- Գլխավոր
- Նորություններ
- Լույս է տեսել իրավաբանական կլինիկական կրթությանը նվիրված հայալեզու գիտական հոդվածների առաջին ժողովածուն
Մարտ 09, 2026 | 11:03
Գիտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ
Լույս է տեսել իրավաբանական կլինիկական կրթությանը նվիրված հայալեզու գիտական հոդվածների առաջին ժողովածուն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի սերտ համագործակցության շրջանակում լույս է տեսել իրավաբանական կլինիկական կրթությանը նվիրված հայալեզու գիտական հոդվածների առաջին ժողովածուն:
Ժողովածուն ամփոփում է ոլորտի առաջատար մասնագետների, դասախոսների և պրակտիկ իրավաբանների հետազոտությունները, որոնք վերաբերում են Հայաստանում իրավաբանական կլինիկական կրթության ձևավորմանը և զարգացմանը, ոլորտի պրակտիկ մասնագետներ պատրաստելու գործում իրավաբանական կլինիկաների դերին և մարդու իրավունքների պաշտպանության գործում դրանց ունեցած նշանակությանը:
Հատկանշական է, որ հոդվածները տպագրվել են «Բանբեր Երևանի համալսարանի. Իրավագիտություն» գիտական հեղինակավոր հանդեսում: Սա հաստատում է ներկայացված նյութերի գիտական բարձր որակը, իսկ համալսարանի կողմից հանդեսի տպագրության կազմակերպումը ևս մեկ անգամ վկայում է վերջինիս կողմից գիտության և կրթության զարգացմանը նվիրված հետևողական քաղաքականության մասին։ Համալսարանական միջավայրը, որը խրախուսում է ինչպես ակադեմիական հետազոտությունը, այնպես էլ գործնական կրթությունը, ստեղծում է այն ամուր հիմքը, որի վրա հնարավոր է կյանքի կոչել նման արժեքավոր ու նորարարական նախաձեռնություններ։
Ժողովածու շնորհանդեսի ժամանակ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանն արձանագրեց, որ ներկայացվող գիտական հանդեսը հեղինակավոր հարթակ է, որը համախմբում է ոլորտի առաջատար մասնագետներին` խթանելով գիտական առողջ բանավեճ և ձևավորելով արդի իրավական մտածողության որակական նոր չափանիշներ։ Այն միավորում է տեսական վերլուծությունը և գործնական փորձը, խթանում մասնագիտական քննարկումները, նպաստում գիտական մշակույթի ամրապնդմանը և ստեղծում նոր գաղափարների ձևավորման միջավայր։ Քնարիկ Վարդանյանը հավելեց, որ այսպիսի նախաձեռնությունները հատկապես կարևոր են նաև այն պատճառով, որ իրավագիտությունը զարգանա ոչ միայն ավանդույթների պահպանման, այլև նոր հիմնախնդիրների, քննադատական մտածողության և պրակտիկ գործունեության խթանման ուղղություններով։ Ք. Վարդանյանը մեծապես արժևորեց համալսարանական գործընկերների, իրավաբանական կլինիկաների ներկայացուցիչների, հոդվածների հեղինակների, գրախոսողների աջակցությունը, ցուցաբերած մասնագիտական բարձր պատասխանատվությունը և բարեխիղճ մոտեցումը:
Հանդեսի գլխավոր խմբագիր, ի.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը առանձնահատուկ արժևորեց ժողովածուի լույսընծայման ճանապարհին կատարված աշխատանքը։ Նա նշեց, որ այս նախագիծը կյանքի է կոչվել տևական, բարդ և բազմաշերտ գործընթացի արդյունքում, որի ընթացքում հաջողությամբ լուծվել են թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային բազմաթիվ խնդիրներ։ Գ. Դանիելյանն առանձնակի շեշտադրեց նման նախաձեռնությունները շարունակական դարձնելու գաղափարը՝ առաջ քաշելու համար կրթական նորագույն մոտեցումներ և ժամանակակից մեթոդներ, որոնք բնավ չեն նսեմացնի ավանդական կրթական համակարգի դերն ու նշանակությունը։
Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտի (ՌՎԻ) Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային տնօրեն, գործառնական հարցերով տնօրենի տեղակալ Ջեյսոն Նաումը բարձր գնահատեց Երևանի պետական համալսարանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և իրավաբանական կլինիկայի, գիտական հոդվածների հեղինակների աշխատանքը՝ Հայաստանում կլինիկական իրավական կրթության զարգացման գործում ներդրման ու արդյունավետ համագործակցություն ապահովելու ուղղությամբ։ Նա ընդգծեց կլինիկական կրթության՝ որպես տեսության և պրակտիկայի միջև կամուրջի կարևորությունը, ինչը ուսանողներին պատրաստում է իրավունքի պրակտիկ կիրառմանը։ Նա նաև վերահաստատեց ՌՎԻ հանձնառությունը՝ շարունակական երկխոսության միջոցով աջակցելու կլինիկաների միջև կայուն և ինստիտուցիոնալ համագործակցությանը։
ՌՎԻ հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Արման Գասպարյանը մատնանշեց իրավաբանական կլինիկական կրթության ոլորտում հետազոտությունների և կլինիկաների միջև համագործակցության անհրաժեշտությունը Հայաստանում։ Նա նաև ընդգծեց ՌՎԻ հանձնառությունը՝ նպաստել հայաստանյան կլինիկաների միջև ավելի կայուն և շարունակական համագործակցությանը։
Միջոցառման երկրորդ փուլում հեղինակները ներկայացրին իրենց հոդվածները, ինչը հնարավորություն ընձեռեց հրավիրյալ բուհերի ներկայացուցիչներին ծանոթանալու իրավաբանական տարբեր կլինիկաների գործունեության պատմությանը և մեթոդաբանական առանձնահատկություններին: Ստացված տեղեկությունը հատկապես կարևոր էր այն բուհերի ներկայացուցիչների համար, որոնք պատրաստվում են իրենց հաստատություններում նույնպես գործարկելու իրավաբանական կլինիկաներ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Աշոտ Պետրոսյանն ամփոփեց միջոցառումը` վերարժևորելով հանրապետական բուհերի իրավաբանական կլինիկաների արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնելով, որ համատեղ աշխատանքի տեսլականը մոտ ապագայում կյանքի կկոչվի:
ԵՊՀ իրավաբանական կլինիկան և Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների ինստիտուտը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ ծրագրերը, որոնք միտված են իրավաբանական կլինիկաների հզորացմանը թե՛ Երևանում, թե՛ մարզային բուհերում:
Նշենք, որ ժողովածուն հասանելի կլինի էլեկտրոնային հարթակներում՝ դառնալով կարևոր աղբյուր ապագա հետազոտողների համար։




