- Գլխավոր
- Նորություններ
- Խթանել ցորենի ու գարու աճը չորային սթրեսի պայմաններում. ԵՊՀ հետազոտողի նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման
Փետրվար 05, 2026 | 13:06
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Մրցույթներ
Խթանել ցորենի ու գարու աճը չորային սթրեսի պայմաններում. ԵՊՀ հետազոտողի նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման
ԵՊՀ ավագ լաբորանտ Սակշի Սաթիշ Սինխն ուսումնասիրում է բնական եղանակով մշակաբույսերի աճը խթանող մեթոդ: Հետազոտողը նշում է, որ հողի աղակալումն ու ջրի պակասը (օրինակ` երաշտային պայմանները) սահմանափակում են գյուղատնտեսական արտադրողականությունն ու երկարաժամկետ կայունությունը: Նա համոզված է՝ հետազոտության ավարտին կառաջարկի հողի վիճակը բարելավող, ինչպես նաև կոշտ շրջակա միջավայրի պայմաններին մշակաբույսերի հարմարվողականությանը նպաստող բնական ու մատչելի մոտեցում։
Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի կիրառական էկոլոգիայի և շրջակա միջավայրի հետազոտությունների լաբորատորիայի ավագ լաբորանտ Սակշի Սաթիշ Սինխի հեղինակած «Կենսաածխի դերը ցորենի (Triticum aestivum L.) և գարու (Hordeum vulgare L.) մորֆո-ֆիզիոլոգիական և կենսաքիմիական դիմադրողականության բարձրացման գործում աղակալվածության և չորային սթրեսի պայմաններում» գիտական նախագիծը երաշխավորվել է ֆինանսավորման «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթի արդյունքում:
«Ես ընտրեցի այս թեման, քանի որ հողերի աղակալումն ու երաշտը աճող խնդիրներ են, որոնք, հատկապես կլիմայի փոփոխությամբ պայմանավորված, զգալի բացասական ազդեցություն են ունենում գյուղատնտեսության վրա։ Այս գործոնները նվազեցնում են մշակաբույսերի աճը և վտանգում սննդի արտադրությունը»,- նախագծի կարևորությունը ներկայացնելիս ընդգծեց Սակշին՝ մատնանշելով, որ ցորենն ու գարին պարենային անվտանգության համար կարևոր մշակաբույսեր են, ուստի սթրեսային պայմանների հաղթահարումն ու այդ մշակաբույսերի արտադրողականության բարելավումն առանձնահատուկ կարևորություն ունեն։
Նա ընդգծեց, որ հետազոտության հիմնական նպատակն է առաջարկել պարզ և շրջակա միջավայրի համար անվտանգ լուծում՝ նպաստելով կայուն գյուղատնտեսությանը. պահպանելով բնությունը՝ խթանել տնտեսական զարգացումը:
Հետազոտողն ակնկալում է ստանալ այնպիսի արդյունքներ, որոնք կփաստեն աղակալված և չոր հողերում կենսաածխի արդյունավետությունը՝ ուղղված ցորենի և գարու աճի բարելավմանը։
«Արդյունքները պետք է ցույց տան բույսերի ավելի առողջ աճ, հողի խոնավության առավել բարենպաստ պայմաններ և մշակաբույսերի արտադրողականության բարձրացում։ Դրանք օգտակար կլինեն ֆերմերների համար, ինչպես նաև կնպաստեն մշակաբույսերի արտադրողականության բարձրացմանը սթրեսային պայմաններում»,- նշեց նա։
Անդրադառնալով այս թեմայի շրջանակում նախկինում կատարած ուսումնասիրություններին՝ Սակշին շեշտեց, որ Կիրառական էկոլոգիայի և շրջակա միջավայրի հետազոտությունների լաբորատորիան շարունակաբար կատարում է կայուն գյուղատնտեսությանը և մշակաբույսերի սթրեսի կառավարմանը վերաբերող հետազոտություններ։ Նա իր գիտական ղեկավարի՝ Կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանի ղեկավարությամբ ներգրավվել էր դրամաշնորհային ծրագրում, որը հիմնականում կենտրոնացած էր կանաչ և շրջակա միջավայրի համար անվտանգ մոտեցումների ուսումնասիրման, մասնավորապես՝ կենսաածխի կիրառման ուղղությամբ՝ նպաստելու մշակաբույսերի աճի խթանմանը հողերի աղակալման և երաշտային պայմաններում։
«Այս աշխատանքի արդյունքները ցույց են տվել կենսաածխի դրական ազդեցությունը մշակաբույսերի աճի և հողի վիճակի վրա»,- ընդգծեց Սակշին և հավելեց, որ հետազոտության արդյունքները հրապարակվել են միջազգային գրախոսվող գիտական հանդեսներում, ինչպես նաև գյուղատնտեսության և շրջակա միջավայրի գիտությունների ոլորտին վերաբերող ակադեմիական գրքերում:


