- Գլխավոր
- Նորություններ
- Երազանքից իրականություն․ ԵՊՀ ուսանողի ուսումնական ճամփորդությունը «Էրազմուս+» ծրագրով
Նոյեմբեր 24, 2025 | 11:02
Կրթություն
Ուսանողական
Երազանքից իրականություն․ ԵՊՀ ուսանողի ուսումնական ճամփորդությունը «Էրազմուս+» ծրագրով
«Արտասահմանում ուսանելու փորձն ինձ համար շատ արժեքավոր էր․ այն հնարավորություն տվեց զարգացնելու մասնագիտական կարողություններս, սովորելու ակադեմիական նոր միջավայրում, շփվելու տարբեր երկրներից ժամանած ուսանողների հետ և ընդլայնելու մտահորիզոնը»,- ասում է ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող Անահիտ Ալեքսանյանը։ Նա «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում մեկնել է Իտալիա և սովորել Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում։
Անահիտի խոսքով՝ արտերկրում սովորելու որոշմանը նպաստել են ոչ միայն իր բարձր առաջադիմությունը, այլև մի շարք նպատակներ՝ միջազգային միջավայրում ստանալ կրթություն, ձեռք բերել ակադեմիական նոր փորձ, կատարելագործել լեզուների իմացությունը և ընդլայնել մասնագիտական հմտությունները։ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում սովորելը նրա համար բացել է արտասահմանում ուսանելու լայն հնարավորություններ, իսկ «Էրազմուս+» ծրագիրն ապահովել է այս բոլոր նպատակների իրականացումը՝ հնարավորություն տալով սովորելու եվրոպական առաջատար համալսարանում։
«Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում կարևորվում էին արդի մոտեցումները, քննադատական վերլուծությունը և պրակտիկ գիտելիքի կիրառումը։ Ընդհանուր առմամբ՝ արտասահմանում ուսանելու այս փորձը դարձավ իմ մասնագիտական զարգացման կարևոր փուլերից մեկը՝ տալով թե՛ գիտելիքներ, թե՛ հմտություններ, որոնք կարող եմ կիրառել ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում»,- ասում է ԵՊՀ ուսանողը։
Հակասական զրույց
- Նախքան մեկնելը կարծում էիք…, բայց իրականում…
- Նախքան մեկնելը կարծում էի, որ չեմ կարողանա հեշտ հարմարվել նոր մշակույթին․ ունեի վախեր և որոշ անհանգստություններ, բայց իրականում ամեն ինչ շատ ավելի հարթ ու գեղեցիկ ընթացավ։
- Ամենադժվարը․․․
- Ամենադժվարը կրթական նոր համակարգին հարմարվելն էր, բայց այն օգնեց ինձ արագ զարգացնել ինքնուրույնություն, ժամանակի արդյունավետ կառավարում և նոր միջավայրում աշխատելու կարողություն։
- Ինչպե՞ս էիք պատկերացնում ուսումն արտերկրում, և ինչպիսի՞ն էր այն իրականում։
- Նախքան արտերկիր մեկնելս ուսումնառության գործընթացը պատկերացնում էի ավելի դժվար ու լարված․ մտածում էի, որ նոր միջավայրին, լեզվին և կրթական համակարգին հարմարվելը շատ ավելի բարդ կլինի։ Սպասում էի, որ ամեն ինչ երկար ժամանակ կպահանջի։ Իրականում ուսման գործընթացը բացարձակապես այլ կերպ դասավորվեց․ միջավայրը շատ բարեկամական էր, դասախոսները՝ աջակցող, իսկ ուսանողական կյանքը՝ ակտիվ ու ոգեշնչող։
- Ինչպե՞ս էիք պատկերացնում մարդկանց, և ինչպիսի՞ն էին նրանք իրականում։
- Նախքան մեկնելը մարդկանց պատկերացնում էի ջերմ, բարեկամական և աջակցող։ Եվ իրականում ամեն ինչ հենց այդպես էր․ իտալացիներն իսկապես բաց են, և միշտ պատրաստ օգնելու։
- Մինչև մեկնելը ինչպե՞ս էիք պատկերացնում Կա Ֆոսկարի համալսարանը, և ինչպիսի՞ն էր այն իրականում։
- Մինչև մեկնելը համալսարանը պատկերացնում էի շատ մեծ, պաշտոնական և դժվար հասանելի՝ կարծելով, որ այնտեղ կդժվարանամ շփվել դասախոսների և այլ ուսանողների հետ։ Այնինչ համալսարանում բաց և հարմարավետ միջավայր էր, որտեղ դասախոսներն աջակցող էին, ուսանողները՝ ակտիվ և ընկերասեր։
- Ի՞նչն էր Ձեզ ոգեշնչում՝ սովորել այնտեղ։
- Ինձ ոգեշնչում էր այն գիտակցումը, որ իրականացնում եմ իմ ամենամեծ երազանքներից մեկը, որը ժամանակին թվում էր անհասանելի։ Այս հնարավորությունը ինձ դրդեց առավել պատասխանատվությամբ մոտենալու ուսման գործընթացին, հաղթահարելու դժվարությունները և լիովին օգտագործելու արտերկրում ձեռք բերած փորձը։
- Ի՞նչ փոփոխություն եք նկատում Ձեր կյանքում արտերկրում ուսանելուց հետո։
- Ես դարձել եմ ավելի ինքնավստահ, ինքնուրույն և կազմակերպված։ Այս փորձն ինձ սովորեցրեց արագ հարմարվել նոր միջավայրին, ինքնուրույն սովորել և արդյունավետորեն գործարկել իմ գիտելիքները պրակտիկ իրավիճակներում։
Մեկ էջ, մեկ պատմություն
- Ինչպիսի՞ն էր կյանքը Կա Ֆոսկարի համալսարանում։
- Սկզբում ամեն ինչ շփոթեցնող էր. լսարանները գտնելը դժվար էր, քանի որ յուրաքանչյուր դաս անցկացվում էր տարբեր մասնաշենքերում, իսկ Վենետիկի փողոցները այնքան շատ ու մոլորեցնող էին, որ պետք էր տեղացի լինել չմոլորվելու համար: Ամեն մի լսարան գտնելը նոր արկած էր՝ լի անսպասելի զուգադիպություններով: Սակայն ժամանակի հետ Վենետիկը ինձ համար դարձավ տուն, իսկ նեղլիկ փողոցներն արդեն անգիր գիտեի: Սկզբնական շփոթությունը վերածվեց հիշվող ու սիրելի փորձի:
Հետաքրքիր ընտրություն
- Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր անցկացրած առաջին շաբաթն արտերկրում։
- Հուզիչ և խառը։
- Ձեր սիրելի իտալերեն բառը։
- Felicità։
- Ամենահետաքրքիր դասախոսը․ հա՞յ, թե՞ իտալացի։
- Լավ մասնագետ՝ թե՛ հայ, թե՛ իտալացի։
- Քննությունը ավելի դժվար է ԵՊՀ-ո՞ւմ, թե՞ Իտալիայում։
- Քննությունը կարող է դժվար լինել ամեն տեղ, եթե չես պարապել։
- Ավելի ազատ միջավայր Հայաստանի՞, թե՞ Իտալիայի համալսարանում։
- Իտալիայի համալսարանում։
- Ավելի ակտիվ ուսանողներ հայե՞րն են, թե՞ իտալացիները։
- Կարծում եմ՝ իտալացիներն ունեն ավելի ակտիվ ուսանողական կյանք և ավելի հեշտությամբ են համատեղում ուսանողական ակտիվ կյանքն ու ուսումը։
Անահիտն այժմ նպատակ ունի կենտրոնանալու կարիերայի զարգացման վրա՝ խորացնելով գործնական հմտությունները, ձեռք բերելով փորձ գործընկերային միջավայրում և կայուն առաջընթաց ապահովելով մասնագիտական ոլորտում։ Ասում է՝ համալսարանական կրթությունը տվել է տեսական հիմք, որը ցանկանում է արդյունավետ կիրառել գործնական աշխատանքում։ Ապագայում, անհրաժեշտության դեպքում, նա բաց չի թողնի ուսումնառությունը շարունակելու հնարավորությունը ավելի նպատակային ուղղությամբ։