- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում էր ԻԻՀ նորանշանակ դեսպանը՝ ամրապնդելու ակադեմիական կապերը համալսարանի հետ
Փետրվար 24, 2026 | 13:52
Գիտություն
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ում էր ԻԻՀ նորանշանակ դեսպանը՝ ամրապնդելու ակադեմիական կապերը համալսարանի հետ
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հյուրընկալեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին՝ քննարկելու և ուղենշելու գիտակրթական ու ակադեմիական համագործակցության նոր հեռանկարներ։
ԵՊՀ ռեկտորը և նորանշանակ դեսպանը հանդիպման ընթացքում քննարկեցին կրթագիտական ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Վկայակոչելով Հայաստանի և Իրանի միջև պատմական դաշնակցային հարաբերություններն ու ժամանակակից գործակցությունը՝ նրանք անդրադարձան գործընկերային առկա կապերն ամրապնդելու և ընդլայնելու հնարավորություններին:
Հ. Հովհաննիսյանը նշեց, որ իրանագիտությունը Հայաստանում, ի դեմս նաև ԵՊՀ-ի, ամենազարգացած ոլորտներից է: Այդ մասին է փաստում այն, որ ԵՊՀ իրանագիտության ամբիոնն իր գործունեությամբ առաջատարն է ողջ տարածաշրջանում, ինչը մատնանշում է հարևան ժողովուրդների և պետությունների բարիդրացիական դարավոր կապերի ամրապնդման, խորացման, ինչպես նաև երկկողմ հետաքրքրությունների շարունակական զարգացման անհրաժեշտությունը:
ԵՊՀ ռեկտորի խոսքով՝ գործակցության այժմյան շրջանակն ընդգրկում է մշակույթը (լեզու, գրականություն, պատմություն), սակայն միացյալ գործունեությունը հնարավոր է խորացնել նաև բնագիտական ոլորտում՝ արդյունավետ իրացնելով առկա ներուժը:
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Խալիլ Շիրղոլամին, ներկայացնելով ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետից, մասնավորապես՝ Իրանագիտության ամբիոնից ստացած դրական տպավորությունները, ընդգծեց, որ այն ոլորտի լավագույն դպրոցն է ողջ տարածաշրջանում:
Խ. Շիրղոլամին վերահաստատեց համագործակցությունը շարունակելու, այդ ուղղությամբ անհրաժեշտ ջանքեր ներդնելու անհրաժեշտությունը՝ ի նպաստ հայ-իրանական ակադեմիական համայնքների միջև գիտակրթական կապերի զարգացման:
Ըստ դեսպան Խ. Շիրղոլամիի՝ գիտական կապերի սերտացման շարժիչ ուժ է փոխճանաչման խորացումը, ուստի կողմերը կշարունակեն կյանքի կոչել արդեն իսկ ձեռնարկած քայլերը՝ ԵՊՀ-ի և իրանական բուհերի միջև կնքված փոխգործակցության հուշագրեր, ուսանողների վարձավճարների փոխհատուցման ծրագրեր և այլն:
Կրթական և գիտական արդյունավետ գործընթացների կազմակերպման և լավարկման նպատակով դեսպանը ցանկություն հայտնեց մշակելու ակադեմիական համագործակցության, կադրերի մասնագիտական վերապատրաստման երկկողմ ծրագրեր, պատվիրակությունների փոխայցեր և այլն: Նա շեշտեց այդ նպատակների իրագործմանն ուղղված իրանական կողմի նոր նախաձեռնությունը, այն է՝ հայ դասական գրականության լավագույն հուշարձանների թարգմանություն ու լույսընծայում պարսկերենով:
ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը և ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Խ. Շիրղոլամին հանդիպման շրջանակում վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ նպաստելու գործող փոխադարձ հանձնառությունների կատարմանը և հայ-իրանական գիտակրթական կապերի հետևողական զարգացմանը:






