ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի և քիմիայի գիտահետազոտական կենտրոնները կազմակերպեցին տարեկան միջֆակուլտետային գիտաժողով, որը համախմբեց գիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու ոլորտային նորարարությունները և հետազոտական ձեռքբերումները։
Ապրիլի 30-ին տեղի ունեցած գիտաժողովի ընթացքում գիտական լաբորատորիաների ղեկավարները, դասախոսները, ասպիրանտները և գիտաշխատողները ներկայացրին իրենց ուսումնասիրությունների արդյունքները՝ ընդգծելով դեղագործության և քիմիայի ոլորտում կատարվող առաջատար հետազոտությունները։ Զեկույցները ներառում էին կատալիտիկ մեխանիզմների, բժշկակենսաբանական սկրինինգի մեթոդների, օրգանակատալիզատորների, ինչպես նաև նոր մոդիֆիկացված մետաղակոմպլեքսների վերաբերյալ վերջին զարգացումները (գիտաժողովի օրակարգը)։
Մասնակիցները քննարկեցին նաև դեղերի կայունության, որակի վերահսկման և անվտանգ օգտագործման վերաբերյալ հետազոտությունների ուղղությունները՝ ներկայացնելով փորձագիտական դիտարկումներ ոլորտի խնդիրների ու դրանց լուծման մեխանիզմների մասին։ Գիտաժողովն ապահովեց մասնագիտական համագործակցության ամրապնդում, նպաստեց նոր հետազոտական գաղափարների ձևավորմանը և ստեղծեց հնարավորություն հետագա գիտական նախագծերի զարգացման համար։
Միջոցառման եզրափակիչ հատվածում մասնագետներն ամփոփեցին գիտաժողովի արդյունքները՝ նշելով, որ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն գիտության զարգացման և ոլորտային հետազոտությունների արդյունավետության բարձրացման գործում։