- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ գրադարանում նախատոնական տրամադրություն էր
Դեկտեմբեր 23, 2025 | 16:34
Գրադարան
Միջոցառումներ
Մշակույթ
ԵՊՀ գրադարանում նախատոնական տրամադրություն էր
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանը վերածվել էր ջերմության, լույսի և մանկական ժպիտներով լի մի հեքիաթային անկյունի։ Գրադարանի նախաձեռնությամբ ԵՊՀ աշխատակիցների 4–9 տարեկան երեխաների համար կազմակերպվել էր նախատոնական, զվարճալի և ուսուցողական միջոցառում, որի նպատակն էր ստեղծել ամանորյա կախարդական տրամադրություն և փոքրիկներին ծանոթացնել տոնի խորհրդին։
Երեխաները մեծ հետաքրքրությամբ լսեցին զվարճալի ու խորհրդանշական «Հեքիաթ լույսի մասին» պատմությունը՝ մի պահ «տեղափոխվելով» կախարդական աշխարհ, որտեղ լույսը հաղթում է խավարին և բերում ջերմություն ու բարություն։ Հեքիաթային մթնոլորտը ամբողջացրեց Ձմեռ պապի տեսաուղերձը, որը մեծ ուրախություն ու ոգևորություն պարգևեց փոքրիկներին։
Միջոցառման ամենասիրված հատվածներից էր ստեղծագործական աշխատանքը։ Երեխաները սեփական ձեռքերով պատրաստեցին ամանորյա փոքրիկ նվերներ՝ տոնածառի խաղալիքներ։ Այդ պահը վերածվեց ոչ միայն խաղի, այլև ջերմ հաղորդակցության ու միասին ստեղծելու ուրախ փորձառության։
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի աշխատակից, միջոցառման կազմակերպիչ Աննա Խալաթյանն ընդգծեց․ «Նոր տարին ինքնին իրական հեքիաթ է, և մեզանից յուրաքանչյուրի պարտքն է մեր հնարավորությունների սահմաններում այդ հեքիաթը իրական դարձնել երեխաների համար։ Տոնը խորհրդանշում է լույսը, այդ իսկ պատճառով ընտրվել էր լույսի մասին հեքիաթը»։
Միջոցառման ավարտին երեխաները նվեր ստացան արհեստական մոմեր՝ որպես խորհրդանշական լույս, որպեսզի նրանք գրադարանի ջերմությունն ու լույսը տանեն իրենց հետ։










