- Գլխավոր
- Նորություններ
- «ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» թեմայով ամառային դպրոց ԵՊՀ-ում
Հոկտեմբեր 16, 2025 | 15:28
Գիտություն
Հետազոտություն
Ուսանողական
«ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» թեմայով ամառային դպրոց ԵՊՀ-ում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի և Վիեննայի համալսարանի բուսաբանության և կենսաբազմազանության հետազոտությունների ամբիոնի համագործակցությամբ անցկացվեց «ՀՀ հատուկ պահպանվող տարածքների մակրոսկոպիկ սնկերը» խորագրով հնգօրյա ամառային դպրոց։ Ծրագիրը հնարավորություն ընձեռեց ուսանողներին դաշտային և լաբորատոր աշխատանքների միջոցով ձեռք բերելու խորացված գիտելիքներ և գործնական փորձ սնկաբանության ոլորտում։

Ամառային դպրոցը կազմակերպվեց Երևանի պետական համալսարանի և Վիեննայի համալսարանի միջև կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում («APPEAR Academic Project 373» ծրագրի աջակցությամբ)։ Ծրագրի նպատակն է Հայաստանի անտառածածկ տարածքներում միկորիզային և քսիլոտրոֆ սնկերի բազմազանության գնահատումն ու դրանց ԴՆԹ բարկոդավորումը։
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սիրանուշ Նանագյուլյանը, ներկայացնելով ծրագրի կարևորությունը, նշեց.

«Մենք առաջնահերթ ուսումնասիրում ենք կենսաբազմազանությունը, քանի որ մինչև մեր շրջակայքը չճանաչենք, չենք կարող այն պահպանել։ Այդ նպատակով ներկայացրել ենք մի ծրագիր, որի հիմնական ուղղությունը Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների սնկերի ուսումնասիրությունն ու դրանց բարկոդավորումն է։ Մինչ այժմ մեր երկրում սնկերի բարկոդավորում չի կատարվել. այն կիրառվում էր հիմնականում բույսերի և կենդանիների դեպքում։ Այժմ մենք հնարավորություն ունենք նույն մեթոդը կիրառելու նաև սնկերի դեպքում, ինչը թույլ է տալիս ուսումնասիրությունները կատարել ոչ միայն մորֆոլոգիական, այլև մոլեկուլային մակարդակով։ Դա էականորեն ընդլայնում է գիտական հնարավորությունները և թույլ է տալիս ստանալ ավելի ճշգրիտ արդյունքներ։ Այս բոլոր գիտելիքներն ու մեթոդները մենք փոխանցում ենք ուսանողներին՝ ներառելով նրանց հետազոտական գործընթացների մեջ»։
Ամառային դպրոցի ընթացքում ուսանողները մասնակցեցին ինչպես տեսական դասախոսությունների, այնպես էլ դաշտային աշխատանքների։ Դասախոսություններ կարդացին ԵՊՀ-ի և Վիեննայի համալսարանի մասնագետները, այդ թվում՝ Վիեննայի համալսարանի բուսաբանության և կենսաբազմազանության հետազոտությունների ամբիոնի պրոֆեսորներ Իրմգարդ Գրեյլհուբերը և Հերման Վոգլմայերը։

Պրոֆեսոր Նանագյուլյանի խոսքով՝ ամառային դպրոցի կարևոր նպատակներից էին ուսանողներին ներգրավել իրական հետազոտական գործընթացների մեջ, զարգացնել նրանց գիտական մտածողությունը և ծանոթացնել միջազգային ոլորտում գիտական աշխատանքի կազմակերպման սկզբունքներին։
«Ուսանողները ոչ միայն լսեցին դասախոսություններ, այլև մասնակցեցին դաշտային ուսումնասիրությունների գործընթացներին, ինչը գիտահետազոտական ոլորտում նրանց տվեց իրական փորձ՝ նպաստելով հետագա մասնագիտական աճին»,- նշեց նա։
Ամփոփելով ամառային դպրոցի ծրագիրը՝ ուսանողները կհանձնեն եզրափակիչ քննություն, ինչից հետո նրանք կստանան մասնակցության հավաստագրեր և գնահատական (3 կրեդիտ)։