
Գրահրատարակչության ոլորտում ԵՊՀ հրատարակչությունն առաջնորդվում է այն համոզմամբ, որ ոլորտի յուրաքանչյուր օղակի զարգացումը հավասարապես կարևոր է՝ սկսած գրքի քննարկման, փորձաքննության աշխատանքներից մինչև խմբագրական-սրբագրական աշխատանքներ ու հրատարակում։ Գրահրատարակչության ոլորտի ծրագրերն իրականացնելու համար կարևորվում է ԵՊՀ գրահրատարակչական խորհրդի դերը, որը թույլ է տալիս ընդունել խորհրդակցական, մասնագիտական կարծիքի վրա հիմնված որոշումներ՝ խուսափելով միանձնյա որոշումներից։ Հաշվի է առնվում յուրաքանչյուր անդամի մասնագիտական կարծիքը՝ անաչառ ու թափանցիկ մթնոլորտ ստեղծելու նպատակով։
Գրահրատարակչության ոլորտում ԵՊՀ հրատարակչության ծրագրերը միտված են հետևյալ խնդիրների լուծմանը՝ հրատարակչական գործի զարգացում, ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ դասագրքերի ու ձեռնարկների հրատարակում, գրական արտադրանքի միջոցով գրական-մշակութային ժառանգության պահպանում, զարգացում, տարածում ու հանրահռչակում, հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման ու զարգացման համար պայմանների ստեղծում, գրատարածման բնագավառում միջազգային համագործակցության համար նպաստավոր պայմանների ստեղծում: ԵՊՀ հրատարակչության հեռանկարային նպատակն է խթանել նշանակալի, մնայուն ու հանրօգուտ աշխատանքների ստեղծումը, ինչն էլ իր հերթին կնպաստի գիտության զարգացմանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զարգացմանը։
ԵՊՀ հրատարակչությունն իր կայքէջում տեղադրում է հրատարակած աշխատանքները՝ նպատակ ունենալով բավարարել ուսանողների, գիտնականների, առհասարակ հանրության ընթերցողական պահանջը արդի և պահանջված ուսումնական ու գիտական գրականությամբ, միևնույն ժամանակ խրախուսելով մասնագիտական, քննադատական ու հոբելյանական գրականության հրատարակումը։
ԵՊՀ հրատարակչության գերխնդիրներից է նաև հայաստանյան գրահրատարակչական շուկայում հեղինակային ու հարակից իրավունքի հարցերին առնչվող խնդիրների լուծումը, ինչը միտված է հեղինակ-հրատարակիչ-ընթերցող համագործակցությունը բացառապես օրինական դաշտ տեղափոխելուն:
Գրահրատարակչական քաղաքականությունը ներառում է գիտական և ուսումնական հրատարակությունների ընդհանուր չափորոշիչներ, որոնք կօժանդակեն հեղինակներին հստակորեն սահմանազատելու հրատարակվող աշխատության տեսակը՝ հստակեցնելով համապատասխան աշխատությանը ներկայացվող չափորոշչային ընդունված պահանջները:
Գրահրատարակչական քաղաքականությունը առաջադրում է հրատարակվող աշխատանքների կառուցվածքին ներկայացվող պահանջներ, հղումներ անելու, հրատարակման երաշխավորության կարգեր, հեղինակային իրավունքների պաշտպանության, հրատարակչական էթիկայի պահպանման դրույթներ:
ԵՊՀ հրատարակչությունը հրատարակում է բացառապես կարևոր, կիրառական նշանակություն ունեցող արդիական աշխատություններ, որոնք հաստատվում են ԵՊՀ գրահրատարակչական խորհրդի կողմից:
ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ