- Գլխավոր
- Նորություններ
- Ատոմային էներգետիկայի ոլորտում կրթական համագործակցության նոր հնարավորություններ․ քննարկում ԵՊՀ-ում
Ապրիլ 01, 2026 | 15:32
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
Ատոմային էներգետիկայի ոլորտում կրթական համագործակցության նոր հնարավորություններ․ քննարկում ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ հանդիպում ֆրանսիական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, որոնք գործունեություն են ծավալում ատոմային էներգետիկայի ոլորտում։ Այս նախաձեռնությունը նպատակ ուներ խթանելու երկկողմ համագործակցությունը և բարձրացնելու կրթության որակը։
Ֆրանսիական պատվիրակության անդամները («EDF–International Nuclear Development», «Cyclife», «ASNR–International Affairs Department» և «I2EN–International Institute of Nuclear Energy» կառույցների ներկայացուցիչները) հանդիպման շրջանակում ներկայացրին իրենց փորձը ատոմային էներգետիկայի զարգացման, անվտանգության և միջազգային համագործակցության ոլորտներում։
Հանդիպման ընթացքում ոլորտի փորձագետները, ինչպես նաև կրթական, կարգավորող և արդյունաբերական հաստատությունների ներկայացուցիչները անդրադարձան իրենց կառույցների կրթական ծրագրերի ամբողջական պատկերին՝ ներկայացնելով մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերը, մասնագիտական վերապատրաստման և ունակությունների զարգացման հնարավորությունները։ Մանրամասն քննարկվեցին ծրագրերի կառուցվածքը, ուսումնասիրման ոլորտները և միջազգային համագործակցության տարբեր ձևաչափերը՝ ներառյալ համատեղ դասընթացներ, ուսումնամատչելի առցանց ռեսուրսներ և փոխանակման ծրագրեր տարբեր համալսարանների միջև։
Ներկայացնելով Ֆիզիկայի ինստիտուտի կրթական ծրագրերը, որոնք նպատակ ունեն պատրաստելու մասնագետներ տարբեր ոլորտներում, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար Անահիտ Բալաբեկյանը նշեց, որ Հայաստանում ատոմային էներգետիկայի ոլորտում մասնագետներ պատրաստվում են միայն Երևանի պետական համալսարանում, սակայն համալսարանը միայն այս ոլորտով չի սահմանափակվում և զբաղվում է նաև գիտահետազոտական այլ ուղղություններով, որոնք պահանջված են Հայաստանում:
Ներկաները ծանոթացան այն մեթոդաբանություններին, որոնք կիրառվում են մասնագետների կրթության և ատոմային էներգետիկայի ոլորտում նորարարությունների ներդրման համար, ինչպես նաև քննարկեցին համատեղ հետազոտական նախագծերի հնարավորությունները։
Հանդիպման մասնակիցները նախնական համաձայնության եկան հետագայում համատեղ մագիստրոսական ծրագիր ստեղծելու վերաբերյալ, որը կպատրաստի ատոմային էներգետիկայի ոլորտի մասնագետներ՝ հնարավորություն տալով ուսանողներին օգտվելու ինչպես ֆրանսիական փորձից, այնպես էլ գիտակրթական տեղական ռեսուրսներից։
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, համալսարանի դասախոսներ և հետազոտողներ, ինչպես նաև ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և այլ կառույցների ներկայացուցիչներ։





