- Գլխավոր
- Նորություններ
- «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային համաժողով» միջոցառման շրջանակում ճանաչողական այց ԵՊՀ
Հոկտեմբեր 21, 2025 | 17:45
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
«Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային համաժողով» միջոցառման շրջանակում ճանաչողական այց ԵՊՀ
«Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային համաժողով» միջոցառման շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալեց Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի գործադիր տնօրեն Մոնա Լարուսիին, Սերբիայի Հանրապետության կրթության նախարարության պետական քարտուղար, դոկտոր Յասմին Հոջիչին, Սերբիայի Հանրապետության միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման հարցերով նախարարի օգնական, դոկտոր, պրոֆեսոր Յանկո Սամարջիչին:

Հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, միջազգային համագործակցության վարչության բաժնի վարիչի տեղակալ Նաիրա Մնացականյանը, քննարկվեցին բարձրագույն կրթության ոլորտին առնչվող հարցեր, ինչպես նաև միջազգային գործակցության ընդլայնման հնարավորություններ:
Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով արտասահմանյան հյուրերին, ներկայացրեց ԵՊՀ-ի՝ որպես ՀՀ-ում գիտակրթական առաջատար կառույցի դերն ու նշանակությունը: Մատնանշելով գիտության զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, ընթացիկ ծրագրերը՝ նա ընդգծեց, որ վերջին տարիներին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ լաբորատորիաների վերանորոգումներն ու վերազինումները նպաստում են հետազոտությունների hնարավորությունների մեծացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան արդյունքների ստացմանը: Նշանակալից են հատկապես քիմիայի, կենսաբանության և ֆիզիկայի ոլորտներում գրանցված ձեռքբերումները: Բացի այդ՝ վերջին տարիներին ակնառու է միջազգային գրախոսվող ամսագրերում տպագրվող հոդվածների թվի զգալի աճը:

Ռեկտորը խոսեց նաև ներբուհական կրթական ու հետազոտական ծրագրերի զարգացման ու նորարարական նախաձեռնությունների մասին՝ նկատելով, որ երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը դարձել է ավելի հետաքրքիր։ Որոշ դեպքերում գործնական գիտական աշխատանքը նույնիսկ ավելի հետաքրքիր է, քան լսարանային դասավանդումը։
Քննարկման ընթացքում ռեկտորն անդրադարձավ նաև ուսումնական և գիտական ուղղություններով բուհում կատարված բարեփոխումներին, բազմաթիվ համալսարանների հետ համատեղ անցկացվող ամառային դպրոցներին, ԵՊՀ միջազգային համագործակցություններին, ինչպես նաև միջազգային ասպարեզում գրանցած հաջողություններին՝ մատնանշելով որդեգրած ռազմավարությունը:
Նա մասնավորապես կարևորեց «Էրազմուս+» փոխանակման ծրագիրը: Միավորելով ԵՄ-ի՝ 2014 թվականին մեկնարկած կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպորտի համար ներկայում գործող բոլոր սխեմաները՝ «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողությունը ԵՊՀ դասախոսներին և ուսանողներին հնարավորություն է տալիս դասավանդելու, կրթվելու և կատարելագործվելու եվրոպական մի շարք բուհերում: ԵՊՀ-ն իր հերթին ներկայացված է «Էրազմուս+»-ի 6 ծրագրերում, որոնցից 2-ը ղեկավարում է Հայաստանը:
ԵՊՀ միջազգային համագործակցության օրինակներից է Սերբիայի հետ գործակցությունը: ՀՀ-ում Սերբիայի դեսպանի ջանքերի շնորհիվ այժմ ԵՊՀ-ում անցկացվում են սերբերենի դասընթացներ։
«Մենք պատրաստակամ ենք արդեն իսկ առկա համագործակցությունների կողքին հաստատելու նոր կապեր: Վստահ եմ, որ Սերբիայի հետ կարող ենք ստեղծել ավելի սերտ և արդյունավետ համագործակցություն»,- ընդգծեց Սերբիայի Հանրապետության միջազգային համագործակցության և եվրոպական ինտեգրման հարցերով նախարարի օգնական Յանկո Սամարջիչը։

Ֆրանկոֆոնիայի ինստիտուտի գործադիր տնօրեն Մոնա Լարուսին, անդրադառնալով ֆրանկոֆոնիայի շրջանակում Հայաստանի հետ համագործակցությանը, նշեց. «Հայաստանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության («Organisation Internationale de la Francophonie») լիիրավ անդամ է, այնպես, ինչպես Ֆրանսիան կամ Եմենը։ Ֆրանկոֆոնյան հաջորդ խաղերը կազմակերպվելու են Հայաստանում։ Եվ ուրախալի է, որ ուսանողները (հատկապես նրանք, ովքեր սովորում են ֆրանսերեն, անգլերեն կամ սերբերեն) կարող են մասնակցել այս խաղերին որպես կամավորներ։ Սա հրաշալի փորձառություն կլինի նրանց համար»:
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը փաստեց. «Ֆրանկոֆոն երկրների և համալսարանների հետ ունենք համագործակցության մի շարք օրինակներ։ Առաջնային են ֆրանսիական համալսարանները:
Համագործակցելով Լիլի համալսարանի հետ՝ իրականացնում ենք կրկնակի դիպլոմով մագիստրոսական կրթական ծրագիր։ Օրերս հանդիպել ենք նաև Գրենոբլի համալսարանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու համագործակցության նոր հնարավորություններ։
Ընթացքի մեջ են Սորբոնի, Նոբելյան և Փարիզի Սիտե համալսարանների հետ աշխատանքները՝ կրկնակի դիպլոմով նոր կրթական ծրագրերի մշակման ուղղությամբ»:
ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, արժևորելով արդյունավետ և կառուցողական համագործակցությունները, նշեց. «ԵՊՀ-ն կարևոր հարթակ է տարատեսակ միջոցառումների կազմակերպման համար, որոնք առնչվում են առհասարակ մշակույթին, քաղաքականությանը, տնտեսությանը, սոցիալական հարցերին»: