- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ում կայացավ Քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլը
Փետրվար 28, 2026 | 18:15
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
ԵՊՀ-ում կայացավ Քիմիայի օլիմպիադայի հանրապետական փուլը
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի, ֆարմացիայի ինստիտուտի և «Քիմիա» առարկայի հանրապետական օլիմպիադայի կազմկոմիտեի համատեղ ջանքերով Երևանի պետական համալսարանում անցկացվեց ՀՀ «Քիմիա» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը: Դպրոցական և մարզային փուլերը հաղթահարած 96 աշակերտներ այս փուլում պայքարում էին լավագույնների շարքում ընդգրկվելու համար։
Առարկայական օլիմպիադաները միտված են բացահայտելու տվյալ առարկայի նկատմամբ աշակերտների հետաքրքրվածության մակարդակը, ինչպես նաև խթանելու այդ բնագավառում նրանց հետագա արդյունավետ գործունեությունը։ Այս առումով Քիմիայի հանրապետական օլիմպիադան ոչ միայն մրցույթ է, այլև գիտական մտածողության, վերլուծական կարողությունների և գործնական հմտությունների ստուգման կարևոր հարթակ։
Հանրապետական փուլը անցկացվեց երկու ենթափուլով՝ տեսական և փորձնական։ Տեսական փուլում մասնակիցները լուծեցին բարդ խնդիրներ և պատասխանեցին հարցերի, որոնց շարքում առկա էին նաև դպրոցական ծրագրից դուրս հարցեր և պահանջում էին նաև բուհական մակարդակի գիտելիքներ։ Փորձնական փուլում աշակերտները համալսարանի ուսումնական լաբորատորիաներում կատարեցին գիտափորձեր, չափումներ և վերլուծություններ, ձևակերպեցին եզրահանգումներ՝ ի ցույց դնելով ոչ միայն իրենց գիտելիքները, այլև գործնական հմտությունները և պատասխանատվությունը լաբորատոր աշխատանքի ընթացքում։
Օլիմպիադան անցկացվեց տարիքային երեք խմբերով՝ 9-րդ, 10-րդ և 11-12-րդ դասարանների աշակերտների համար։ Յուրաքանչյուր խմբի համար սահմանված էին համապատասխան բարդության առաջադրանքներ։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Արմեն Գալստյանի խոսքով՝ օլիմպիադայի հարցաշարերը չեն սահմանափակվում դպրոցական ուսումնական ծրագրով:
«Սա դպրոցական մակարդակի քիմիա չէ։ Առաջադրանքներով հիմնականում ստուգվում են բուհական մակարդակի գիտելիքներ։ Աշակերտը պետք է ունենա ավելի խոր պատկերացումներ, օգտվի լրացուցիչ աղբյուրներից և տիրապետի գործնական հմտությունների, որ կարողանա հաղթահարել այս փուլը»,- ընդգծեց նա։
Վերջնական արդյունքը ձևավորվում է երկու փուլերի միավորների համադրությամբ. 60 տոկոսը՝ տեսական փուլից, 40 տոկոսը՝ փորձնական փուլից։ Միավորների հանրագումարի հիման վրա սահմանվում են առաջին, երկրորդ ու երրորդ կարգեր և նշյալ կարգերն ստացած աշակերտներին տրվում են շնորհակալագրեր՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված կարգի։ Նախքան արդյունքների վերջնական ամփոփումը մասնակիցները հնարավորություն ունեն բողոքարկելու իրենց գնահատականները։
Օլիմպիադայի լավագույն քառյակը ներկայացնելու է Հայաստանը միջազգային հարթակներում, այդ իսկ պատճառով ամեն տարի առաջադրանքներն ու գնահատման չափանիշները վերանայվում են՝ համապատասխանեցվելով միջազգային պահանջներին։ Այս տարի փորձնական փուլում ավելացվել էին նաև գիտական և տեխնիկական նոր բաղադրիչներ՝ նպատակ ունենալով նորովի ստուգելու աշակերտների հմտությունները:
Մրցանակակիրները կարժանանան պատվոգրերի և խրախուսական մրցանակների (մասնագիտական գրքեր, տեխնոլոգիական սարքեր և այլ նվերներ) գործընկեր կազմակերպություններից:
Նշենք, որ ստուգող հանձնաժողովում ընդգրկված են ինչպես ԵՊՀ աշխատակիցներ, այնպես էլ գիտահետազոտական տարբեր ինստիտուտների ներկայացուցիչներ։
