- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ասպիրանտը Օստրավայի համալսարանում կուսումնասիրի չվող թռչունների միաբջիջ մակաբույծները՝ կանխարգելելու դրանցով պայմանավորված հիվանդությունների տարածումը
Նոյեմբեր 27, 2025 | 14:06
Գիտություն
Հետազոտություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ ասպիրանտը Օստրավայի համալսարանում կուսումնասիրի չվող թռչունների միաբջիջ մակաբույծները՝ կանխարգելելու դրանցով պայմանավորված հիվանդությունների տարածումը
Վայրի բնության մեջ հիվանդությունների տարածումը հիմնականում կատարվում է թռչունների միջոցով, հետևաբար թռչունների օրգանիզմում առկա մակաբույծների ուսումնասիրությունը շատ կարևոր է մակաբուծաբանության ոլորտում: Այս մասին փաստում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ Մանան Ասիկյանը, որը չվող թռչունների շրջանում հանդիպող տրիպանոսոմատիդ մակաբույծների (միաբջիջ մակաբույծներ) ուսումնասիրություն է կատարելու Օստրավայի համալսարանում (Չեխիա):
Մանան Ասիկյանի ներկայացրած «Թռչունների տրիպանասոմաների ձևաբանական և մոլեկուլա-գենետիկական ուսումնասիրությունները» վերտառությամբ գիտական նախագիծը ֆինանսավորման է երաշխավորվել ՀՀ ԿԳՄՍՆ հայտարարած «Մասնագիտական վերապատրաստում-2025» մրցույթի արդյունքներով:
«Տրիպանասոմաները միաբջիջ մակաբույծներ են, որոնք թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների շրջանում բավական վտանգավոր հիվանդություններ կարող են առաջացանել․ օրինակ՝ աֆրիկական քնախտ հիվանդությունը: Իմ ուսումնասիրության օբյեկտի՝ չվող թռչունների համար աշխարհագրական խոչընդոտներ չեն գործում։ Նրանք նաև տաքարյուն կենդանիներ են, ինչն արդեն լավ նախապայման է մակաբույծների համար: Նշված երկու նախապայմանները թռչուններին դարձնում են իդեալական օբյեկտ մակաբույծներ տեղափոխելու, ինչպես նաև մակաբույծներով փոխանցվող հիվանդություններ տարածելու համար»,- ասում է Մանան Ասիկյանը՝ ներկայացնելով իր նախագիծը:
Ասպիրանտը 2026 թ. օգոստոսից մինչև հոկտեմբերի կեսը Օստրավայի համալսարանում ուսումնասիրելու է չվող թռչունների շրջանում հանդիպող տրիպանոսոմատիդ մակաբույծներ՝ կիրառելով մորֆոլոգիական և մոլեկուլագենետիկական ժամանակակից մեթոդներ։ Նրա խոսքով՝ տրիպանասոմաները շատ քիչ են ուսումնասիրված ամբողջ աշխարհում։
«Փորձելու եմ թռչունների արյան մեջ գտնել տրիպանոսոմատիդ մակաբույծներ, որոշել դրանց տեսակը, այնուհետև հստակեցնել այն հիվանդությունները, որոնց կրող ու փոխանցող կարող են լինել թռչունները: Հստակեցվելու է, թե թռչուններն ինչ հիվանդություններով են վարակում իրար, իսկ այդ հիվանդություններից որոնք կարող են փոխանցվել կաթնասուններին և մարդկանց»,- ընդգծեց նա:
Մանան Ասիկյանի խոսքով՝ Հայաստանի աշխարհագրական դիրքն ու կենսաբազմազանությունը հաշվի առնելով՝ ինքը հնարավորություն կունենա հայտնաբերելու նոր կամ արդեն հայտնի մակաբույծներ, վերլուծելու դրանց տարածվածությունը, էվոլյուցիոն կապերը և հյուրընկալող տեսակների նկատմամբ սպեցիֆիկությունը։
Բակալավրիատում ուսանելու տարիներից սկսած՝ Մանանն ուսումնասիրել է գիշատիչ, բնադրող, չվող թռչունների շրջանում հայտնաբերվող տարբեր տեսակի մակաբույծներ, որոնք այնպիսի հիվանդությունների հարուցիչներ են, ինչպիսիք են տոքսոպլազմոզը, մալարիան և այլն:
«Տրիպանոսոմատիդ մակաբույծների ուսումնասիրությունը տարբերվում է իմ ուսումնասիրած մակաբույծների հետազոտությունից, քանի որ տարբեր են դաշտային հետազոտությունների արդյունքում հավաքված թե՛ նմուշառումը, թե՛ նմուշների մշակումը: Սա ամբողջությամբ այլ մեթոդ է, որը պետք է սովորեմ՝ սկսած դաշտում նմուշ հավաքելուց»,- ասում է Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի ասպիրանտն ու ընդգծում, որ հավաքած նմուշների ուսումնասիրությունները կկատարի Օստրավայի համալսարանի տրիպանասոմաների կենսաբանության ուսումնասիրման լաբորատորիայում՝ կիրառելով ուսումնասիրման հնարավոր բոլոր մեթոդները:
Մանան Ասիկյանը վստահ է՝ կատարված հետազոտության արդյունքները հիմք կդառնան բացահայտվող հիվանդությունները, ինչպես նաև վարակի տարածումը ժամանակին կանխարգելելու համար:



