- Գլխավոր
- Նորություններ
- Իտալական փորձը՝ ԵՊՀ գիտական միջավայրում․ իտալացի ասպիրանտը հետազոտություններն անցկացնում է այստեղ
Հոկտեմբեր 22, 2025 | 12:33
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
Իտալական փորձը՝ ԵՊՀ գիտական միջավայրում․ իտալացի ասպիրանտը հետազոտություններն անցկացնում է այստեղ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում իր ուսումնառությունն է շարունակում և հետազոտական աշխատանքներ կատարում Բարիի Ալդո Մորո համալսարանի (Իտալիա) ասպիրանտ Անժելա Պրիմավերան։ Նա Հայաստանում է ԵՊՀ-ի և Բարիի համալսարանի համագործակցության շրջանակում իրականացվող վեցամսյա փոխանակման ծրագրով, որի հիմնական նպատակն է ուսումնասիրել խմորասնկային բջիջների տեխնոլոգիական բնութագրման մեթոդները։

Խոսելով ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտում կատարվող հետազոտական աշխատանքների մասին՝ Անժելան ասաց․ «Մենք ուսումնասիրում ենք խմորասնկային բջիջների մուտանտային տարբեր շտամներ՝ գնահատելով դրանց արձագանքը pH-ի և աղային սթրեսի տարբեր պայմաններում։ Դրա համար կիրառվում են պրոտոնների փոխանակման երեք տարբեր փոխադրիչներ։ Այս փորձերի միջոցով փորձում ենք բացահայտել բջջային մակարդակով տեղի ունեցող կարևոր գործընթացներ, որոնք կարող են էական դեր ունենալ բիոտեխնոլոգիական արտադրությունների զարգացման գործում»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Հայաստանին և ԵՊՀ-ից ստացած տպավորություններին՝ ասպիրանտը նշեց․ «Սա հրաշալի երկիր է։ Քաղաքում շատ են խնամված, գեղեցիկ ծառերը, մարդիկ՝ կենսուրախ ու բաց։ Այստեղ ես ինձ շատ լավ եմ զգում։ Հայերը տարբերվում են իտալացիներից նրանով, որ հետաքրքրված են դիմացինի աշխատանքով և պատրաստ են աջակցելու։ Իմ դասախոսները՝ թե՛ Հայաստանում, թե՛ Իտալիայում, շատ նման են միմյանց իրենց նվիրումով ու մոտեցմամբ։ Այստեղ՝ ԵՊՀ-ում, պրոֆեսոր Կարեն Թռչունյանի հետ աշխատելով՝ զարգացնում եմ իմ մասնագիտական գիտելիքները նույն որակով, ինչ Բարիի համալսարանում իմ գիտական ղեկավար Նիկոլետտա Գուարագնելլայի հետ»։
Անժելայի խոսքով՝ ԵՊՀ լաբորատորիաներում ստեղծված պայմանները հնարավորություն են տալիս կատարելու բազմաբնույթ գիտափորձեր՝ օգտագործելով ժամանակակից սարքավորումներ։
«Այստեղ աշխատելը շատ հետաքրքիր է։ Կարող ես օգտվել բոլոր սարքերից, փորձել տարբեր մեթոդներ և ստանալ արժեքավոր գիտական տվյալներ։ Իտալիայում թեև սարքեր շատ կան, սակայն դրանք տարբեր լաբորատորիաներում են տեղակայված, և դրանց հասանելիությունը սահմանափակ է։ Հայաստանում ստացած այս փորձը, վստահ եմ, մեծապես կօգնի ինձ ապագայում»,- հավելեց նա։
ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Կարեն Թռչունյանը նշեց, որ Անժելայի այցը երկու համալսարանների համագործակցության տրամաբանական շարունակությունն է։

«Անժելայի գիտական ղեկավար Նիկոլետտա Գուարագնելլայի հետ արդեն երկու-երեք տարի է, ինչ համագործակցում ենք։ Նախորդ փուլում մեր ինստիտուտից ուսանող մեկնեց Բարիի համալսարան, իսկ այժմ մենք ենք հյուրընկալում Անժելային։ Նա աշխատում է խմորասնկերով և իր հետ բերել է նաև մուտանտ շտամներ՝ ուսումնասիրելու դրանց աճման և ֆիզիկաքիմիական տարբեր պարամետրեր։ Նշյալ հետազոտության շրջանակում կիրառվող մեթոդները բավականին յուրահատուկ են և հազվադեպ են հանդիպում այլ լաբորատորիաներում։ Այս այցը կարևոր հնարավորություն է նաև՝ ի ցույց դնելու մեր գիտահետազոտական ներուժը»,- մատնանշեց Կարեն Թռչունյանը։
Նրա խոսքով՝ Անժելան ոչ միայն մասնագիտական բարձր պատրաստվածություն ունի, այլև դառնում է օրինակ ԵՊՀ ուսանողների համար։
«Նա շատ նվիրված է, գիտափորձերը կատարում է մեծ պատասխանատվությամբ, մշտապես հետաքրքրվում է ամեն մանրուքով։ Մեր ուսանողները տեսնում են՝ ինչպիսի մոտեցում պետք է ունենա գիտնականը։ Բացի դրանից՝ Բարիի համալսարանի հետ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում համագործակցությունը լինելու է շարունակական․ առաջիկայում նախատեսվում են ուսանողների և դասախոսների փոխանակման նոր ծրագրեր»,- շեշտեց նա։
Նշենք, որ երկու համալսարանների գիտական համագործակցության արդյունքում արդեն իսկ պատրաստվել է համատեղ գիտական հոդված, որը նախատեսվում է հրապարակել միջազգային մասնագիտական ամսագրում։
Հավելենք, որ վերջերս ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Անահիտ Շիրվանյանը ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Մասնագիտական վերապատրաստում-2025» ծրագրի շրջանակում հետազոտություն է կատարել հենց Բարիի Ալդո Մորո համալսարանում՝ դրանով իսկ ամրապնդելով ԵՊՀ-ի և Բարիի համալսարանի գիտական կապերը։