 
        Ս․թ․ դեկտեմբերի 4-ին ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնում կկայանա սեմինար-քննարկում՝ «Պրոյեկտիվ թեստերի կիրառումը փորձարարական հետազոտություններում» թեմայով։
Սեմինարի նպատակն է ներկայացնել պրոյեկտիվ մեթոդների կիրառման առանձնահատկությունները ժամանակակից փորձարարական հոգեբանական հետազոտությունների շրջանակում, քննարկել դրանց տեսական հիմքերն ու գործնական նշանակությունը։ Քննարկման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու մի շարք կիրառական մեթոդների, փորձարարական օրինակների ու արդյունքների մեկնաբանման մոտեցումների, ինչպես նաև կընտրվեն այն թեստերը, որոնք առավել հաճախ են օգտագործվում հետազոտությունների անցկացման գործընթացում։ Քննարկման վերջնանպատակն է ստեղծել պրոյեկտիվ թեստերի հայերեն ժողովածու, որը կկիրառվի ուսանողների և գործող մասնագետների կողմից որպես հետազոտական օժանդակ գործիք։
Պրոյեկտիվ մեթոդների ժողովածուն կլինի որպես շարունակություն «Հոգեբանական գնահատման գործիքակազմ» ուսումնական ձեռնարկի, որը լույս է տեսել 2024 թ․։ Ձեռնարկում հայերենով ներկայացվում է հոգեբանական գնահատման գործիքակազմի լայն շրջանակ, որը Երևանի պետական համալսարանի ընդհանուր հոգեբանության ամբիոնի և Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների երկարամյա գիտահետազոտական գործունեության արդյունքն է: Հավաքածուն ներառում է հոգեբանական թեստերի, հարցարանների և մեթոդիկաների կիրառման մանրամասն նկարագրությունը և այն տեխնիկաները, որոնք անցել են տեղայնացման գործընթացի համար պահանջվող ընթացակարգերը:
Սեմինարը նախատեսված է հոգեբանության ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների և դասախոսների, ինչպես նաև հոգեբանական գիտական հետազոտությամբ հետաքրքրվող մասնագետների համար:
 
          