- Գլխավոր
- Նորություններ
- Ամփոփելով ձեռքբերումներն ու ներկայացնելով առաջիկա ծրագրերը․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը 32 տարեկան է
Ապրիլ 15, 2026 | 10:00
Միջոցառումներ
Մշակույթ
Ուսանողական կյանք
Ամփոփելով ձեռքբերումներն ու ներկայացնելով առաջիկա ծրագրերը․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը 32 տարեկան է
ԵՊՀ ուսանողական խորհուրդը նշեց իր հիմնադրման 32-ամյակը։ Տոնական օրվա մեկնարկը տրվեց ընդլայնված նիստով, որի շրջանակում ամփոփվեցին ՈՒԽ գործունեության արդյունքները, պարգևատրվեցին կառույցի առավել ակտիվ ներկայացուցիչները։ Միջոցառումն ամփոփվեց Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ կայացավ Ուսանողական խորհրդի անդամների մասնակցությամբ բեմադրված «Հայը» ներկայացումը։
ԵՊՀ միջազգային կապերի զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ցանկացած համայնքի ձևավորման հիմքում ինքնակազմակերպումն է՝ որպես ընդհանուր արժեքների և նպատակների շուրջ համախմբվելու բնական գործընթաց, և ամբողջ աշխարհում ուսանողական կառույցները ձևավորվում են հենց այդ սկզբունքով։ Նրա խոսքով՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հենց այն հարթակներից է, որտեղ ուսանողները կարողանում են գտնել համախոհների, միավորվել ընդհանուր գաղափարների շուրջ և ստեղծել նոր նախաձեռնություններ, որոնք նպաստում են համալսարանական կյանքի զարգացմանը։
Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ առաջին հերթին՝ ուսանողները միավորվում են կրթության համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու ձգտումով, սակայն համալսարանը միայն գիտելիք ստանալու միջավայր չէ․ այն ինքնազարգացման կարևոր հարթակ է, որտեղ ֆորմալ կրթությունից դուրս իրականացվող գործընթացները շարունակաբար ձևավորում են ուսանողների անհատական և մասնագիտական աճի հնարավորություններ, իսկ այդ գործընթացը առավել արդյունավետ դարձնելու գործում շատ կարևոր է ուսանողական կառույցների դերակատարումը։
Նա նաև արժևորեց Ուսանողական խորհրդի՝ տարբեր տարիների անդամների ներկայությունը միջոցառմանը՝ ընդգծելով սերունդների ամուր կապը։
«Տարիներ անց Ուսանողական խորհրդի գործունեության նշանակությունը կգնահատվի հենց այն ուսանողների կողմից, որոնք այսօր ներգրավված են կառույցի աշխատանքներում։ Ուսանողական տարիների ընթացքում ձևավորված ընկերական կապերն ու համատեղ նախաձեռնությունները հետագայում վերարժևորվում են որպես կարևոր փորձառություն, իսկ այդ ճանապարհին Ուսանողական խորհուրդը հանդես է գալիս որպես միավորող կարևոր ինստիտուցիոնալ հարթակ»,- մատնանշեց պրոռեկտորը։
32 տարվա ուղի․ արժեքների պահպանում և շարունակական զարգացում
ԵՊՀ ուսանողական խորհուրդը հիմնադրվել է 1994 թվականի ապրիլի 14-ին։ Այն Հայաստանի Հանրապետության ամենամեծ երիտասարդական կառույցներից մեկն է, որի հիմնական առաքելություններն են ուսանողների իրավունքների պաշտպանությունը և համալսարանի կառավարման գործընթացում նրանց մասնակցության ապահովումը։
ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Հասմիկ Ափրեյանի խոսքով՝ կառույցի անցած ճանապարհը եղել է ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ մարտահրավերներով լի, և հենց այդ փորձն է ձևավորել կառույցի ամուր հիմքը։
Ուսանողական խորհուրդը հիմնադրման օրից առաջնորդվել է իր գաղափարական արժեքներով և պահպանել համակարգային հիշողությունը, ինչի շնորհիվ այսօր էլ շարունակում է իրականացնել իր հիմնական առաքելությունը՝ ակտիվացնելով ուսանողների կրթական, մշակութային, գիտակրթական, հոգևոր ու ռազմահայրենասիրական կյանքը համալսարանում։ ՈՒԽ նախագահի համոզմամբ՝ հատկապես վերջին տարիներին այս ուղղություններով նոր ձևաչափերով իրականացվող ծրագրերը առավել տեսանելի ազդեցություն են ունենում համալսարանի ուսանողական կյանքի վրա։
Նոր նախաձեռնություններ և արդեն կայացած ծրագրերի զարգացում
Տարեսկզբին Ուսանողական խորհրդի կազմում ընդգրկվել են համալսարանում գործող Գիտարշավական ակումբը և Լեոնիդ Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբը, ինչը զգալիորեն ընդլայնել է կառույցի գործունեության շրջանակը հատկապես հայրենաճանաչության և ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղություններով։
ՈՒԽ նախագահն ընդգծեց՝ Ուսանողական խորհրդի կայացման ճանապարհը հնարավոր է դարձել տարբեր սերունդների նվիրված աշխատանքի շնորհիվ։ Նրա խոսքով՝ տարիների ընթացքում բազմաթիվ ուսանողներ իրենց էներգիան, գաղափարներն ու սերը ներդրել են կառույցի զարգացման գործում, ինչի արդյունքում ձևավորվել է կայացած համակարգ, որը կարողանում է պահպանել իր շարունակական զարգացումը և դիմակայել տարբեր մարտահրավերների։
Հաշվետու նիստ և ակտիվ ուսանողների պարգևատրում
Կառույցի 32-ամյակին նվիրված ընդլայնված նիստի ընթացքում ներկայացվեց Ուսանողական խորհրդի մեկ տարվա գործունեության հաշվետվությունը, պարգևատրվեցին կառույցի առավել ակտիվ ներկայացուցիչները՝ համալսարանական կյանքի կազմակերպման և զարգացման գործում ունեցած մեծ ներդրումի համար։
Այս համատեքստում Հասմիկ Ափրեյանը փաստեց, որ Ուսանողական խորհուրդը փորձում է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն կունենա ինքնադրսևորվելու, փորձելու իր գաղափարները, նույնիսկ սխալվելու և այդ փորձառության միջոցով ձևավորվելու որպես կայացած մասնագետ՝ աշխատաշուկա մուտք գործելուց առաջ ունենալով անհրաժեշտ փորձ և վստահություն։
«Հայը» ներկայացումը՝ որպես մշակութային ինքնության վերարժևորում
Միջոցառումների շարքի կարևորագույն բաղադրիչներից էր «Հայը» ներկայացումը, որը բեմադրվեց Ուսանողական խորհրդի անդամների նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ բեմադրական նորացված լուծումներով։
ԵՊՀ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էրիկ Բաղդասարյանի խոսքով՝ թեև ներկայացումը մեկ անգամ արդեն ԵՊՀ-ում հանձնել էին հանդիսատեսի դատին, սակայն այս անգամ բեմադրության մեջ որոշակի փոփոխություններ էին կատարվել:
«Այս տարվա տարբերակը համալրվել է պարային նոր հատվածներով և սցենարական լրացումներով՝ առավել ամբողջական ներկայացնելու հայկական ավանդական միջավայրը և ծիսական մշակույթը։ Ստեղծագործական խումբը, վերլուծելով նախորդ ներկայացումների փորձը, հավելել է գաղափարական և բովանդակային նոր լուծումներ, որոնք անհրաժեշտ էին ներկայացումն առավել ամբողջական դարձնելու համար»,- նշեց նա:
Էրիկ Բաղդասարյանն ընգծեց նաև, որ ներկայացման ստեղծման գործընթացը կազմակերպական մեծ աշխատանք էր պահանջում, քանի որ ծրագրում ներգրավված էին շուրջ երեսուն ուսանողներ տարբեր ֆակուլտետներից, որոնք աշխատում էին տարբեր գրաֆիկներով, ուստի հաճախ փորձերն անցկացվում էին մինչև ուշ ժամեր։
Նրա խոսքով՝ ներկայացման ստեղծման գործընթացում ներգրավված ուսանողները միաժամանակ կատարել են մի քանի ուղղություններով աշխատանք՝ սցենարական, դերասանական, պարային և կազմակերպական, ինչը ևս մեկ անգամ վկայում է ուսանողական նախաձեռնությունների ներուժի մասին։ Նրա համոզմամբ՝ այսօրինակ ծրագրերը կարևոր դեր ունեն մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման գործում, քանի որ երիտասարդների միջոցով մշակույթը վերածվում է կենդանի և մնայուն արժեքի։





















