- Գլխավոր
- Նորություններ
- Լիտվերենը՝ որպես կամուրջ դեպի միջազգային կրթական և մշակութային համագործակցություն
Հունիս 09, 2026 | 10:30
Գիտություն
Կրթություն
Հասարակություն
Լիտվերենը՝ որպես կամուրջ դեպի միջազգային կրթական և մշակութային համագործակցություն
Արդեն երկրորդ տարին է, ինչ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ համալսարանում անցկացվում են լիտվերենի դասընթացներ, որոնք միավորում են լիտվերենով և լիտվական մշակույթով հետաքրքրված ուսանողներին ու մասնագետներին՝ ձևավորելով կրթամշակութային նոր կամուրջներ Հայաստանի և Լիտվայի միջև։
ԵՊՀ-ում տեղի ունեցավ լիտվերենի դասընթացի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը։ Այս տարվա դասընթացին մասնակցել են ինչպես նոր ուսանողներ, այնպես էլ նախորդ տարվանից ուսումը շարունակողները։ Ծրագիրը միայն լեզվի ուսուցման նախաձեռնություն չէ․ այն վերածվել է մշակութային երկխոսության, ակադեմիական համագործակցության և միջազգային նոր հնարավորությունների հարթակի։
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, կարևորելով նախաձեռնության շարունակականությունը, նշեց, որ ծրագիրը նպաստում է հայ-լիտվական կապերի խորացմանը և ձևավորում նոր «մշակութային դեսպաններ», որոնք իրենց գործունեությամբ զարգացնում են երկու երկրների բարեկամական հարաբերությունները։
«Այս համագործակցությունը մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունի։ Լեզվի ուսուցման միջոցով ստեղծվում է մշակութային նոր միջավայր, որտեղ մասնակիցերը ոչ միայն սովորում են, այլև բացահայտում Լիտվան, նրա մտածողությունն ու արժեհամակարգը»,- ընդգծեց նա։
Լիտվերենի դասընթացավար Օլգա Այվազյանն ընդգծեց, որ ծրագրի հիմնական նպատակը հաղորդակցական լիտվերենի ուսուցումն է, սակայն դասընթացները սահմանափակված չեն միայն դրանով։
«Խոսքը միայն լեզվի մասին չէ․ մենք փորձում ենք հասկանալ նաև մշակույթն ու լեզվամտածողությունը։ Լիտվերենը հազվագյուտ լեզու է, և հենց դա էլ այն դարձնում է ավելի գրավիչ ու առանձնահատուկ»,- նշեց նա։
Օլգա Այվազյանի խոսքով՝ այս տարի ծրագրի շրջանակում ստեղծվել են նոր հնարավորություններ։ Լիտվայի Հանրապետության աջակցությամբ մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցելու Լիտվայում կազմակերպված կրթամշակութային ծրագրերին։ Երևանի պետական և Վիտաուտաս Մեծի համալսարանների (Կաունաս) համատեղ նախագծի արդյունքում Լիտվայի կրթության, գիտության և սպորտի նախարարությունը ֆինանսավորել է դասընթացավարի և հինգ ուսանողների այցը Լիտվա։
Ուսանողները հնարավորություն են ունեցել այցելելու պետական և ակադեմիական հաստատություններ, մասնակցելու մշակութային ու կրթական հանդիպումների, ինչպես նաև ներկայացնելու ձեռք բերած լեզվական հմտությունները։
Դասընթացի մասնակից Ստեփան Հակոբյանի համար լիտվերենի ուսումնասիրությունը նաև անձնական նշանակություն ունի։
«Մայրական կողմս Լիտվայից է, ուստի երկար տարիներ ցանկացել եմ սովորել լեզուն։ Դասընթացի շնորհիվ զգում եմ, որ արդեն ավելի ազատ եմ խոսում։ Լեզուն բավականին բարդ է, բայց, միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր։ Կուզենայի, որ ծրագիրը շարունակական լինի, որ կարողանամ ավելի ամրապնդել գիտելիքներս»,- նշեց նա։
Մասնակից Հայարփի Խաչատրյանի համար լիտվերենը մասնագիտական հետաքրքրությունից վերածվել է մշակութային խորքային ուսումնասիրության։ Նրա խոսքով՝ լիտվական գրականության հետ աշխատելիս լեզվի չիմացությունը սահմանափակում էր իրեն, իսկ ԵՊՀ-ում կազմակերպվող դասընթացների շնորհիվ հնարավոր դարձավ արդեն ինքնուրույն հասկանալ և ուսումնասիրել բնագրերը։
«Երբ այցելեցինք Վիտաուտաս Մեծի համալսարան, ամբողջությամբ զգացինք, թե որքան հարուստ և բազմաշերտ է լիտվական մշակույթը։ Այդ այցը մեզ համար ոչ միայն կրթական, այլև մշակութային մեծ փորձառություն էր»,- մատնանշեց նա։
Դասընթացի մասնակիցները համոզված են՝ լեզվի ուսումնասիրությունն առավել արդյունավետ է, երբ այն ուղեկցվում է մշակույթի, երաժշտության, գրականության ուսումնասիրությամբ և անմիջական շփումներով։ Այդ է պատճառը, որ ծրագրի շրջանակում կազմակերպվում են նաև համերգներ, մշակութային միջոցառումներ և հանդիպումներ։
ԵՊՀ-ում անցկացվող լիտվերենի դասընթացը այսօր արդեն կրթամշակութային կարևոր նախաձեռնություն է, որը ոչ միայն հնարավորություն է տալիս յուրացնելու յուրօրինակ լեզու, այլև խթանում է միջազգային համագործակցությունը, ակադեմիական շարժունությունն ու միջմշակութային հաղորդակցությունը։










