- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ և Աթենքի համալսարան․ քննարկվել են գիտակրթական և մշակութային նոր գործակցության հեռանկարները
Հոկտեմբեր 21, 2025 | 17:35
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ և Աթենքի համալսարան․ քննարկվել են գիտակրթական և մշակութային նոր գործակցության հեռանկարները
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և Աթենքի համալսարանի պրոռեկտոր Խրիստոս Կարագիանիսին՝ քննարկելու համագործակցության ընդլայնման ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում նոր գաղափարների իրագործման հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցել են ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ հունագիտության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Լիզա Քարիմյանը, ինչպես նաև ԵՊՀ միջազգային կապերի բաժնի վարիչի տեղակալ Նաիրա Մնացականյանը։
ԵՊՀ ռեկտորը գործընկերներին ներկայացրել է համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով ԵՊՀ գիտական ներուժը և միջազգային համագործակցության դերը։ Նրա խոսքով՝ ԵՊՀ-ն այսօր Հայաստանի գիտական կյանքի առանցքային հարթակն է, իսկ ոլորտը կարգավորող նոր օրենքի շնորհիվ ակնկալվում է, որ այն կդառնա երկրի գլխավոր հետազոտական կենտրոնը։
Աթենքի համալսարանի պրոռեկտոր Խրիստոս Կարագիանիսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ներկայացրել համալսարանի գործունեությունը՝ նշելով, որ այն Հունաստանի հնագույն և ամենամեծ բուհն է՝ շուրջ 60 000 ուսանողով և 43 ֆակուլտետով։ Նա կարևորել է ակադեմիական կապերի վերագործարկման անհրաժեշտությունը և ընդգծել ԵՊՀ-ի հետ հնագիտության և աստվածաբանության ոլորտներում համագործակցությանը նոր շունչ հաղորդելու պատրաստակամությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՊՀ-ի և Աթենքի համալսարանի միջև համագործակցության խորացման հնարավորությունները, հատկապես հումանիտար ոլորտներում։ Կողմերը անդրադարձել են նաև «Էրազմուս+» ծրագրի շրջանակում իրականացվող նախաձեռնություններին և համատեղ կրթական ծրագրերի իրագործման հեռանկարներին։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ակտիվացնել կապերը ոչ միայն գիտական և կրթական, այլև մշակութային ուղղություններով՝ նոր ծրագրեր և փոխայցելություններ նախաձեռնելու ակնկալիքով։