- Գլխավոր
- Նորություններ
- Չինաստանից, Իրանից և Պորտուգալիայից դեպի ԵՊՀ. օտարերկրյա ուսանողներն ավարտեցին նախապատրաստական դասընթացները
Հունիս 08, 2026 | 16:00
Կրթություն
Ուսանողական
Չինաստանից, Իրանից և Պորտուգալիայից դեպի ԵՊՀ. օտարերկրյա ուսանողներն ավարտեցին նախապատրաստական դասընթացները
Օտարերկրյա հինգ ուսանողներ այսօր ավարտեցին ԵՊՀ նախապատրաստական դասընթացները․ նրանք արդեն շփվում են հայերենով, պատմում իրենց տպավորությունների մասին և վստահությամբ պատրաստվում շարունակելու կրթությունը Երևանի պետական համալսարանում։ Ութ ամիս առաջ հայերենը նրանց համար անծանոթ լեզու էր, Հայաստանը՝ նոր երկիր, իսկ համալսարանական միջավայրը՝ դեռևս բացահայտման ենթակա աշխարհ։ Սակայն այս ժամանակամիջոցում նրանք ոչ միայն յուրացրին հայոց լեզուն, այլև ծանոթացան հայկական մշակույթին, պատմությանն ու ավանդույթներին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ, ընկերներ և փորձառություն։
Այս ամիսների ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու ստացած տպավորություններն ուսանողները հայերենով ներկայացրին ամփոփիչ միջոցառման ընթացքում։ Նրանք նշեցին, որ թեև ուրախ են դասընթացները հաջող ավարտելու համար, սակայն տխուր են, քանի որ այլևս չեն մասնակցելու ամենօրյա դասերին և չեն հանդիպելու միմյանց նույն հաճախականությամբ։
«Մենք շատ սիրեցինք հայերենը, որը դարձավ մեր բոլորի երկրորդ մայրենի լեզուն»,- նշում են նրանք՝ արտասանելով հայ բանաստեղծների ստեղծագործություններից հատվածներ և ընդգծելով, որ հայերենը իրենց համար դարձել է ոչ միայն հաղորդակցման միջոց, այլև ճանապարհ դեպի հայկական մշակույթ և ինքնություն։
Հաջորդ փուլում ուսանողները Երևանի պետական համալսարանում շարունակելու են իրենց կրթությունը տարբեր մասնագիտություններով։ Նրանք ընտրել են կենսաբանության և մաթեմատիկայի, հայագիտություն և ժուռնալիստիկայի ուղղությունները։
Պորտուգալիայից ժամանած Տոմաշ Գամեյրա Վիսենտե Դուշ Սանտուշ Ֆերեյրան պատրաստվում է իր գիտական ճանապարհը շարունակել ԵՊՀ ասպիրանտուրայում՝ «Հայագիտություն» կրթական ծրագրում։ Նա նշում է, որ ցանկանում է ավելի խորացնել իր գիտելիքները հայոց լեզվի և մշակույթի ուսումնասիրության ոլորտում։
Ուսանողը ասում է, որ շարունակելու է զարգացնել լեզվական հմտությունները։ Բացի դրանից՝ նա մատնանշում է, որ Հայաստանում ավելի լավ է զգում իրեն, քան Պորտուգալիայում՝ ընդգծելով մարդկանց բարյացակամությունն ու հյուրընկալությունը, և հավելում, որ այստեղ ապրելը շատ հարմար է։ Սկզբում նա ծրագրել էր ուսումնառությունից հետո վերադառնալ հայրենիք, սակայն այժմ ցանկանում է մնալ Հայաստանում և այստեղ կառուցել իր հետագա կրթական ուղին։
Ֆարնազ Էթեբարի Թելգերդին պատմում է, որ լեզուն յուրացրել է ամենօրյա գործնական կիրառության միջոցով՝ փորձելով հայերեն խոսել, գրել և շփվել ամեն օր։ Նրա խոսքով՝ սովորելու ընթացքում ամենադժվարը բառապաշարի յուրացումն էր, սակայն ժամանակի ընթացքում կարողացել է հաղթահարել դժվարությունները։ Ֆարնազը նշում է, որ ընտրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, քանի որ հետաքրքրված է մանրէաբանությամբ, լաբորատոր աշխատանքներով և հիվանդությունների ու առողջության ուսումնասիրությամբ։ Նա արդեն բակալավրի կրթություն է ստացել Իրանի Մաշհադ քաղաքում, սակայն ցանկանում է շարունակել ուսումը նույն ոլորտում, բայց արդեն Հայաստանում։ Նա ընդգծեց, որ ԵՊՀ-ն է ընտրել լավ լաբորատորիաների և բարձրակարգ դասախոսների համար, իսկ Հայաստանը նրան դուր է գալիս և դարձել է գրավիչ ու հարազատ միջավայր իր համար։
Ուսանողները շեշտեցին դասախոսների և համալսարանի աշխատակիցների ջերմ վերաբերմունքը, հոգատարությունն ու աջակցությունը՝ ընդգծելով, որ այստեղ իրենց շրջապատել են բարությունն ու հյուրընկալությունը։
Միջոցառմանը ներկա էր և ծրագրին հետևում էր ուսանողների՝ նախապատրաստական դասընթացների հայոց լեզվի դասախոս Սիմոն Պետրոսյանը, որն այս ամիսների ընթացքում համբերատարությամբ աշխատել է ուսանողների հետ՝ նրանց քայլ առ քայլ առաջնորդելով դեպի հայոց լեզու։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախապատրաստական դասընթացների բաժնի վարիչ Լիլիթ Գասպարյանը նշեց, որ օտարերկրյա հինգ ուսանողները, որոնք հոկտեմբերի 1-ից սկսել են սովորել հայերեն, այսօր արդեն կարողանում են հայերենով ներկայացնել, թե ինչ են սովորել մեկ տարվա ընթացքում։ Նա ընդգծեց, որ դա մեծապես պայմանավորված է դասախոսների ներդրած ջանքերով։ Նրա խոսքով՝ ուսանողները ջանասիրաբար աշխատել են, որ պատշաճ կերպով ներկայանան այսօրվա միջոցառմանը և ներկայացնեն իրենց ձեռքբերումները։
«Ծրագրի շրջանակում օտարերկրյա ուսանողները տարեկան շուրջ 360 ժամ հայերեն են ուսումնասիրում, սակայն հաջորդ տարվանից ժամաքանակը կավելացվի մինչև 480 ժամ՝ հնարավորություն տալով ավելի մեծ տեղ հատկացնելու նաև մշակութային բաղադրիչին։ Ներկայում մշակութային ծրագրերի համար ժամանակը սահմանափակ է, թեև դրանք ուսանողների ինտեգրման կարևոր մասն են, ուստի մենք նպատակ ունենք ընդլայնելու այդ ուղղությունը»,– նշեց Լիլիթ Գասպարյանը։
Միջոցառման ավարտին օտարերկրյա ուսանողները հայկական տարազներով պարեցին «Թամզարա» պարը։
Միջոցառմանը ներկա էին նաև նախորդ տարի ԵՊՀ նախապատրաստական դասընթացներն ավարտած օտարերկրյա ուսանողները, որոնք ջերմությամբ ու ոգևորությամբ քաջալերում էին իրենց կրտսեր ընկերներին՝ կիսվելով սեփական փորձով և աջակցելով նրանց նոր փուլում։
Նշենք, որ նախապատրաստական դասընթացների նպատակն է հայերենին չտիրապետող քաղաքացիներին աջակցել լեզվական հմտությունների զարգացման, ինչպես նաև մասնագիտական առարկաների նախնական գիտելիքների ձևավորման հարցում՝ ապահովելով նրանց հարմարվողականությունն ու պատրաստվածությունը ԵՊՀ ուսումնական գործընթացին:
















