- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց համալսարանի պրոֆեսոր Հասմիկ Գևորգյանը
Հոկտեմբեր 15, 2025 | 15:22
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց համալսարանի պրոֆեսոր Հասմիկ Գևորգյանը
Երևանի պետական համալսարանում ծավալած 40-ամյա անբասիր գործունեության, բարեխիղճ աշխատանքի, մեծ վաստակի համար ու ծննդյան 70-ամյակի առթիվ ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրվեց ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հասմիկ Գևորգյանը։

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Գևորգյանը ավելի քան 40 տարի իր գիտելիքն ու փորձը նվիրել է համալսարանին՝ կրթելով տասնյակ սերունդներ։ Նա կարևոր դեր է ունեցել ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի կայացման ու զարգացման գործում՝ նպաստելով ժամանակակից կրթական մեթոդների և գիտական մոտեցումների ներդրմանը։
Պարգևատրման արարողության ընթացքում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը բարձր գնահատեց պրոֆեսորի մասնագիտական ձեռքբերումներն ու երկարամյա վաստակը՝ ընդգծելով նրա ներդրումը սոցիոլոգիական կրթության առաջխաղացման գործում։
«Համալսարանն ամենայն հպարտությամբ մշտապես մեծարում է իր նվիրյալներին և բարձր է գնահատում տարիների ընթացքում կատարած նրանց աշխատանքը։ Կյանքի մի մասը նվիրել համալսարանին, երկար տարիներ լինել մի աշխատավայրում և կատարել կարևոր գործունեություն. այս պարգևը մեր երախտագիտության խորհրդանիշն է Ձեզ»,- ասաց ռեկտորը։
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը ընդգծեց պրոֆեսոր Հասմիկ Գևորգյանի բարձր հեղինակությունը և նրա ունեցած նշանակալի ավանդը ֆակուլտետի զարգացման և գիտական կյանքում։ Նրա խոսքով՝ պրոֆեսորը ուսանողների հետ աշխատում է հետաքրքիր, ստեղծագործական մեթոդներով։ Թվարկելով նրա կատարած կարևոր աշխատանքները՝ դեկանը մատնանշեց, որ Հ. Գևորգյանը ղեկավարել է երեք-չորս թեկնածուական գիտական ատենախոսություններ, կանանց պատմությունների հիման վրա գրել մենագրություն, ինչպես նաև տարիների ընթացքում համալսարանում ծավալել բազմակողմանի գործունեություն՝ համատեղելով կրթական, գիտական և կազմակերպական աշխատանքը։
«Պրոֆեսորն ունի նաև մեծ փորձ միջազգային համագործակցության ոլորտում՝ տարբեր երկրների համալսարանների ու գիտական կառույցների հետ արդյունավետ կապեր ստեղծելու և նոր կրթական ծրագրեր ներդնելու գործում»,- կարևորեց նա։
Հասմիկ Գևորգյանը երախտագիտություն հայտնեց բարձր գնահատանքի համար՝ նշելով, որ հուզված է և միևնույն ժամանակ ոգեշնչված՝ շարունակելու նվիրումով աշխատել իր սիրելի համալսարանում։
Նշենք, որ Հասմիկ Գևորգյանը նաև ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հիմնադիր անդամներից է, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է նրա կարևոր դերը ամբիոնի և ֆակուլտետի զարգացման պատմության մեջ։