- Գլխավոր
- Նորություններ
- «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2021» ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Ապրիլ 29, 2021 | 14:55
      
  «ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ EXPO 2021» ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում այսօր ընթանում է «Կրթություն և կարիերա EXPO 2021» ցուցահանդեսի երկրորդ օրը, որտեղ առանձին տաղավարով ներկայանում է ԵՊՀ-ն:
 
Ցուցահանդեսի երկրորդ օրը ԵՊՀ տաղավարում ներկայացվեց Միջազգային հարաբերությունների, Իրավագիտության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետների,  Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և Մշակույթի կենտրոնի գործունեությունը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ  ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանողները նշեցին, որ արդեն իսկ հասցրել են շփվել բազմաթիվ աշակերտների և ուսանողների հետ՝ այցելուներին ներկայացնելով մագիստրոսական ծրագրի առանձնահատկությունները, աշխատաշուկայում ունեցած առավելությունները, ինչպես նաև ցուցադրելով ֆակուլտետի դասախոսական կազմի հեղինակած հրատարակումները:

ԵՊՀ մշակույթի կենտրոնը ներկայանում էր «Մշակույթը կոդավորված իմաստություն է» խորագրի ներքո:

Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Մշակույթը կոդավորված  իմաստություն է»  խորագիրը նաև իրենց գաղափարախոսությունն է, քանի որ այն աշխատանքը, որն անում է ԵՊՀ մշակույթի կենտրոնը, խթանում է առաջին հերթին ուսանողների մշակութային իմացության զարգացումը:

Ցուցահանդեսի Կոնֆերանս սրահում նախատեսվում է դասախոսություն «Որակյալ կրթություն և ուսանողակենտրոն միջավայր» խորագրով՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ն երեք օրերի ընթացքում մշտական ցուցադրությամբ տրամադրելու է բուհի մասին ընդհանուր և դիմորդներին անհրաժեշտ տեղեկատվություն, ինչպես նաև ցուցադրվելու է աշխարհի հնագույն՝ 5000-ամյա կաշվե կոշիկի կրկնօրինակը (ԵՊՀ պատմության թանգարան):
 
          