- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում էր Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը՝ քննարկելու արաբագիտության զարգացման հեռանկարները
Փետրվար 12, 2026 | 16:04
Գիտություն
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում էր Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը՝ քննարկելու արաբագիտության զարգացման հեռանկարները
Երևանի պետական համալսարանում հյուրընկալվեց Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղար Ջամալ ալ Մուսավին։ Այցի շրջանակում քննարկվեցին արաբագիտության զարգացման, ակադեմիական համագործակցության ընդլայնման և մշակութային ժառանգության պահպանությանն առնչվող հարցեր։ Քննարկումները միտված էին նոր համագործակցությունների ձևավորմանը, որոնք կնպաստեն ինչպես ակադեմիական ծրագրերի զարգացմանը, այնպես էլ հայ-արաբական մշակութային կապերի ամրապնդմանը։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով հայ-արաբական պատմական կապերին, ընդգծեց, որ արաբական աշխարհը կարևոր դերակատարում ունի հայ ժողովրդի պատմության մեջ։
«Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայեր իրենց երկրորդ տունը գտան հենց արաբական երկրներում։ Արաբները հայերին ընդունեցին ամենաբարձր մակարդակով դեռևս մինչև 20-րդ դարի սկիզբը։ Այո՛, կարելի է պատմության մեջ ավելի խորանալ, սակայն միգրացիոն հիմնական հոսքը, հայկական հիմնական համայնքները Սիրիայում, Լիբանանում և այլ երկրներում ձևավորվեցին այդ ժամանակաշրջանում։ Հետագայում շատերը վերադարձան Հայաստան և սկսեցին այստեղ դասավանդել արաբերեն ու զարգացնել արաբագիտության ոլորտը։ Այդ հիմքի վրա ձևավորվեց ուժեղ դպրոց, որը մինչ օրս պահպանում է իր ամրությունը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև արաբագետների վերապատրաստման և ուսանողական փոխանակման ծրագրերի հնարավորությունները։ Ջամալ ալ Մուսավին ընդգծեց, որ Օմանում գործում է արաբերենի ուսումնասիրման հատուկ ծրագիր ոչ լեզվակիրների համար։
Օմանի ազգային թանգարանի գլխավոր քարտուղարը անդրադարձավ Սիրիայում իրականացված մշակութային ծրագրերին՝ ընդգծելով, որ թանգարանը երկար տարիներ ակտիվ գործունեություն է ծավալել այդ երկրում՝ մինչև ռազմական գործողությունների սրացումը։
Նրա խոսքով՝ կազմակերպությունը զբաղվել է մշակութային ժառանգության վերականգնմամբ՝ ներառյալ ճարտարապետական հուշարձաններ, թանգարանային նմուշներ, ինչպես նաև մասնագետների պատրաստում և աջակցություն դժվար ժամանակներում։
«Աշխատանքներ են տարվել նաև Հալեպի հայկական թաղամասում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանային գոտի է։ Հինգ տարի շարունակ Օմանի նախաձեռնությամբ վերականգնվել են 17-րդ դարի հայկական վաճառականների առանձնատները։ Սակայն ներկայում այդ ծրագրերը դադարեցված են»,- փաստեց նա։
Ջամալ ալ Մուսավին ընդգծեց, որ կառույցը մշտապես կապի մեջ է եղել հայկական համայնքի հետ և տեղյակ է եղել տարածաշրջանում տեղի ունեցած միգրացիոն գործընթացներից։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին արաբագիտության կարևորությունը՝ որպես ԵՊՀ ռազմավարական առաջնահերթ ուղղություններից մեկը։





