն, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դասավանդում է ԵՊՀ-ում:







