- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՆ-ում կայացավ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված հերթական միջոցառումը
Հոկտեմբեր 29, 2025 | 14:19
Գործընկերներ
Հասարակություն
Մարդու իրավունքներ
ԱՄՆ-ում կայացավ «ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված հերթական միջոցառումը
«ԵՊՀ բարեկամներ» հիմնադրամի նախաձեռնությամբ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում գտնվող «Hero House» նորարարական կենտրոնում անցկացվեց հանրային ծառայության թեմայով պանելային քննարկում՝ վերարժևորելու հայերի ունեցած ներդրումը Լոս Անջելեսի հասարակական կյանքում և ուղենշելու հանրային ներգրավվածության և կրթական ոլորտում նորարարությունների ապահովման նոր հեռանկարներ։
Հիմնադրամի խորհրդի անդամ Հայկ Նազարյանը համառոտ ներկայացրեց կազմակերպության առաքելությունն ու նպատակները՝ հիմնավորելով, թե ինչու և ինչպես պետք է շարունակել իրականացնել ռազմավարական ծրագրեր, որոնք կնպաստեն Երևանի պետական համալսարանի զարգացմանը՝ դրանով իսկ աջակցելով հայկական պետականությանն ու հասարակությանը։
Քննարկման մոդերատորն էր բազմաթիվ մրցանակների արժանացած լրագրող, «Amazon»-ի բեսթսելլերների հեղինակ, ԱՄՆ-ում առաջին իրանահայ-ամերիկացի հեռուստալրագրող Սիլվա Հայրապետյանը։
Պանելային քննարկման մասնակիցներից էին նորարար իրավաբան, Լոս Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի առաջին հայ դատավոր Արմենուհի Աշվանյանը, Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչ Քեթրին Բարգերի աշխատակազմի ղեկավար Աննա Մուրադյանը, Գլենդելի դպրոցների միացյալ շրջանի կրթության խորհրդի անդամ և նախկին նախագահ Շանթ Սահակյանը։
Բոլոր բանախոսները պանելային քննարկմանը ներկայացրին իրենց մասնագիտական ոլորտների (իրավունք, հանրային առաջնորդություն և կրթություն) շուրջ տեսակետներ՝ առաջարկելով համապարփակ պատկերացում այն մասին, թե ինչպես են հայերը շարունակում իրենց ներդրումն ունենալ Լոս Անջելեսի հասարակական կյանքում: Նրանց մտքերն ու քննարկումները օգնեցին մասնակիցներին առավել խորությամբ հասկանալ հանրային ծառայության հնարավորություններն ու պատասխանատվությունը:
Քննարկումից հետո կազմակերպվեց հարցուպատասխան, որը հնարավորություն տվեց մասնակիցներին ուղիղ երկխոսություն ունենալու բանախոսների հետ։ Այնուհետև հյուրերը զրույցը շարունակեցին ոչ պաշտոնական մթնոլորտում՝ գործընկերային նոր կապեր հաստատելու և գաղափարներ փոխանակելու նպատակով։
Միջոցառումը նշանավորվեց ակտիվ մասնակցությամբ, բովանդակալից զրույցներով, ինչպես նաև խթանեց հանրային ներգրավվածության նկատմամբ նոր ոգևորության ձևավորումը։ Այս բազմաբովանդակ և հանրամատչելի քննարկումը նպաստեց նաև բազմաթիվ տեսակետների փոխանակմանը։