- Գլխավոր
- Նորություններ
- «Երիտասարդությունը՝ որպես իշխանություն. Սիրիայի ապագայի վերաիմաստավորումը տեղական մակարդակից» խորագրով ուսումնաճանաչողական այց ԵՊՀ
Հոկտեմբեր 28, 2025 | 12:15
Հասարակություն
Միջազգային համագործակցություն
«Երիտասարդությունը՝ որպես իշխանություն. Սիրիայի ապագայի վերաիմաստավորումը տեղական մակարդակից» խորագրով ուսումնաճանաչողական այց ԵՊՀ
Երևանի պետական համալսարանի և Բեռլինում գործող Քրդական հետազոտությունների եվրոպական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ անցկացվեց «Երիտասարդությունը՝ որպես իշխանություն. Սիրիայի ապագայի վերաիմաստավորումը տեղական մակարդակից» խորագրով ուսումնաճանաչողական այցը, որի շրջանակում արտերկրից ժամանած պատվիրակությունը մասնակցեց ԵՊՀ-ում կազմակերպված դասախոսությունների և պանելային քննարկումների՝ ծանոթանալով Հայաստանում տեղական ինքնակառավարման բարեփոխումներին, կանանց և երիտասարդների ներգրավման գործիքակազմին, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների քաղաքական մասնակցության հնարավորություններին։
Այցն իրականացվեց «YES for Peace» («Young Engaged Syrians Making Their Voices Heard») ծրագրի շրջանակում, որի նպատակն է կարողությունների զարգացման միջոցով Սիրիայի երիտասարդությանը ներգրավել քաղաքական գործընթացներում:
Հայաստան ժամանած պատվիրակության կազմում էին Քրդական հետազոտությունների եվրոպական կենտրոնի տնօրեն Էվա Սավելսբերգը, Փասաուի համալսարանի պրոֆեսոր Սորեյն Քեյլը և ավելի քան 20 սիրիացի երիտասարդներ։ Բանախոսների թվում էին ԵՊՀ դասախոսներ Անժելա Ղալամդարյանը, Գոռ Պետրոսյանը, ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի տնօրեն Լուսինե Խառատյանը, ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Աստղիկ Մնացականյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գենդերային հավասարության պորտֆելի վերլուծաբան Ջուլյա Սահակյանը, «Միավորող կամուրջ» ՀԿ-ի նախագահ Ռազմիկ Մնացականյանը, «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մուրազ Շամոյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, Մարտունի համայնքի ավագանու անդամ Լիանա Հովհաննիսյանը։
Մասնակիցները այցելեցին ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացան քրդական ուսումնասիրություններին և քննարկեցին կառույցների միջև ապագա համագործակցության հնարավորությունները։
Սեպտեմբերին իրականացված ծրագրի շրջանակում կազմակերպվեցին նաև այցեր ՀՀ տարբեր համայնքներ՝ Վերին Դվին, Ալագյազ և Վանաձոր, որտեղ սիրիացի երիտասարդները հանդիպեցին համայնքների ղեկավարների, հոգևոր, կրթական ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով տեղական կառավարման և համայնքային մասնակցության առկա փորձը։
Գործնական քննարկումներին միացան նաև Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» և Վանաձորի «ՀԿ կենտրոն» հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները՝ ներկայացնելով կանանց ու երիտասարդների ներգրավման հաջող փորձերը։
Հավելենք, որ նախագիծը ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության միջոցներով՝ «ifa»-ի («Institut für Auslandsbeziehungen, The Institute for Foreign Cultural Relations») կողմից՝ «zivik Funding Programme»-ի համատեքստում: