- Գլխավոր
- Նորություններ
- «Առանց մեծ վնաս պատճառելու որոշել ենք ծառերի տարիքը». ԵՊՀ ուսանողների հերթական պրակտիկան «Ջրվեժ» անտառպարկում
Ապրիլ 21, 2026 | 11:05
Կամավորություն, պրակտիկա և փորձնակություն
Կրթություն
Ուսանողական
«Առանց մեծ վնաս պատճառելու որոշել ենք ծառերի տարիքը». ԵՊՀ ուսանողների հերթական պրակտիկան «Ջրվեժ» անտառպարկում
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բակալավրի կրթական ծրագրի ուսանողներն այցելել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկ՝ մասնակցելու դաշտային գործնական աշխատանքների: Ուսանողները՝ Լենա Քալաշյանը և Գևորգ Գևորգյանը, մեզ հետ զրույցում ներկայացրին կատարած աշխատանքներն ու ստացած տպավորությունները:
«Քարտեզագրություն և կադաստրային գործ» բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Լենա Քալաշյանն առաջին կուրսից մասնակցում է ԵՊՀ ուսումնական պրակտիկաներին: Հերթական պրակտիկայի ընթացքում Լենային հատկապես հետաքրքրել է դաշտային հետազոտական աշխատանքներում տեխնոլոգիաների համադրությունը։
«Ուսումնական պրակտիկայի շրջանակում կատարել ենք անտառների գույքագրման աշխատանքներ՝ զբաղվել ենք ծառերի հաշվառմամբ և դրանց տարիքի որոշմամբ՝ կիրառելով տարբեր գործիքներ։ Օրինակ՝ տարածքի ընդհանուր պատկերը ստանալու համար օգտագործել ենք դրոն, կիրառել անտառային չափիչ գործիքներ, մասնավորապես՝ անտառային բուրգ, որը հնարավորություն է տվել ծառից հանելու բնափայտի բարակ նմուշ և առանց մեծ վնաս պատճառելու՝ որոշելու ծառի տարիքն ու կազմելու համապատասխան բնութագիրը»,- պատմեց Լենան՝ ընդգծելով, որ այս փորձը շատ օգտակար էր, քանի որ հնարավորություն տվեց իրենց իրական պայմաններում կիրառելու համալսարանում ձեռք բերած տեսական գիտելիքները, ինչպես նաև ծանոթանալու բնական ռեսուրսների հաշվառման աշխատանքներին։
ԵՊՀ ուսանողը, անդրադառնալով նախորդ տարիների ուսումնական պրակտիկաներին, հիշատակեց, որ առաջին կուրսում այցելել են Երևանի բուսաբանական այգի և կատարել տարբեր չափագրումներ։ Այս համատեքստում նա մատնանշեց․ «ԵՊՀ Բյուրականի ուսումնաարտադրական բազայում մեկ շաբաթ զբաղվել ենք տեղանքի վերլուծությամբ։ Այցելել ենք Ամբերդ, Արագածի հարավային գագաթ և Քարի լիճ՝ կատարելով ծագումնաբանական ուսումնասիրություններ և աշխարհագրական վերլուծություններ։ Երկրորդ կուրսում պրակտիկան այլ ձևաչափով էր․ ուսումնական երթուղիներում ներառված էին Գառնին, Գեղարդը, Քարերի սիմֆոնիան, Նորավանքը, Սևանը, Հաղարծինն ու Խոր վիրապը: Նշված վայրերում կատարել ենք լանդշաֆտային վերլուծություններ»:
Լենայի խոսքով՝ դաշտային հետազոտական աշխատանքներից բացի՝ համալսարանը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ ոլորտի առաջատար մասնագետների հետ։
«Վերջերս հանդիպել ենք Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել ենք ոլորտի խնդիրներն ու զարգացման հնարավորությունները։ Ընդհանուր առմամբ, մեր ուսումնական գործընթացը շատ հագեցած է գործնական դասերով, ժամանակակից տեխնիկայի կիրառման փորձերով: Սրան զուգահեռ՝ շատ փորձառու են թե՛ ԵՊՀ, թե՛ հրավիրյալ դասախոսները։ Այս ամենը մեծապես նպաստում է մեր՝ որպես մասնագետների ձևավորմանը, ինչպես նաև ապահովում է աշխատաշուկայի հետ կապը»,- հավելեց նա։
Լենան նշեց, որ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտությունն ընտրել է, քանի որ իրեն միշտ հետաքրքրել են տարածքների ուսումնասիրությունը, քարտեզների հետ աշխատանքը և հողային ռեսուրսների ճիշտ կառավարումը։
«Բացի դրանից՝ այս ոլորտը շատ կիրառական է՝ կապված լինելով ինչպես տեխնոլոգիաների (GIS ծրագրեր, քարտեզագրում), այնպես էլ իրական գործնական խնդիրների լուծման հետ»,- ընդգծեց նա:
Գևորգ Գևորգյանը ևս «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բակալավրի կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող է: Պատմելով «Ջրվեժ» անտառպարկում անտառային ռեսուրսների ուսումնասիրման գործնական աշխատանքներից՝ նա նշեց, որ տարածքի ընդհանուր ուսումնասիրությանը և վերլուծությանը զուգահեռ՝ կատարել է նաև ծառերի չափումներ՝ օգտագործելով մասնագիտական գործիքներ։
«Ծառերի տարիքը որոշելու համար օգտագործել եմ «increment borer» գործիքը։ Իմ հաշվումների մեջ ամենամեծ ծառը մոտ 50 տարեկան եղևնին էր: Շատ օգտակար և հետաքրքիր փորձառություն էր, քանի որ հնարավորություն ունեցա ձեռք բերելու գործնական հմտություններ և ավելի լավ հասկանալու իմ մասնագիտության կիրառելիությունը։ Կցանկանայի ավելի հաճախ մասնակցել նմանատիպ պրակտիկաների»,- նշեց նա:
Ըստ Գևորգի՝ իր ընտրած մասնագիտությունը պահանջված է թե՛ հողային ռեսուրսների կառավարման, թե՛ բնապահպանության ոլորտներում։
«Կարծում եմ՝ կադաստրային գործը կայուն, հեռանկարային և մշտապես արդիական ուղղություն է»,- շեշտեց նա:
Նշենք, որ ուսանողական պրակտիկան կազմակերպվել է «Հողային և անտառային ռեսուրսների կադաստր և մոնիթորինգ» դասընթացի շրջանակում ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների հետ գործակցությամբ: