- Գլխավոր
- Նորություններ
- «Իմ երկու դասախոսներն էլ պրոֆեսիոնալ են և խրախուսում են ինձ՝ անելու առավելագույնը». արտերկրից ժամանած ուսանողները՝ ԵՊՀ-ի մասին
Մարտ 26, 2026 | 11:00
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ուսանողական
«Իմ երկու դասախոսներն էլ պրոֆեսիոնալ են և խրախուսում են ինձ՝ անելու առավելագույնը». արտերկրից ժամանած ուսանողները՝ ԵՊՀ-ի մասին
ԵՊՀ-ն շարունակում է հյուրընկալել արտասահմանյան բուհերի ուսանողներին՝ ընդլայնելով համագործակցությունը միջազգային բարձրագույն կրթական հաստատությունների հետ։ Այս անգամ մեր զրուցակիցներն են Բոլոնիայի (Իտալիա) և Փարիզի Սիտե (Ֆրանսիա) համալսարանների մագիստրանտները։
Մացա Շտրիտովը Իտալիայից է Հայաստան եկել: Նա սովորում է Բոլոնիայի համալսարանում՝ «Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրություններ» մագիստրոսական կրթական ծրագրի երկրորդ կուրսում։ Այս կիսամյակի սկզբից Մացան «Էրազմուս+» ծրագրի շրջանակում կրթությունը շարունակում է ԵՊՀ-ում:
Նա հետաքրքրված է դիվանագիտությամբ, վերլուծական աշխատանքներով, կրթությամբ: Օտարերկրյա ուսանողը մի քանի առարկաներ է ուսումնասիրում ԵՊՀ միջազգային հարաբերությունների, արևելագիտության և ռուս բանասիրության ֆակուլտետներում: Նրա համար կարևոր է նաև ռուսաց լեզուն, որն սկսել է սովորել դեռևս Բոլոնիայի համալսարանում։
«Նպատակ ունեմ հասնելու ռուսերենի իմացության առնվազն B1 մակարդակի, ինչը հնարավորություն կընձեռի ազատ հաղորդակցվելու առօրյայում և շփվելու հետխորհրդային երկրներում, կարդալու հոդվածներ և վայելելու արվեստը՝ առանց թարգմանության»,- ասաց նա։
Մացան բավական տպավորված է, որ ունի «Ռուսաց լեզու և խոսքի մշակույթ», ինչպես նաև «Ռուս գրականություն» առարկաներն անհատական ուսանելու հնարավորություն: Ընդգծելով, որ ԵՊՀ-ում դասավանդման արդի մեթոդներն օգնում են իրեն՝ հեշտորեն համալրելու գիտելիքների պաշարը, նա նշեց․ «Իմ երկու դասախոսներն էլ պրոֆեսիոնալ են և խրախուսում են ինձ՝ անելու առավելագույնը»։
Իտալիայից ժամանած ուսանողը Հայաստանում շփման պակաս չի զգում։
«Բոլորը բարի են և փորձում են շփվել ինձ հետ՝ չնայած լեզվական որոշ խոչընդոտների։ Տպավորված եմ մարդկանց տոկունությամբ, երկրի գեղեցիկ լեռներով։ Անհամբեր սպասում եմ գարնան ջերմ եղանակներին, որ գնամ արշավների»,- մատնանշեց օտարերկրյա ուսանողը:
Ֆրանսիայից ժամանած Գաբրիել Դելորմը ևս ուսումը շարունակում է ԵՊՀ-ում: Թեև նա չի սիրում լուսանկարվել, սակայն սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին։
Գաբրիելը սովորում է Փարիզի Սիտե համալսարանում (Université Paris Cité)՝ «Սոցիալական գիտություններ» մագիստրոսական կրթական ծրագրի երկրորդ կուրսում։ Այս կիսամյակում Գաբրիելը ԵՊՀ-ում է «Էրազմուս+» ծրագրի շրջանակում։
«Ես մեկ կիսամյակ սովորելու եմ ԵՊՀ-ում։ Ընտրել եմ «Միջազգային հարաբերությունների տեսություններ», «Դիվանագիտական ծառայություն», «Քաղաքական հոգեբանություն», «ՀՀ արտաքին քաղաքականություն» դասընթացները, ինչպես նաև սովորում եմ ռուսերեն»,- նշեց նա։
Գաբրիելի խոսքով՝ Հայաստանում ռուսերենի ուսումնասիրությունը իր համար կարևոր ընտրություն է։
«Ես այստեղ նախընտրեցի սովորել ռուսերեն, քանի որ Հայաստանում շատ են ռուսախոսները։ Բացի դրանից՝ կարծում եմ, որ միջազգային հարաբերությունների ոլորտն ընտրողների համար կարևոր է տարբեր լեզուների տիրապետելը, հատկապես՝ ոչ եվրոպական»,- ընդգծեց ուսանողը։
Խոսելով ուսումնական գործընթացի մասին՝ նա հատկապես բարձր գնահատեց ԵՊՀ-ում կիրառվող դասավանդման մեթոդները՝ բնորոշելով դրանք բավական արդյունավետ:
Գաբրիելն առաջին անգամ է Հայաստանում: Նրա խոսքով՝ իր տպավորությունները երկրի և մարդկանց մասին միայն դրական են։
«Ես շատ սիրեցի Հայաստանը։ Ինձ հատկապես տպավորել է մարդկանց՝ օգնելու պատրաստակամությունը։ Որպես արտերկրից եկած ուսանող՝ ես դա մեծապես գնահատում եմ»,- եզրափակեց նա։