- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում քննարկվել են Կատարի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Փետրվար 12, 2026 | 14:59
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում քննարկվել են Կատարի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալեց ՀՀ-ում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող կրթական, գիտական և մշակութային գործակցության հարցեր, ինչպես նաև նախանշվեցին համագործակցության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը։
Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով Կատարի հետ գործակցությանը, նշեց․ «Երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կարևոր հիմք են ստեղծում արևելագիտական ուղղությամբ գործընկերային կապերի խորացման համար։ Առկա համագործակցության շնորհիվ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ հնարավորություն են ստացել մեկնելու Կատար՝ արաբերեն ուսումնասիրելու նպատակով։ Կարծում եմ՝ մեր համագործակցությունը չպետք է սահմանափակվի միայն ուսանողական ծրագրերով։ Հայաստանը և Կատարը ձևավորել են ամուր և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ, ուստի անհրաժեշտ է այդ հիմքի վրա կառուցել առավել խորքային և բազմաշերտ համագործակցություն»։
Դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինը, կարևորելով ԵՊՀ-ի հետ համագործակցության ամրապնդումը, ասաց․ «Մենք արժևորում ենք կրթության դերակատարումը պետության զարգացման և առաջընթացի գործում, ուստի մեզ համար մեծ կարևորություն է ներկայացնում նաև գործընկեր համալսարանների հետ գործակցային կապերի հաստատումն ու ամրապնդումը։ Վստահ եմ, որ ԵՊՀ-ի հետ կնքված համաձայնագրերի, հուշագրերի շրջանակում նախատեսվող բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը, տեղափոխվելով գործնական դաշտ, կյանքի կկոչվեն»։
Դեսպանն անդրադարձավ նաև Կատարի ներդրումային ծրագրերին և Հայաստանում վերջերս կազմակերպված սպորտային միջոցառմանը՝ ընդգծելով գործնական համագործակցության կարևորությունը։
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, խոսելով հետագա համագործակցության մասին, ընդգծեց. «Ուսանողների փոխանակման ծրագրերից բացի՝ կարող ենք նախաձեռնել նաև դասախոսների փոխանակման, հետազոտական և կրթական համատեղ ծրագրեր։ Համակարգված համագործակցության ձևաչափի ստեղծումը մեզ հնարավորություն կտա համատեղ ուսումնասիրելու և ավելի լայն շրջանակում պատկերացնելու մասնագիտական գործակցության ուղիները»։
Նրա խոսքով՝ գործնական տեսանկյունից կարևոր է, որ ստորագրվող ցանկացած փաստաթուղթ ուղեկցվի հստակ գործողությունների ծրագրով, սահմանված քայլերով և պատասխանատու կառույցներով։ Միքայել Հովհաննիսյանը մատնանշեց՝ առանց այդպիսի հստակեցման՝ համագործակցությունը դժվար է արդյունավետ դարձնել, ուստի առաջնային է գործընկեր հաստատությունների միջև անմիջական կապերի ձևավորումը և առարկայական քննարկումների կազմակերպումը։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը մատնանշեց․ «Հայաստանում արաբերենի դասավանդման և արաբագիտության ոլորտի մասնագետների պատրաստման հիմնական կենտրոնը Երևանի պետական համալսարանն է։ Բացի դրանից՝ հայաստանյան հասարակությունը արաբական երկրների մասին հիմնարար տեղեկություններ ստանում է մեր դասախոսների միջոցով։ Ֆակուլտետի դասախոսները հանդես են գալիս որպես կամուրջ հայ և արաբ ժողովուրդների միջև»։
Հանդիպման ավարտին կողմերը հույս հայտնեցին, որ նախանշված քայլերը կխթանեն գիտակրթական գործկացության ամրապնդումը Հայաստանի և Կատարի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև։






