- Գլխավոր
- Նորություններ
- Գիտությունը՝ առանց սեռերի և սահմանների․ ուսանող Վարդուհի Գալստյանի ուղին դեպի տեխնոլոգիաների աշխարհ
Հուլիս 03, 2026 | 11:36
Կրթություն
Հասարակություն
Ուսանողական
Գիտությունը՝ առանց սեռերի և սահմանների․ ուսանող Վարդուհի Գալստյանի ուղին դեպի տեխնոլոգիաների աշխարհ
Ոմանց համար գիտությունը մասնագիտություն է, մյուսների համար՝ մտածելու ձև։ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ինֆորմատիկա (համակարգչային գիտություն)» կրթական ծրագրի ուսանող Վարդուհի Գալստյանի համար այն դարձել է կյանքի ուղի։ Այսօր նա ոչ միայն ուսումնասիրում է համակարգչային գիտություն և աշխատում տեխնոլոգիական նախագծերի վրա, այլև իր օրինակով փորձում է կոտրել ԲՏՃՄ ոլորտի շուրջ դեռևս պահպանվող կարծրատիպերը՝ համոզված լինելով, որ հաջողությունը պայմանավորված է գիտելիքով ու աշխատասիրությամբ, ոչ թե սեռով։
Չնայած վերջին տարիներին ավելի շատ աղջիկներ են ընտրում ԲՏՃՄ ուղղություններ, մասնագիտական կողմնորոշման փուլում դեռ պահպանվում են կարծրատիպեր այն մասին, թե որ մասնագիտություններն են «ավելի համապատասխան» կանանց կամ տղամարդկանց։ Այդ պատճառով հաջողության հասած ուսանողների պատմությունները կարող են կարևոր օրինակ դառնալ դպրոցականների և ապագա ուսանողների համար։
Դեռ դպրոցական տարիներից Վարդուհին հստակ պատկերացրել է, որ իր ուղին կապված է լինելու հենց այս ոլորտների հետ։ Դպրոցական տարիների հաջողություններն ու ուսուցիչների աջակցությունը միայն ամրապնդել են այդ ընտրությունը։ Ինչպես ինքն է նշում, ուսուցիչները ոչ միայն նկատել են իր ունակությունները, այլև խրախուսել են խորանալ բնագիտական առարկաների ուղղությամբ՝ ձևավորելով վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Թեև այդ ոլորտներում հաճախ նկատելի է տղամարդկանց թվային գերակշռությունը, Վարդուհի Գալստյանի փորձառությունը ցույց է տալիս, որ միջավայրի վերաբերմունքն ավելի կարևոր է, քան վիճակագրությունը։ Նա ընդգծում է, որ մշտապես գտնվել է առողջ և հավասարակշռված մտածողությամբ շրջապատում, որտեղ սեռային տարբերությունները երբեք չեն դարձել զարգացման խոչընդոտ։
«Թեև ուսման ընթացքում հաճախ տղաների քանակը գերակշռել է, սակայն դա որևէ կերպ չի ազդել ո՛չ միջավայրի որակի, ո՛չ էլ ինձ վրա։ Ընդհակառակը, ես միշտ զգացել եմ աջակցություն և հավասար վերաբերմունք։ Աջակցող մթնոլորտն ու հավասար վերաբերմունքն ինձ հնարավորություն են տվել ամբողջովին կենտրոնանալու ուսման, մասնագիտական աճի և սեփական ներուժը բացահայտելու վրա»,- ասում է ուսանողը, որը մասնակցում էր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում վերջերս կազմակերպված մարզային քննարկմանը։ Հանդես գալով որպես բանախոս՝ նա անդրադարձել է ոլորտում դժվարությունները հաղթահարելու, ինքնավստահություն ձևավորելու և մասնագիտական ընտրության հարցում համարձակ լինելու կարևորությանը։
Հանդիպում-քննարկումը կազմակերպվել էր «Գիտության ոլորտում կանանց և աղջիկների մասնակցության խթանում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի կողմից՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ հանուն համակարգային փոխակերպման» (FAST) և «Կանանց հզորացում՝ հանուն բարեկեցության» (WoW) ծրագրերի շրջանակում։
Խոսելով այսօր ԲՏՃՄ ոլորտներում աղջիկների հնարավորությունների մասին՝ նա նշում է, որ վերջին տարիներին նկատելի դրական փոփոխություններ են տեղի ունեցել։
«Սեռով պայմանավորված կարծրատիպերն ու խտրականության դրսևորումները զգալիորեն նվազել են, և դա կարևոր նախապայման է հավասար հնարավորությունների ձևավորման համար։ Այսօր առավելապես գնահատվում են գիտելիքը, մասնագիտական հմտություններն ու աշխատասիրությունը, ոչ թե սեռը, ինչն էլ բոլորին հնարավորություն է տալիս զարգանալու և հաջողության հասնելու իրենց ընտրած ոլորտում»,- ասում է ուսանողը և հավելում, որ նման հանդիպումները կարող են մեծ նշանակություն ունենալ դպրոցականների համար․ դրանք ոչ միայն ինքնավստահություն են սերմանում, այլև օգնում են ձևավորելու նպատակասլացություն։
«Երբ երիտասարդները տեսնում են իրական օրինակներ և լսում փորձառության մասին, ավելի հեշտությամբ են հավատում սեփական ուժերին և ավելի հստակ պատկերացնում իրենց ապագա ուղին»,- շեշտում է ԵՊՀ ուսանողը։
Ֆիզիկոսների և մաթեմատիկոսների ընտանիքում մեծանալով՝ նա վաղ տարիքից առնչվել է գիտական մտածողությանը, ինչը ժամանակի ընթացքում վերածվել է ֆիզիկայի և մաթեմատիկայի հանդեպ սիրո ու հետաքրքրության։ Այդ առարկաները նրա համար դարձել են ոչ միայն գիտելիքի աղբյուր, այլև աշխարհը հասկանալու, վերլուծելու և բացատրելու կարևոր գործիքներ։
Վարդուհու համոզմամբ՝ համալսարանը տալիս է կարևոր տեսական հիմք, իսկ գործնական հմտությունները ձևավորվում են նախագծերի վրա աշխատելու և իրական խնդիրներ լուծելու ընթացքում։
Ուսման ընթացքում նրա համար ամենամեծ մարտահրավերը բարդ խնդիրների լուծումն է եղել, սակայն հենց դրանք են դարձել առաջ շարժվելու հիմնական խթանը։ Վարդուհու խոսքով՝ դժվար լուծվող խնդիրները ստիպում են մտածել խորությամբ, փորձել տարբեր մոտեցումներ և ի վերջո գտնել լուծում։
Ապագայում Վարդուհին ցանկանում է աշխատել ծրագրավորման ոլորտում, ինչպես նաև աշակերտների և ուսանողների հետ՝ փոխանցելով իր գիտելիքներն ու փորձը։ Նրա համար կարևոր է, որ ստացած կրթությունը կիրառվի և՛ մասնավոր ոլորտում, և՛ կրթական միջավայրում։
Իսկ այն դպրոցականներին, որոնք դեռ կասկածում են՝ ընտրե՞լ գիտությունը, թե՞՝ ոչ, նա խորհուրդ է տալիս առաջնորդվել սիրով ու նվիրվածությամբ․ եթե պատրաստ են ներդնելու ժամանակ ու ջանք, գիտությունը կարող է դառնալ ոչ միայն մասնագիտություն, այլև ինքնադրսևորման հարթակ։
Ինչպես Վարդուհին է ձևակերպում՝ գիտության ոլորտում աղջիկը հետաքրքրասիրությամբ, համառությամբ և ստեղծարարությամբ առաջնորդվող անհատ է, որն իր ներդրումն է ունենում գիտական առաջընթացում։