- Գլխավոր
- Նորություններ
- Գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ պրոֆեսոր Նորիկ Այվազյանի ծննդյան 85-ամյակին
Մարտ 10, 2026 | 14:34
Գիտություն
Կրթություն
Գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ պրոֆեսոր Նորիկ Այվազյանի ծննդյան 85-ամյակին
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ «Իրավական պետության հորիզոններում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորիկ Այվազյանի ծննդյան 85-ամյակին։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը նշեց, որ պրոֆեսորն իր աշխատանքային գործունեության ընթացքում տասնյակ հազարավոր իրավաբանների ուսուցիչ է եղել, այդ թվում՝ իր ուսուցիչը: Նրա խոսքով՝ պրոֆեսորի գիտական ճանապարհն անցել է ծանր ժամանակահատվածում, երբ բացառիկ երևույթ էր Մոսկվայում դոկտորական ատենախոսություն պաշտպանելը, և Ն․ Այվազյանն առաջիններից էր, որ ստացավ իրավագիտության դոկտորի աստիճան:
«Անգնահատելի է Ն. Այվազյանի ավանդն իրավագիտության բնագավառում և իրավաբաններին կրթելու գործում: Իր խստության և պահանջկոտության հետ միասին նա նաև անչափ բարի և բարյացակամ էր ուսանողների նկատմամբ»,- ընդգծեց Հ․ Խաչիկյանը:
Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Հասմիկ Ենգոյանը, շնորհավորելով պրոֆեսորին, ասաց. «Այսօր մենք հավաքվել ենք՝ ի մի բերելու մի ողջ դարաշրջան։ Չէ՞ որ 85-ը զուտ իմաստության տարիք չէ․ դա մի ամբողջ կյանք է։ Այն լի էր երկրի գիտությանը, համալսարանական կրթությանը, բազում սաներին և, ամենակարևորը, իրավունքը որպես պետական և հասարակական կյանքի կանոնակարգման բարձրագույն արժեք դիտարկելու ծառայությամբ։ Ձեր անցած ճանապարհը անհատի ճանապարհ է, որի համար սահմանադրական իրավունքը երբեք չի եղել ակադեմիական առարկա։ Ձեր դասախոսություններում այն հնչել է որպես ազատության փիլիսոփայություն։ Երկար տարիներ ղեկավարելով Սահմանադրական իրավունքի ամբիոնը՝ Դուք ստեղծեցիք և՛ կոլեկտիվ մտածողություն, և՛ գիտական դպրոց, մտքի ազատության, հիմնավորված փաստարկի նկատմամբ հարգանքի և մակերեսայնության նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ։ Եվ հենց այդ պատճառով Ձեր կողքին ձևավորվում էին ոչ միայն գիտակ մասնագետներ, այլև լիարժեք անհատներ»։
Գիտաժողովի շրջանակում զեկուցումներով հանդես եկան ի.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը («Պետական իշխանության լեգիտիմության ներքին և արտաքին ասպեկտները»), ի.գ.դ., պրոֆեսոր Ռուզաննա Հակոբյանը («Սահմանադրական պատասխանատվության ձևերը իրավական պետությունում»), ի.գ.դ., պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը («Պետության սահմանադրական հայեցակարգի վերանայման անհրաժեշտությունը»), ի.գ.թ., դոցենտ Անահիտ Մանասյանը («Մարդու իրավունքների կրթության բացառիկ դերը իրավունքի գերակայության երաշխավորման գործում, խնդիրներ և լուծումներ»), ի.գ.թ., ասիստենտ Կարեն Հակոբյանը («Պատշաճ վարչարարության իրավունքի զարգացման միտումները»), ի.գ.թ., ասիստենտ Քրիստինե Ալեքսանյանը («Լեգիտիմ ակնկալիքների պաշտպանության հիմնախնդիրները բարենպաստ վարչական ակտերի վերացման դեպքում») և ի.գ.թ., ասիստենտ Տիգրան Նաղդալյանը («Օրենքի բացի սահմանադրականության գնահատման հիմնախնդիրը»):
Նշենք, որ պրոֆեսոր Ն. Այվազյանի 85-ամյակի կապակցությամբ կազմակերպված գիտաժողովին ներկա էին գիտության ոլորտի, պետական մարմինների, դատական համակարգի, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ: