- Գլխավոր
- Նորություններ
- «Ժողովրդավարության ձեր ղեկը ուրիշին պետք չէ տալ». ԿԸՀ անդամները հանդիպեցին ԵՊՀ ուսանողների հետ
Մայիս 21, 2026 | 12:51
Հասարակություն
Միջոցառումներ
Ուսանողական
«Ժողովրդավարության ձեր ղեկը ուրիշին պետք չէ տալ». ԿԸՀ անդամները հանդիպեցին ԵՊՀ ուսանողների հետ
ԵՊՀ-ում տեղի ունեցավ քննարկում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) անդամների և ուսանողների միջև՝ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ: Քննարկումը կազմակերպվել էր ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» («ARTEMIS») ծրագրի շրջանակում:
ԿԸՀ անդամներն անդրադարձան ընտրություններին երիտասարդների մասնակցության կարևորությանը, ժողովրդավարական գործընթացներում նրանց ներգրավվածությանը, իրազեկ և ակտիվ քաղաքացի լինելու նշանակությանը։
ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ուսանողների համար իրազեկման կարճ հարցում անցկացրեց, որին ուսանողները մասնակցեցին՝ QR կոդերի միջոցով ուղարկելով իրենց պատասխանները: Հարցերի վերաբերյալ ճիշտ պատասխանները հնչեցնելիս ԿԸՀ անդամը հորդորեց ուսանողներին լինել զգոն տեղեկատվական հոսքերի նկատմամբ. «Կեղծ տեղեկությունների տարածումը կանխելու համար մենք պարտավոր ենք ստուգել ընտրությունների վերաբերյալ ցանկացած տեղեկություն»:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց հետաքրքիր համեմատություն՝ ժողովրդավարությունը նմանեցնելով մեքենա վարելուն. «Ժողովրդավարության ձեր մեքենան՝ ձեր ղեկը, ուրիշին պետք չէ տալ։ Եթե դուք չեք գնում ընտրության, դուք այդ ղեկը տալիս եք ուրիշին»։
Նրա խոսքով՝ միջազգային ինստիտուտների կատարած վերլուծությունը ցույց է տալիս, որ ներկայում աշխարհում նկատվում է ժողովրդավարության հետընթաց, նույնիսկ կայացած երկրներում. «Իսկ ի՞նչ է ժողովրդավարությունը: Դա մեծամասնության իշխանությունն է և փոքրամասնության իրավունքները»:
Խոսելով ընտրությունների մասին՝ նա առանձնացրեց չորս հիմնարար սկզբունք՝ ազատություն, գաղտնիություն, հավասարություն և ընդհանուր ընտրական իրավունք: Բանախոսը շեշտեց, որ ժողովրդավարությունը հիմնված է նաև քրիստոնեական արժեքների վրա (հավասարություն) և ներառում է ոչ միայն ընտրությունները, այլև խոսքի ազատությունը, կայացած ինստիտուտները, մարդու իրավունքները և բազմաթիվ այլ ասպեկտներ, քանի որ երկրների ժողովրդավարությունը չափելիս 500 ցուցիչ է հաշվարկվում:
Արմեն Սմբատյանը նաև ընդգծեց առաջին անգամ ընտրելու կարևորությունը՝ հիմնվելով վիճակագրության վրա. «Նրանք, ովքեր առաջին անգամ ընտրում են, սովորաբար ամբողջ կյանքում մնում են ընտրող: Նրանք, ովքեր չեն ընտրում իրենց առաջին ընտրությունների ժամանակ, սովորաբար մնացած ժամանակ էլ չեն գնում ընտրության»։
Ըստ ԿԸՀ անդամի՝ ընտրություններին մասնակցությունը տալիս է այն «էներգիան», որը կոչվում է լեգիտիմություն:
ԿԸՀ անդամ Արուսյակ Տերչանյանը, վերադառնալով հարազատ բուհ, խոսեց ընտրությունների ներառականության և հասանելիության մասին։ Ըստ նրա՝ ժողովրդավարությունը միայն ընտրություններ անցկացնելը չէ. այն սկսվում է այնտեղից, թե որքանով է ընտրությունը հասանելի բոլորի համար՝ անկախ սոցիալական կարգավիճակից կամ ֆիզիկական հնարավորություններից. «Ժողովրդավարության իրական հիմքը այնտեղ է, որտեղ մենք կարողանում ենք յուրաքանչյուրի քվեն հասանելի դարձնել, որպեսզի որևէ մեկը անտեսված չզգա իրեն»:
Նա առանձնակի ընդգծեց, որ ժողովրդավարությունը «կաղում է» այնտեղ, որտեղ տիրում է անտարբերությունը։
«Ժողովրդավարության ամենամեծ վտանգը ոչ թե տարբեր կարծիքներն են, այլ մարդկանց անտարբերությունը։ Մենք պետք է յուրաքանչյուրի մեջ անտարբերության ախտը չեզոքացնենք»,- ասաց Արուսյակ Տերչանյանն ու հորդորեց երիտասարդներին չլինել անտարբեր, մասնակցել իշխանությունների ձևավորմանը և հետո միայն պահանջել արդյունքներ:
Նա ներկայացրեց նաև այն տեխնիկական լուծումները, այդ թվում՝ Բրայլյան կաղապարներ, մատչելի ընտրատեղամասեր և այլն, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց հնարավորություն են ընձեռում ինքնուրույն և գաղտնի քվեարկելու:
Հանդիպման ընթացքում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ԿԸՀ անդամներին: Քննարկվեցին բանավեճերի ինստիտուտի զարգացումը, «օգնողի ինստիտուտի» գործառույթները, ընտրողների ցուցակներում տեղ գտած տեղեկությունների հասանելիությունը և այլ հարցեր:
Արուսյակ Տերչանյանը, պատասխանելով ուսանողների հարցերին, պարզաբանեց նաև, թե ինչ է «օգնողի ինստիտուտը». «Եթե քաղաքացին ինքնուրույն չի կարող քվեարկել, նրան կարող է օգնել ցանկացած անձ՝ բացի հանձնաժողովի անդամներից, դիտորդներից կամ վստահված անձանցից։ Մեկ անձը կարող է օգնել միայն մեկ անգամ, և նրա տվյալները գրանցվում են հատուկ մատյանում»:
Դիտորդների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ թեև միջազգային դիտորդների կարծիքը կարևոր է դասեր քաղելու համար, սակայն ամենամեծ գնահատականը ժողովրդի տվածն է:











